«Ես հայտարարություն եմ անում. ես խոսում եմ այն ժամանակ, երբ ինքս եմ ուզում։ Ես հիմա ձեզ նման ազատ մարդ եմ, եւ դուք իմ իրավունքները պետք է հարգեք»,- հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի խուսափի լրագրողներից։ Այնուամենայնիվ, ավելի ուշ նա պատասխանեց լրագրողների հարցերին, իսկ մինչ այդ «Առավոտին» ասել էր, որ լավ է գնահատում Հայաստանի ներկա իրավիճակը։
Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում։
ԽՆԱՄԻԱԿԱՆ ԹԻԿՈՒՆՔ
Կարդացեք նաև
Վանաձորյան աղբյուրները վկայում են, թե հակառակ տարածված կարծիքի, Ճաճոյանց Էդոն (ԱԺ պատգամավոր Էդիկ Մարտիրոսյանը) չի առաջադրվելու պատգամավորության թեկնածու։ Նա զորակցելու է Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Արամ Քոչարյանին, որը նաեւ Հանրապետական կուսակցության մարզային կազմակերպության փոխնախագահն է։ Բայց ամենակարեւորն այն է, որ Արամ Քոչարյանն ու Ճաճոյանց Էդոն խնամիներ են։
AND FOR HIM
ՀՀՇ համագումարում հայտարարվեց, որ մարդիկ պետք է իրենց համաձայնության ստորագրությունը տան, որպեսզի առաջադրվեն ՀՀՇ վարչության անդամության թեկնածու։ Վանո Սիրադեղյանի փոխարեն ստորագրում էր Արարատ Զուրաբյանը, սովորաբար, գրելով and for him՝ այսինքն՝ նաեւ նրա փոխարեն։ Առաջադրվողների ցուցակներում կար նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, սակայն նա որեւէ թերթիկի վրա համաձայնության իր ստորագրությունը չդրեց։
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՌՅԱԿԸ
Ըստ վանաձորյան աղբյուրների, քաղաքի եւ ընդհանրապես Լոռվա մարզի ընտրատարածքները բաժանվել են «հանուն համերաշխության» սկզբունքով։ Առանձին ընտրատարածքներում անցողիկ մեծ շանսեր ունեն Վիկտոր Դալլաքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Դավիթ Լոքյանը եւ Արտաշես Թումանյանը։