Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԸՆԿԵՐՆ ԻՄ ԹՈՌՆ Է»

Մարտ 06,1999 00:00
Levon Ter-Petrosyan

ՀՀՇ 11-րդ համագումարին ներկա էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը պատասխանեց «Ազատություն ռ/կ-ի, «Ա1+»-ի եւ «Առավոտի» հարցերին։ Տեքստում կա նաեւ «Ազգ» թերթի հարցերից մեկի պատասխանը։

«Առավոտի» հարցերը

-Պարոն Տեր-Պետրոսյան, կվերադառնա՞ք ակտիվ քաղաքականություն։

-Երբ վերադառնամ՝ կիմանաք։

-Իսկ ե՞րբ եք մտադիր վերադառնալ։

-Քաղաքականություն թաքուն չեն վերադառնում։

-Վազգեն Սարգսյանը թվարկեց իր ընկերների շրջանակը՝ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, Վանոն, Բաբիկը… Դուք ձեզ հիմա իրենց ընկերը համարո՞ւմ եք՝ նկատի ունեմ իշխանության հայտնի ուժերը։

-Գաղտնիք կա՞, որ բոլորն իմ ընկերներն են եղել՝ եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Վազգեն Սարգսյանը, եւ Վազգեն Մանուկյանը, եւ Աշոտ Մանուչարյանը, եւ Համբարձում Գալստյանը, եւ Վանո Սիրադեղյանը՝ բոլորն էլ իմ ընկերներն են եղել։ Այդտեղ ի՞նչ գաղտնիք կա։

-Իսկ հիմա ովքե՞ր են ձեր ընկերները։

-Հիմա իմ թոռն է իմ ընկերը։

-Իսկ ընտրություններում ուժերի ինչպիսի՞ հարաբերակցություն եք կանխատեսում։

-Չգիտեմ։

-Դուք կհամաձայնե՞ք գլխավորել ՀՀՇ-ն։

-Ոչ։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ համաձայն չեմ։

-Կարծիք կա, որ երկու գլուխ նույն ամանում չի եփվում։ Տվյալ դեպքում խոսքը Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Ձեր կարծիքով, դա նրանց վրա տարածվո՞ւմ է։

-Նրանք իրար հետ այսօր աշխատում են։ Երբ որ չաշխատեն, ուրեմն՝ ճիշտ կլինեք, որ չեփվեցին։ Առայժմ եփվում են։

-Մամուլին հետեւո՞ւմ եք։

-Ինչ-որ չափով հետեւում եմ։ «Ա1+»-ի լուրերն եմ դիտում։

-Իսկ ի՞նչ գեղարվեստական գրականություն եք նախընտրում։

-Հիմա գեղարվեստական գրականություն չեմ կարդում։ Հիմա ավելի շատ սոցիալական հոգեբանություն, պատմություն, ամերիկյան քաղաքագիտություն եմ կարդում։

-Կարեն Դեմիրճյանի վերադարձին քաղաքականություն, ինչպե՞ս եք վերաբերվում։

-Լավ։

Երկու բառ Դեմիրճյանի մասին

-Կարծում եք ամբողջապե՞ս է վերադարձել։

-Վերադարձն էլ ինչպե՞ս է լինում։ Վերադարձել է, ընտրությունների է մասնակցել, հիմա հաջորդ ընտրություններին է մասնակցելու։

-Ձեզ վիրավորական չի թվում, որ այն մարդը, որին սուլոցներով դիմավորեց Ազատության հրապարակը, այսօր վերադառնում է, իսկ ՀՀՇ-ի վարկանիշն ընկնում է։

-Գիտեք ինչ, վարկանիշները միշտ պետք է ընկնեն-բարձրանան, քաղաքականությունը ճոճանակ է՝ այսօր մեր վարկանիշն է ընկած, վաղը մյուսներինը կընկնի՝ մերը կբարձրանա։ Ի՞նչ է եղել։

ՀՀՇ-ն մնացող է, ՀՅԴ-ն անցողիկ

-Հնարավոր համարո՞ւմ եք ՀՀՇ հեռացումը քաղաքական ասպարեզից։

-Եթե ՀՀՇ-ն չմնա, ո՞վ է մնալու։

-Դաշնակցությունը։

– Դաշնակցությունը եղել է՝ տեսել ենք, եղել-գնացել է, հիմա հետ է եկել, էլի կգնա, ի՞նչ է եղել։

