Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտ 04,1999 00:00
axb

80-ականների սկզբին Երեւանում աղբի խնդիրն արդեն շատ էր լրջացել։ Քաղաքի արվարձաններից մեկում այն այրելը համարվում էր վայրենություն։ Այդպես էլ կար, մերձակայքի թաղամասերը ստիպված էին լինում ապրել անընդմեջ գարշահոտի պայմաններում։

Եւ որոշվեց, որ Երեւանը պետք է ունենա ժամանակակից աղբավերամշակման գործարան, որտեղ թափոնները ոչ թե պարզապես ոչնչացվելու են, այլ մշակվելու են երկրորդական շրջանառության համար։ Եվ սկսվեց շինարարություն։ Տարածքը հարմար էր ընտրվել, Նուբարաշենի ձորը, որտեղից գարշահոտը քաղաք չէր հասնի, չնայած, հոտ չպետք է լիներ։ Անհաջող էր, սակայն, գրունտը, որի վրա շինարարությունն, այնուամենայնիվ, ծավալվեց։ Ուռչող գրունտ կոչվածը, որը, խոնավության աստիճանից կախված, ծավալի փոփոխություն է կրում (անձրեւից սկսում է ուռչել, չորանալիս վերադառնում «ելման կետ»), շինարարության արդեն առաջին տարում բնավորություն ցուցադրեց. կառուցված շինությունները սկսեցին բարձրանալ, բետոնե հզոր հիմքերում երեւացին առաջին ճաքերը։ Դա պատվիրատուին այնքան էլ չանհանգստացրեց, գումարներն արդեն հատկացված էին, սարքավորումները Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից գալիս էին, մնում էր ժամկետի մեջ տեղավորվել։

Ընդհանուր առմամբ, պետք է կառուցվեր 18 մասնաշենք, որից 15-ը լրիվ կամ կիսատ կառուցված էին 1988թ. դեկտեմբերի 7-ին։ Սպիտակի երկրաշարժը ստիպեց դադարեցնել այս շինարարությունը։ Պարզվեց, որ շինությունները երկրաշարժադիմացկուն չեն, հաշվարկված են 7 բալ ցնցման համար։

Բնականաբար, եղած շինարարական տեխնիկան արագ դուրս բերվեց եւ ուղարկվեց աղետի գոտի։ Նուբարաշենի ձորում աշխատանքը կանգ առավ, եւ արդեն 11 տարի այդ օբյեկտի մասին ոչ ոք չի խոսում։ Մի քանի օր առաջ, լինելով այնտեղ, հայտնաբերեցինք հետեւյալ անմխիթար պատկերը։ Օբյեկտի գրեթե բոլոր շինությունները թալանված ու ավերված են, հսկայական քանակով շինանյութ է դուրս բերվել։ Դեպի շինությունները տանող ճանապարհները բանուկ էին, ակնհայտ էր, որ դրանցից շարունակում են օգտվել, եւ բավական հաճախ։ Ճանապարհը տանում է դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղ, որը վերջին տասնամյակում գրեթե կրկնակի մեծացել է։ Հավանաբար, անմասն չեն մնացել նաեւ նուբարաշենցիները, չէ՞ որ ձրի շինանյութ ոչ միշտ է ոտքի տակ թափված լինում։

Մասնաշենքերից մեկը հիմնահատակ ավերվել է, մյուսներից հանել են այն ամենն, ինչ հնարավոր է եղել։ Ակնհայտ է, որ օգտագործվել է մեծ քանակով շինարարական տեխնիկա, այլապես մի քանի տոննանոց բետոնե պատերը չէին կարող ապամոնտաժել։ Ամենից արագ թալանել են տուֆե պարիսպը՝ մոտ 2800 մետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ, երկշարք։ Կարող եք ինքներդ հաշվել, սակայն չտանջելու համար միանգամից ասեմ՝ դա կազմում է մոտ 250 հազար հատ քար։ Գինը կարող եք պարզել Երեւանյան լճի մոտակայքում։ Մնացածի արժեքի մասին պատմությունը լռում է, չնայած, ե՛ւ վկաներ, ե՛ւ փաստաթղթեր կան։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ հետքեր գտնել։

ՏԵՂԵԿԱՆՔ։ Գործարանի պատվիրատուն է եղել Երքաղխորհուրդը, շինարարությունը իրականացրել է «Երքիմշին» տրեստի թ. 25 շինվարչությունը։

