Ժամանակին բավական աղմուկ հանեց «Արաքս-94» ընկերությունը, որը ծխախոտ եւ խմիչք էր ներկրում եւ որի աշխատանքները համակարգում էր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Գագիկ Սաֆարյանը։ «Առավոտին» հայտնի դարձավ, որ այժմ «Արաքս-94-ը» մի քանի այլ կազմակերպությունների է բաժանվել՝ «Արգիշտի», «Դելտա», «Ռեւ», «Գրադ», որոնք էլի շարունակում են նույն գործի՝ խմիչքների եւ ծխախոտի ներկրումը։
ՀԵՏՈՂՈՐՄՅԱ՞
«Հայկական ավիաուղիների» վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ Խոսրով Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ տրանսպորտի նախարարն անպայման պիտի չեղյալ համարի այն կառուցվածքային փոփոխությունները, որոնց հետեւանքով առավել եկամտաբեր 2 ձեռնարկություններն անջատվել էին ՀԱՈՒ-ից։ «Առավոտը» փորձեց պարզել Երվանդ Զաքարյանի վերաբերմունքը ԱԺ նախագահի այս առաջարկի նկատմամբ. «Ես ընդհանրապես դեմ եմ բոլոր հապշտապ լուծումներին, այդ թվում նաեւ տվյալ որոշումը «հետողորմյա» անելուն։ Այժմ լուրջ ուսումնասիրություններ են արվում եւ, դրանցից հետո պարզ կլինի՝ եթե հարկ լինի որոշումը վերանայել, ապա պատրաստ եմ կառավարություն մտնել այդ հարցով»։
Կարդացեք նաև
ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀԱՐՑ ՉԿԱ
Ինչպես է լուծվելու Վանո Սիրադեղյանի՝ ՀՀՇ վարչության անդամ դառնալու հարցը, երբ նա որեւէ ստորագրությամբ իր համաձայնությունը չի տվել։ Այս հարցին ՀՀՇ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու Բաբկեն Արարքցյանը պատասխանեց, թե չկա որեւէ խնդիր՝ Սիրադեղյանը կարող է ընտրվել եւ եթե չուզենա լինել վարչության կազմում, կարող է իրեն այդ մարմնից դուրս հայտարարել։
ԱՄ-ՆԵՐԻ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ
Ըստ երեւույթին, Հրազդանի շրջանում մրցակցության մեջ կմտնեն երկու ԱՄ-ները։ Այդ ի՞նչ է, կհարցնեք դուք։ Նրանք ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Մանուկյանն («Երկրապահ») ու Արմեն Մարտիրոսյանն են («Բարեփոխումներ»)։