-Ձեր վերաբերմունքը ՀՅԴ նկատմամբ չե՞ք փոխել։

-Իսկ ի՞նչ էր իմ վերաբերմունքը ՀՅԴ-ի նկատմամբ։

-Այն, որ փակեցիք Դաշնակցությունը։

-Ես Դաշնակցությունը չեմ փակել, դատարանն է փակել։ Ես ժամանակավորապես եմ փակել։ Այո, ես դրանով կանխեցի տեռորը։ 94-ից մինչեւ 98 թիվը Հայաստանում տեռոր չի եղել։ Դուք պետք է արձանագրեք դա։

-Մենք դա արձանագրում ենք։

-Արձանագրե՞լ եք։ Խնդրում եմ, մի հատ էլ շեշտեք, որ 94 թվին տեռորը կանխելու համար, այո, շատ լուրջ վտանգ կար, ես կասեցրի ՀՅԴ-ն՝ մինչեւ դատարանի վճիռը։ Եվ դա միանգամայն արդարացվեց՝ մինչեւ 98 թվականը Հայաստանում տեռորիստական որեւէ ակտ տեղի չի ունեցել։ Դուք դրա համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեք։

-Դուք այդպե՞ս եք կարծում։

-Ես չեմ կարծում։ Ես փաստն եմ արձանագրում։

-Իսկ նոր կուսակցություն ստեղծելու մտադրություն չունե՞ք։

-Ոչ։

-Չե՞ք էլ մտածել դրա մասին, որ ՀՀՇ-ից հրաժարվեք եւ նոր կուսակցություն ստեղծեք։

-Իսկ ինչո՞ւ պետք է հրաժարվեմ ՀՀՇ-ից։ Ենթադրենք այդպես է՝ ո՞ւր պիտի գնամ, ո՞րն է ՀՀՇ-ից ավելի լավը։

-Ժողովրդի մեջ տեսակետ կա, որ դուք այդ վիճակում չպետք է թողնեիք, որ գային ավելի ահավորները եւ ինչ-որ փորձարկումներ անեին։

-Շատ շնորհակալ եմ այդ լավ խոսքերի համար։

Ղարաբաղում բան չի փոխվել

-Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշումը չի փոխվե՞լ։

-Ոչ։

-Բայց դուք վատ բաներ էիք կանխատեսում, սակայն այս մեկ տարվա ընթացքում դրանք չեղան։

-Ես ժամանակներ չեմ նշել եւ չեմ էլ կանխատեսել ոչ մի բան։ Եթե դուք իմ հայտարարությունը լավ եք հիշում, այնտեղ ոչ մի կանխատեսում չկար։

-Բայց քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ակնհայտորեն փոխվել է։

-Իսկ ի՞նչ է փոխվել։ Ղարաբաղում կար մի վիճակ, այսօր էլ նույն վիճակն է։ Հա՞րցն է լուծվել, աշխարհի որեւէ պետություն ճանաչե՞լ է Ղարաբաղը, միացել է Հայաստանի՞ն։

-Այն է փոխվել, որ դուք կողմ էիք մի տարբերակի, հիմա այլ տարբերակ է առաջարկվում։

-Հազար տարբերակ կարող է լինել։ Այս տարբերակը կա, կլինեն նաեւ ուրիշ տարբերակներ։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ Ղարաբաղի հարցը լուծվե՞լ է, թե՞ ոչ։ Ես գիտեի լուծման ճանապարհը եւ լուծում էի։ Ես ձեզ կարող եմ վստահաբար ասել՝ այն լուծումը, որ կար, որքան ուշացնենք, դրա կեսը չենք ստանալու։ Այն, ինչ մենք ունեինք 97-ին, ես ասում եմ եւ դուք կհամոզվեք՝ դրա կեսը չեն ստանալու, եւ որքան ուշ լինի լուծումը, այնքան քիչ են ստանալու։

