Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՉԷ

Մարտ 06,1999 00:00
HHsh hamagumar

Մարտի 5-ին աշխատանքը սկսած ՀՀՇ համագումարն ամենից բուռն ծափահարեց Աշոտ Բլեյանի ելույթի ժամանակ, բայց ոչ թե վերջինիս արտահայտած մտքերն անվերապահորեն ընդունելու պատճառով, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ նրա խոսքի ընթացքում ՀՀՇ 11-րդ համագումարի դահլիճ մտավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ասենք, որ համագումարի ելույթներում շեշտադրումներն այնքան էլ շատ չէին։ Բաբկեն Արարքցյանը խոսեց քաղաքացիական հասարակության ատրիբուտիկայի եւ Հայաստանում դրանց լիակատար բացակայության մասին։ Վիգեն Խաչատրյանը կարեւորեց ընտրությունները բոյկոտելու գաղափարը եւ հանդես եկավ միավորվելու անհրաժեշտությունը գիտակցելու կոչով։

Շատ ավելի մանրամասն այս թեմաներին անդրադարձավ Դավիթ Շահնազարյանը, որը քննադատություն ուղղեց հիմնական զեկուցմամբ հանդես եկած Արարատ Զուրաբյանի հասցեին, ասելով, թե տպավորություն է ստացել, որ համագումարի խնդիրն ընդամենը վարչություն ընտրելն է։

Նա եւս խոսեց աջ գաղափարախոսությամբ ուժերի միավորման եւ ընտրությունները միասնաբար բոյկոտելու անհրաժեշտության մասին։ Նրա ելույթի, եւ ոչ միայն դրա վերաբերյալ «Առավոտին» պարզաբանումներ է տալիս ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանը։

– Ճի՞շտ է, որ Վանո Սիրադեղյանը Փարիզից նամակ է ուղարկել, պարոն Զուրաբյան։

– Պարոն Սիրադեղյանը Փարիզ չի մեկնել։

– Իսկ որտե՞ղ է նա հիմա։

– Դուբայում։

– Իսկ ճի՞շտ է, որ նա նամակ է ուղարկել։

– Նամա՞կ։ Մի քանի նամակ։

– Որ համաձայն է առաջադրվել պատգամավորության թեկնածո՞ւ։

– Այո, այո, այո։ Այո։

– Դա նշանակո՞ւմ է, որ նա դեռ երկար ժամանակ կբացակայի հանրապետությունից։

– Ո՛չ, չի նշանակում, բայց պետք է հաշվի առնել մի հանգամանք. խորհրդարանն ընդունել է ընտրական օրենսգիրքը։ Այնտեղ կա որոշակի ժամանակացույց, պարոն Սիրադեղյանը բուժումների կուրս է անցնում, եւ հնարավոր է, որ մի քանի օր ուշանա։ Այդ պատճառով է, որ նա իր համաձայնագիրն է ուղարկել։

– Իսկ ե՞րբ եք հնարավոր համարում նրա վերադարձը։

– Երբ որ լավանա, երբ որ բուժվի։

– Իսկ դա մոտավորապես ի՞նչ ժամկետներում եք նախատեսում։

– Հարցը տվեք իրեն բուժող բժիշկներին։

– Իսկ դուք ճանապարհածախսը կհոգա՞ք։

– Պաշտոնապես դիմեք, կարող է պատասխան լինել։

– Համարեք, որ պաշտոնապես արդեն դիմեցի։ Հիմա այլ հարց. դուք ընդունո՞ւմ եք համագումարում հնչած այն տեսակետները, թե աջ ուժերը պետք է միավորվեն։

– Այն աջ ուժերը, որոնք խոսում էին ինչ-որ միավորման մասին, բոլորը միասին ունեն այնքան անդամ, որքան ՀՀՇ-ի «Կենտրոն» կազմակերպությունը։ Եվ եթե նրանք բոլորը միանան ու դիմեն «Կենտրոն» կազմակերպությանը միանալու համար, այն ժամանակ նման միացումը հնարավոր կհամարեմ։ Բնականաբար, ընդունում եմ նաեւ որոշակի համագործակցության հնարավորությունն առանձին հարցերի շուրջ։

– Դավիթ Շահնազարյանը քննադատություն ուղղեց ձեր հասցեին այն հիմքով, որ քաղաքական ներկա իրավիճակին ընդհանրապես գնահատական չտվեցիք ձեր ելույթում։

– Դավիթ Շահնազարյանը ՀՀՇ անդամ չէ։ Կարծում եմ՝ կոռեկտ չէ օգտագործել ՀՀՇ ամբիոնը եւ ներկուսակցական հարցերի քննարկման ժամանակ դրսից որոշակի քննադատությամբ հանդես գալ։ Ես ինձ նման բան թույլ չէի տա Դավիթ Շահնազարյանի կուսակցության ժողովում։ Կարծում եմ, որ նրա մոտ համագումար չի էլ կարող լինել։ Ինչեւիցե, դա նորմալ եմ համարում. մեր հասարակության մեջ այդօրինակ պահվածքը շատ ընդունված է։ Չեմ դատապարտում։ Մի բան էլ ասեմ՝ բազմիցս խոսվեց Խաչատուր Բեզիրջյանի մասին. չգիտեմ, թե նա ինչ է արել, բայց ձեզ՝ լրագրողներիդ, խորհուրդ կտայի, Դավիթ Շահնազարյանին էլ հարցնել, թե ինքը ոնց է ընտրվել։

– Ո՞նց է ընտրվել։

– Իմ ունեցած տեղեկություններով՝ այնքան էլ հեշտ չի ընտրվել։

– Հեշտ չընտրվելը դեռեւս ոչինչ չի նշանակում։

– Այդ պատճառով էլ խնդրեցի հարցն իրեն ուղղել։

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ՀՀՇ-ի առաջիկա անելիքը։

– Մասնակցել բոլոր տիպի ընտրություններին եւ քաղաքական գործընթացներին։

– Այսինքն՝ ՀՀՇ-ն չպե՞տք է բոյկոտի խորհրդարանական ընտրությունները։

– Համոզված եմ, աշխարհում չկա, այսպես ասենք, որեւէ լիբերալ կազմակերպություն, որը բոյկոտում է ընտրությունները։ Դա ձախ գործելակերպ է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031