11 տարի անց մեզ այնուամենայնիվ հետաքրքրեց, թե ինչպիսին է առ այսօր բարեհաջող թալանվող գործարանի ճակատագիրը։ Բնականաբար, դիմեցինք ներկայիս քաղաքապետարանի պատասխանատուներին եւ տրեստի ղեկավարությանը։ Քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Սարգսյանը տեղեկացրեց, որ աղբավերամշակման գործարանի, ինչպես բազմաթիվ կառույցների, շինարարությունն ընդհատվել է ֆինանսավորման հնարավորություն չունենալու պատճառով։ Գործարանի կառուցումը շարունակելն իմաստ չուներ, թեպետ համալիրի մի քանի շենքերն արդեն գրեթե կառուցված էին, իսկ հողային աշխատանքները, ինչպես ասացին քաղաքապետարանում, կատարված էին 100%-ով։

Նայելով ավերված գործարանի մասնաշենքերին՝ կարելի է ենթադրել, թե ինչ պայմաններում է թալանվել գործարանը. մի պատից գեղեցիկ, կոկիկ, երեւի հանգիստ խղճով են հանել քարերը, մյուսից՝ ասես կրծած-տարած լինեն։ Գործարանի սարքավորումները, որոնք դեռ բերված էլ չէին, չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Որոշված է նախկին գործարանը, որի ընդհանուր տարածքը 10513 քմ է կազմում, աճուրդի դնել։ Ենթադրվում է անասնաբուծական մի համալիրի կամ ռազմական աշխատանքների համար նախատեսված կառույցների տալ այս տարածքը։ Ինչպես հայտնի է, այժմ մեր քաղաքի աղբը տարվում է այս կիսակառույց գործարանից ոչ շատ հեռու գտնվող մի հողատարածք։ Իսկ թե ի՞նչ է արվում այնտեղ հետո՝ վիճելի հարց է։ Ինձ թվաց, թե աղբն այնտեղ այրվում է, քանի որ Սովետաշենում մշուշ էր։ Բայց հնարավոր է, որ դա հալյուցինացի էր կամ էլ եղանակն էր մռայլ, քանի որ քաղաքապետարանում ասացին, որ աղբը չի այրվում՝ թաղվում է։

Իսկ ծո՞ւխը։ Երեւի, մի բան էր պատահել։ Չնայած, ուշադիր մարդը կամ այդ կողմերով հաճախ գնացող-եկողները կարող են պնդել, որ աղբանոցում շուրջտարին ծուխ է բարձրանում։ Չփորձեցի հերքել, որովհետեւ, իրենց ասելով, մեր աղբը քաղաքապետարանի հսկողության տակ է գտնվում։ Մանավանդ, որ քաղաքապետարանում նկատել են, որ «բոմժ» կոչեցյալները մեծ քանակներով այնտեղ են արածում։ Քաղաքապետարանը հետեւում է, որ նման բան այնտեղ չլինի։ Թե որքանո՞վ է դա հաջողվում՝ նույնպես կարելի է վիճել։ Քաղաքապետարանը մտածել է աղբավերամշակման նոր գործարան կառուցելու մասին։ Նույնիսկ՝ երկու անգամ։ Այդ հիմնախնդիրը քննարկվել է Ճապոնիայի եւ Գերմանիայի հետ։ Միայն թե այս գործարքը պետք է երկկողմ շահավետ լինի, եւ առաջին քայլերը արտասահմանյան գործընկերոջ կողմից պետք է արվեն (թանկացնո՞ւմ ենք մեզ)։ Միայն թե՝ ինչպե՞ս, երկկողմ շահավետ վերամշակված աղբն արտասահմա՞ն ենք ուղարկելու։

«Երքիմշին» տրեստի, որը եւ զբաղվել է գործարանի շինարարությամբ, կառավարիչ Նշան Հարությունյանը հայտնեց, որ 1988-ից, երբ դադարեցվեց շինարարությունը, նա ոչ մի տեղեկություն չունի գործարանի ճակատագրից։

Իսկ Նուբարաշենի ճանապարհին գտնվող քաղաքային աղբանոցը շարունակում է գարշահոտ ծուխ արձակել ու ապականել շրջապատը։ Երեւանին այսօր ակնհայտորեն անհրաժեշտ է ունենալ աղբավերամշակման ժամանակակից գործարան, սակայն երկրիս տնտեսական վիճակը առայժմ թույլ չի տալիս։ Ե՞րբ թույլ կտա։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Ո. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031