-Եվ այդ գիտակցմամբ հանդերձ՝ չեք ուզում վերադառնալ քաղաքականություն։

-Կարծում եմ, որ միակ գիտակից մարդը ես չեմ Հայաստանում։ Ինձնից շատ ավելի գիտակից մարդիկ կան։ Եվ վստահ եմ, որ դուք ձեզ ավելի գիտակից եք համարում, քան ինձ։ Այնպես որ, ես այդքան մեծամիտ մարդ չեմ։ Իմ խոսքը ոչինչ չի փոխի։

-Դուք ասում էիք, որ պետք է աշխատեք Էջմիածնում։

-Կարող է աշխատեմ, ի՞նչ է եղել։ Հիմա հանգստանում եմ։ Էջմիածնում էլ կարող է աշխատեմ, Մատենադարանում էլ։ Ես Մատենադարանի աշխատակից եմ։ Այնտեղ կես դրույք միշտ ունեցել եմ, նույնիսկ՝ նախագահ եղած ժամանակ։

-Այս սպանությունները, ձեր կարծիքով, ե՞րբ կավարտվեն։

-Չգիտեմ։

-Բայց դուք դա նոր կապում էիք Դաշնակցության հետ։ Արդյո՞ք նորից պետք չէ Դաշնակցությունը փակել։

-Հիմա ի՞նչ առիթ կա Դաշնակցությունը փակելու։ Այն ժամանակ տեռորով էր զբաղվում՝ փակվեց։ Եթե հիմա էլ են տեռորով զբաղվում, էլի պետք է փակել։ Եթե զբաղվում են՝ իհարկե, ես չգիտեմ։

-Դուք միշտ ասում էիք, որ լավ չենք ապրելու։

-Հիմա լա՞վ եք ապրում։ Էս մեկ տարում ավելի լավ սկսեցիք ապրե՞լ։ Ես, համենայնդեպս, «Ա1+» հեռուստատեսությամբ ժողովրդի ներկայացուցիչներից ում լսում եմ՝ դժգոհ է։

-Ժողովուրդը միշտ էլ պետք է դժգոհ լինի։

-Եթե ասում եք, որ այս մեկ տարում կյանքը լավացել է, ես ուրախ եմ եւ շնորհավորում եմ ե՛ւ ձեզ, ե՛ւ ներկա իշխանություններին։ Եթե ես հեռացել եմ, եւ դրանից հետո ժողովրդի կյանքը լավացել է, ուրեմն ես շատ գոհ պետք է լինեմ դրա համար։

-Իսկ դուք ինչո՞ւ հեռացաք։

-Որպեսզի ավելի վատը տեղի չունենար։ Եթե չհեռանայի, ավելի վատ կլիներ։

-Իսկ Ռոբերտ Քոչարյանին ինչո՞ւ բերեցիք։

-Ես ժամանակին դա բացատրել եմ։

Դեսից-դենից

-Ձեր տղան այստե՞ղ է, թե՞ Հայաստանում չէ։

-Հիմա ի՞նչ է, ուզում եք գաղտնիքներ բացեմ։

-Բայց դրանում ի՞նչ գաղտնիք կա։

-Իմ մասին էլ են ասում, որ ես այստեղ չեմ, չէ՞։ Իմ տղային կարող եք ամեն օր հանդիպել։ Նա վերջին երեք տարում ոչ մի օր չի բացակայել Հայաստանից։

-Բայց մի ժամանակ նա Ամերիկայում էր։

-Ամերիկայում նա երբեք չի եղել։

-Բայց ես նրա նկարը տեսել եմ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթում։

-Նա այցելել է իմ ազգականին 15 օրով՝ Րաֆֆի Ուրբալյանին։ Մենք երկու քրոջ թոռներ ենք։

-Կապեր ունե՞ք արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ։

-Ինչպե՞ս կարող եմ հիմա կապեր ունենալ պետությունների ղեկավարների հետ։ Հրաժարականից հետո ստացել եմ մի քանի նամակ։ Ժակ Շիրակն է զանգահարել, Քլինթոնը, Պրիմակովը, Չուբայսը, Կոնստանտինեսկուն են նամակներ ուղարկել։ Հիմա բոլորին չեմ հիշում։

