Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՒՄ ՀՀ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մարտ 04,1999 00:00
kinematografia

Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ։ Մեր դիմումը թելադրված է հայ կինոյի ներկայի եւ ապագայի, մեր բոլորի ընդհանուր ապագայի նկատմամբ խորին անհանգստությամբ։

Նոր դարի շեմին հայ կինեմատոգրաֆը ծանր նյութական, գաղափարական ճգնաժամի մեջ է հայտնվել։ Ակնհայտ է կինոարտադրանքի քանակական եւ որակական աննախադեպ անկումը, սերունդների միջեւ աճող ճեղքվածքը, ստեղծագործական կապերի խզումը։ Փլուզման եզրին է Միության նյութական եւ տեխնիկական բազան։ Անհամեմատելիորեն վատթարացել է միության անդամների, կինոյի վետերանների սոցիալական վիճակը։ Դա մեծապես կապված է երկրում վերջին տասնամյակի տնտեսական ճգնաժամի եւ քաղաքական ցնցումների հետ, երբ պետությունն ըստ էության հրաժարվեց ազգային մշակույթի համար պատասխանատվությունից։ Սակայն բոլոր օբյեկտիվ դժվարություններով հանդերձ, մենք ինքներս ենք պատասխանատու ստեղծված իրադրության համար։

1996 թ. Կինեմատոգրաֆիստների միության ընդհանուր ժողովից ի վեր՝ չի մշակվել ճգնաժամից ելքի գործողությունների ծրագիր, չեն հրապարակվել միության ֆինանսական, տնտեսական գործունեության հաշվետվություններ, գրեթե չի գրանցվել նոր, երիտասարդ անդամների ներհոսք, փաստորեն, չի իրականացվել ԱՊՀ եւ արտասահմանյան կինոմիավորումների եւ գործընկերների հետ որեւէ համագործակցություն։ Վերջին տարիներին հայաստանյան որոշ ֆիլմերի՝ միջազգային փառատոներում գրանցած առանձին հաջողությունները վկայում են մեր կինոյի պահպանված ստեղծագործական պոտենցիալի մասին, սակայն միաժամանակ դրանք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համակարգված աշխատանքով չամրապնդված, գրեթե պատահական, մեկանգամյա բնույթի երեւույթներ են։ Կինոյի տունը կասկածելի պայմաններով տասնամյակների ժամկետով վարձակալության է տրվում մաս առ մաս, ինչը զրկում է հայ կինոգործիչներին վերջին ապաստանից եւ իրենց միասնության խորհրդանիշից։ Անհեռատես մասնակցությունը քաղաքական խաղարկումներին վարկաբեկեց ոչ միայն միության ղեկավարությանը, այլեւ ողջ կազմակերպությունը։

ԱՊՀ կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայում եւ Հայաստանի ԿՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ապացուցում են, որ մենք հայ կինոն ճգնաժամից հանելու հնարավորություն ստեղծող այդ կարեւորագույն պրոցեսներից եւ բարեփոխումներից կրկին դուրս մղվելու վտանգի առջեւ ենք։

Մենք կոչ ենք անում ԿՄ բոլոր անդամներին եւ ղեկավարությանը՝ այդ հարցերի քննարկման համար անհապաղ հրավիրել եւ անցկացնել միության արտահերթ համագումար։ Հայ կինոյի ապագան հիմա մեր ողջամտությունից եւ բարի կամքից է կախված։

Աշոտ Ադամյան, Սուրեն Բաբայան, Վարդան Բադալյան, Աննա Դրոժենկո, Ռուբեն Երզնկյան, Հարություն Խաչատրյան, Տիգրան Խզմալյան, Վահագն Հակոբյան, Յուրի Հարությունյան, Հովիկ Հախվերդյան, Գենադի Մելքոնյան, Հայկուշ Ներսեսյան, Վիգեն Չալդրանյան, Միքայել Պողոսյան, Կարեն Ջանիբեկյան, Դավիթ Սաֆարյան, Արմեն Վաթյան, Հովիկ Վանյան

Երեւան, 03.03.99 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031