Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը հային բարեկամ է, իսկ կարծեցյալ ճշմարտությունը ավելի՞ն է…

Մարտ 04,1999 00:00
hay

Լեւոն Մկրտչյան-Քյուխանցը «Առավոտի» 19.02.99 թ. համարում («Տեղանունների պատմական արժեքները») ինձ հասցրել է մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել. հային՝ համեմատել է թուրքի հետ։ Իմ մի հոդվածում (4.09.98 թ. «Հայաստանի Հանրապետութիւն») ես առաջարկել եմ Ղարաբաղ անվանման իմ ստուգաբանությունը. պատմական որոշակի ժամանակաշրջանում Հայքի Արցախ ու Ուտիք նահանգները կոչվեցին Ղարաբաղ, որը ես ստուգաբանում եմ Կարա+բագ= կարեւոր մաս։ Անվանման պատճառը այն էր, որ նրանք Հայքի կարեւոր մասն էին արեւելքից եկող թուրք հորդաների դեմն առնելու տեսակետից։ Ընդդիմախոսս գրում է, որ իմ հոդվածի մեջ բերված փաստերին իրենք «քաջ ծանոթ են ադրբեջանական աղբյուրներից»։ Մի՞թե ադրբեջանցիներն էլ են փորձում ապացուցել Ղարաբաղ անվան հայերեն ծագում ունենալը… Ես, իհարկե, լուրջ չեմ ընդունում այս ամենը։ Սակայն այն խորհելու առիթ է տալիս։

Ժամանակին «հանուն գիտական ճշմարտության» մեթոդի կողմնակից հայ գիտնականները պնդում էին, որ հայերենը իրանական խմբին պատկանող լեզու է։ Պետք եղավ այլազգի՝ գերմանացի Հ. Հյուբշմանը, որպեսզի պարզվի, որ հայերենը հնդեվրոպական լեզուների ինքնուրույն ճյուղ է։ 1897 թ. «Հանուն գիտական ճշմարտության» մեթոդի կողմնակից Ղ. Հովնանյանը գրեց, որ Վարդան Այգեկցուն վերագրվող առակները թարգմանություն են արաբերենից։ Պետք եղավ այլազգի՝ շոտլանդավրացի Ն. Մառի հեղինակությունը, որպեսզի ընդունվի, որ արաբական թարգմանությունն է սերված հայերենից եւ ոչ հակառակը։

Դեռ 1-2 տասնամյակ առաջ «հանուն գիտության» մարտնչող հայ գիտնականները հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակության մեջ սեւով սպիտակի վրա գրեցին, որ հայերը տեղացիներ չեն, այլ բալկանցի եկվորներ են (Ռ. Իշխանյանի դիպուկ դիտողությամբ «Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը այդպիսով կատարեց թուրքական կառավարության պատվերը (ավելացնենք՝ Հայաստանի փողերով), որը մարդ է ման գալիս, որն ասի, թե հայերը տեղացի չեն)»։ Պետք եղավ այլազգիների՝ վրացի Գամկրելիձեի եւ ռուս Իվանովի միջամտությունը, որպեսզի պարզվի, որ Հայաստանը ոչ միայն հայերի, այլ համայն հնդեվրոպացիների հայրենիքն է։ 1882 թ. անգլիացի մեծ գիտնական, խալդալոգիայի հայր Ա. Սեյսը ապացուցեց, որ Արա անունը բնիկ հայկական է։

1976 թ. հայ ակադեմիկոս Գ. Ջահուկյանը գրում է, որ «Արան փոքրասիական դիցանուն է»։ «Հանուն գիտական ճշմարտության» նա պարզել է, որ սխալ է մեկ այլ հայ ակադեմիկոս՝ Գր. Ղափանցյանը, որը կարծում է, թե հայ առաջին թագակիր արքա Պարույր Սկայորդու մականունը սակ ցեղանունից է (իմա՝ հայոց առաջին արքան սակ է), քանի որ ըստ իրեն՝ Սկայորդի անվան ծագումը թրակյան սկայ ցեղանունից է (իմա՝ Պարույրը թրակիացի է)։ Խոշորագույն ակադեմիկոսների կողմից արհամարհված «ժողովրդական ստուգաբանությունը», այստեղ՝ ոչ հիվանդ դատողությունը, ասում է, որ Պարույր Սկայորդի=Պարույր Հսկայորդի, քանզի սկայը հայերեն հսկա բառի գրաբարյան հնչելաձեւն է (ըստ Աճառյանի՝ «հ» հնչյունով հզորացված)։

Հայ ակադեմիկոսները շարունակում են պնդել, որ հայոց դիցարանի աստվածների անունները փոխառություններ են, Վահագն Վիշապաքաղի անուն-մականունից մեկը մենք փոխառել ենք իրանցիներից, մյուսը՝ հնդիկներից, հայոց ամսանունները՝ բաբելոնացիներից, իրանցիներից, անգամ՝ վրացիներից։ Վրաց գիտնականներն ասում են. «Վրաստանը մ. թ. ա. երրորդ հազարամյակում», իսկ հայ գիտնականը՝ «Հայկական լեռնաշխարհը մ.թ. ա. երրորդ հազարամյակում», խուսափելով «Հայաստան» բառից, հանկարծ մեկը մի բան չմտածի՞… Սպասում ենք այլազգի գիտնականների՞…

«Ոչ ճշգրիտ գիտություններում», որոնցից է եւ պատմությունը, ամեն ինչ կախված է դիտարկման անկյունից։ Տեսականորեն կարո՞ղ ենք մենք արդյոք միանշանակ դատել անցած պատմության փաստերի մասին, եթե որպես չեզոք դիտորդ եղած փաստերի հիման վրա վստահ չենք կարող ասել, թե այսօր, հենց հիմա Ղարաբաղը ի՞նչ ստատուս ունի։ Համաձայն Ադրբեջանի՝ այն լոկ սովորական շրջան է Ադրբեջանի կազմում, համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի որոշման՝ Հայաստանի մասն է, համաձայն Ղարաբաղի՝ անկախ պետություն է։ Ինչի՞ համար եմ այս ամենն ասում։ Մարդկային տրամաբանական համակարգի համար բացարձակ ճշմարտություն գոյություն չունի։ Հակառակ՝ «հանուն գիտական սրբազան ճշմարտության» մեթոդը միայն մի ամուր հենակետ ունի՝ ի դեմս Հայաստանի։ Լոկ այստեղ է, որ գիտնականն ամաչում է այն գիտական ճշմարտությունից, որը մեծարում է իր ազգը, լոկ այստեղ է, որ փողոցում հայ-այլազգի վեճի ժամանակ անցորդ հայերը, առանց խորանալու, անպայման կանցնեն այլազգու կողմը։

ԳԱԳԻԿ ՓԽՐԻԿ-ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031