Ես մենակյաց չեմ

-Վազգեն Սարգսյանին հանդիպո՞ւմ եք։

-Ոչ։

-Իսկ նրա թվարկած մարդկանցից որեւէ մեկի՞ն։

-Վանոն, որ այստեղ էր, միշտ հանդիպում էի։ Արարքցյանի, Ալեքսանդր Արզումանյանի հետ ամեն շաբաթ եմ հանդիպում։

-Հույս ունե՞ք, որ ՀՀՇ-ն 5%-ի շեմը կհաղթահարի։

-Չգիտեմ, չեմ կարող ասել։

-Ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀՇ-ի ղեկավարի դիրքում։

-Ում ընտրի վարչությունը։

-ՀՀՇ-ն սխալներ արե՞լ է։

-Արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ դեմոկրատական հասարակարգում ինքնաքննադատությունն ավելորդ բան է։ Գիշեր-ցերեկ դուք խոսել եք մեր սխալների մասին։ Հիմա ուզում եք, որ ե՞ս էլ խոսեմ։

-Սերժ Սարգսյանն ասում է, որ ոչ մի կերպ չի կարողանում գտնել Վանո Սիրադեղյանին։ Դուք նրան հավատո՞ւմ եք։

-Նախարարը պետք է կատարի իր պարտականությունները։

-Դուք ինչո՞ւ չեք շփվում հասարակության հետ։

-Ես հիմա ազատ մարդ եմ եւ օգտվում եմ բոլոր այն իրավունքներից, որոնցից անգամ դուք չեք օգտվում, քանի դեռ ազատ չեք։

-Իսկ ինչո՞ւ եք մենակյացությունը նախընտրում։

-Ես ասացի՝ ազատությունն ինձ համար ամենամեծ բարիքն է, որից 8-10 տարի զրկված էի։ Ինչպես ասում են՝ հասարակական ֆիգուր եմ եղել։

-Արտասահմանից որեւէ հրավեր ստացե՞լ եք։

-Տասնյակ հրավերներ, որոնցից ոչ մեկին չեմ արձագանքել։

-Իսկ ե՞րբ սպասենք ձեր մենակյացության ավարտին։

-Ես մենակյաց չեմ, դուք սխալվում եք։ Ամեն օր ինձ մոտ մարդիկ են լինում։ Հանդիպում ենք՝ զրուցում ենք։

-Եթե Ռոբերտ Քոչարյանը ձեզ զրույցի հրավեր աներ, կգնայի՞ք։

-Գիտեք, իմ օրակարգում եթեներ գոյություն չունեն։

-Ղարաբաղից հրավեր չե՞ք ստացել։

-Ստացել եմ։ Շուշիի եկեղեցու բացմանը Պարգեւ սրբազանն ինձ հրավիրել էր։ Նա իմ ուսանողն է եղել՝ նրա դիպլոմի ղեկավարն եմ։

Վանոյի գործ

-Վանո Սիրադեղյանը մեկնելուց առաջ ասաց, որ Սերժ Սարգսյանը հաջորդ անգամ ԱԺ է դիմելու, որպեսզի ձեզ ենթարկի պատասխանատվության։

-Կդիմի՝ կենթարկի, չի դիմի՝ չի ենթարկի, ես ի՞նչ կարող եմ ասել։

-Բայց, ի՞նչ եք կարծում, կդիմի՞, թե՞ չէ։

-Իրեն հարցրեք։ Դիմողն ինքն է լինելու չէ՞։

-Իսկ ի՞նչ կասեիք գլխավոր դատախազի միջնորդությունների մասին։

-Դա Վանոյի դեմ չէր։ Դա մեր երկրի վարկի դեմ էր։ Չի կարելի այդպիսի գործ հարուցել։

-Այսինքն, դուք կարծում եք, որ Վանո Սիրադեղյանը լիովին անմեղ է։

-Ես ուրիշ բան եմ ասել։ Այն հիմնավորումը, որ դատախազը ներկայացրել է՝ խեղկատակություն է։ Եթե բերեր լուրջ հիմնավորում՝ ոչ ոք ոչինչ չէր կարող ասել։

-Այսինքն՝ չեք բացառում, որ ի վերջո պարզվի՝ Վանո Սիրադեղյանն, այնուամենայնիվ, հանցանք կատարել է։

-Չեմ բացառում այն հնարավորությունը, որ դուք էլ ինչ-որ հանցանք կատարել եք։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031