Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս դեպի համագումար

Մարտ 06,1999 00:00
hamagumar

Առջեւում խորհրդարանական ընտրություններ են, ու մենք ստիպված ենք ընթերցողներին «ձանձրացնել» անցկացվող բազմաթիվ համագումարների մասին հրապարակումներով։ Հայաստանում ինչն է շատ, հասարակական կազմակերպությունները, ու բոլորն էլ, պարզվում է, որոշել են այս ընտրություններին լրջորեն նախապատրաստվել։

Իսկ որպես դրա առաջին քայլ՝ համագումար անցկացնելն է։ Մի այդպիսի համագումար էլ մարտի 5-ին գումարեց «Կաիսա» Հայկական սոցիալիստական կոնգրես հասարակական-քաղաքական կազմակերպությունը։ Սա էլ մյուսներից գրեթե ոչնչով չտարբերվեց. նույն ստանդարտ ձեւը. նախորդ ու ներկա իշխանությունների քննադատություն, կործանված տնտեսությամբ Հայաստանի նկարագիր։ Ի տարբերություն ընդդիմադիր այլ ուժերի՝ սոցիալիստներն իրենց համագումարներում (եւ ոչ միայն) գովերգում են սոցիալիզմի առավելություններն ու արժանիքները։

«Գիտելիք» ընկերության դահլիճում հավաքելով մի քանի տարեցիների, Հայկական բաց համալսարանի, ինչպես ընդունված է ասել, պրոֆեսորա-դասախոսական կազմին ու ուսանողությանը, համագումար էր անում Հայկական բաց համալսարանի ռեկտոր, «Կաիսիա» կոնգրեսի նախագահության նախագահ Լ. Քալաշյանը։ Համագումարի հիմնական զեկուցող, կոնգրեսի նախագահության նախագահի տեղակալ, գլխավոր քարտուղար Գ. Ասատրյանը ներկայացրեց սոցիալիզմով անցած հայ ժողովրդի «փառապանծ» ուղին։ Նա շեշտեց, որ վերջին շրջանում հայ ժողովրդի մոտ շեշտակի շրջադարձ է նկատվում դեպի սոցիալիզմ։ Այս միտքը պարոն Ասատրյանը հիմնավորեց այն փաստով, որ վերջերս իրենց կուսակցությանն են անդամագրվել 75 հոգի։ Իբրեւ կոնգրեսի հիմնական գաղափարախոսություն, նշվեց եղբայրությունն ու համագործակցությունը ռուս ժողովրդի հետ։

Ի դեպ, այդ համագործակցության մասին կոնգրեսի ծրագրում հստակ ասված է. «Կոնգրեսը հանդես է գալիս ընդդեմ ազգային էգոիզմի ու բացառիկության, էթնիկական ու կրոնական ֆանատիզմի, անհանդուրժողականության ու էքստրեմիզմի ամեն տեսակ դրսեւորումների՝ հանուն ազգերի ու ժողովուրդների ազատ ու իրավահավասար փոխհարաբերությունների ու բազմակողմանի համագործակցության»։ Երկար-բարակ քննադատելով ներկա հասարակարգի թերություններն ու գովաբանելով սոցիալիզմը՝ պարոն Ասատրյանը վերջապես հասավ համագումարի հիմնական նպատակին. «Մենք պետք է լրջորեն մասնակցենք Ազգային ժողովի ընտրություններին»։

Մինչ այդ, իհարկե, պարոն Ասատրյանը չմոռացավ ասել, որ իրենց նպատակներին հասնելու համար հարկավոր են պետական, իշխանական լծակները։ Նշենք, որ կոնգրեսը պատրաստվում է ընտրություններին մասնակցել ե՛ւ մեծամասնական, եւ համամասնական ցուցակներով։ Ընտրություններին կոնգրեսը կգնա հստակ մշակված, ծավալուն պլատֆորմով, որը հասկանալի կլինի հասարակական լայն զանգվածներին։ Համագումարի ընթացքում ելույթ ունեցողները պնդեցին, որ սոցիալիզմի ուղին միակն է, որը «հայ ժողովրդին կհանի թշվառությունից ու այլանդակությունից» ու աններելի համարեցին հանրապետության հրապարակից արվեստի ամենամեծ նվաճում համարվող պատվանդանը հանելը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Թերեւս սոցիալիստական կոնգրեսի համագումարն ամբողջական չլիներ, եթե դահլիճում չհայտնվեր Աշոտ Մանուչարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031