Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏՆ» ԷԼ «ТАКИЕ ВОПРОСЫ ЗАДАЕТ»

Մարտ 06,1999 00:00
lragrox

Պահպանողականների միջազգային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Հանրապետական կուսակցության «երաշխավորագրով» հանդիպեցին հանրապետության լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ։ Հենց սկզբից ասեմ, որ ասուլիսը հավակնություն ուներ ձանձրալի դառնալու, քանի որ բոլոր լրագրողների բոլոր հարցերին մի տեսակ միագույն ու անգույն պատասխաններ էին տրվում։ «Առավոտը» փորձեց մի փոքր աշխուժացնել պատմական պահը եւ ոչ ավել ոչ պակաս երկու հարց տվեց։

Նախ, արդյո՞ք հյուրերի այցելությունը տարածաշրջանային չէ (այսինքն նրանք արդեն հանդիպե՞լ են կամ դեռ պիտի հանդիպե՞ն Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ պահպանողականների հետ)։

Երկրորդ՝ «Արմենիկումի» հայտնագործումը որքանո՞վ է կապվում հյուրերի այցելության հետ եւ նրանք ի՞նչ կարծիքի են այդ հայտնագործման մասին։ Այ, հենց այստեղ էր, որ զտարյուն եվրոպացի պահպանողական երիտասարդներն իրար անցան եւ կարծես թե չհասկացան, թե ինչո՞ւ է երկրորդ հարցն իրենց տրվում։ Հյուրերը բարեխղճորեն պատասխանեցին առաջին հարցին եւ բարեխղճորեն մոռացան երկրորդը։ «Առավոտին» մնում է ենթադրել, թե երիտասարդ պահպանողականները անհարմար են զգում նման «փիս-փիս» թեմաներով խոսել։

Իսկ հանդիպումը, հյուրերի ասելով, տարածաշրջանային չէր, պարզապես, Հայաստանը միջազգային երիտասարդ պահպանողականների հետ շփումներում հետ է մնացել Վրաստանից ու Ադրբեջանից։ Մեր բարեկամները եկել էին այդ բացը փակելու նպատակով։ Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, իրենց ասելով, ինֆորմացված էին եւ, այ քեզ հրաշք, գտել էին հանգուցալուծման բանալին։ Իսկ բանալին շատ խորը թաքնված չէ, պարզապես հարկավոր է, որ երկու երկրների (հավանաբար Արցախն ու Ադրբեջանը նկատի ունեին) երիտասարդ ուժերը միավորվեն, եւ վերջնական լուծմանը կհասնեն ավելի արագ եւ ավելի հեշտ։

Երիտասարդ պահպանողականները պահպանողական էին նաեւ այլ պատասխաններում։ Նրանք չափ ու ձեւի շրջանակից դուրս չեկան հատկապես այն պահին, երբ հայտարարվեց, թե Հայաստանում զարգանում է ժողովրդավարությունը եւ իրենք այստեղ են այն ավելի բուռն զարգացնելու համար։ Տեղացի (այսինքն՝ ազգությամբ հայ) պահպանողականների հետ եվրոպացի պահպանողականները դեռ չեն հանդիպել, քանի որ հանրապետականները, նրանց կարծիքով, իրենց ավելի են գաղափարակից (այսինքն, ավելի պահպանողակա՞ն)։ Այս հարցը չտվեցինք՝ այն պարզապես հռետորական է։

Ձախ կենտրոնաձիգ եւ աջ կենտրոնաձիգ կուսակցությունների ու նրանց հետ հանդիպել-չհանդիպելու թեման եւս ծանր ու թեթեւ արվեց, գրեթե շվեյկյան ոգով։ Ի վերջո պարզեցինք ամենակարեւորը՝ Պարույր Հայրիկյանին պահպանողականներն արդեն տեսել են։

Իսկ ավելի լուրջ ասենք, որ մեր (ավելի ճիշտ՝ հանրապետական կուսակցության) հյուրերը եվրոպացու պես բարեկիրթ էին եւ չթաքցրին, որ եկել էին Մարգրեթ Թետչերի եւ Ռոնալդ Ռեյգանի գաղափարները մեր մեջ տարածելու եւ Հայաստանը դրանցում ներգրավելու համար։

Լրագրողների մի խումբ ասուլիսի ամբողջ ընթացքում հայկական գարեջուր էր խմում, հարցեր տալիս եւ այդպիսով «ջիջիլ» գցում հյուրերին։ Հույս ունենք, որ գոնե հանդիպումից հետո, հայկական հյուրասիրության ավանդույթներին հավատարիմ, երիտասարդ պահպանողականները Հանրապետական կուսակցության կողմից կհյուրասիրվեն եւ մի պահ կմոռանան իրենց կուսակցական պատկանելությունը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031