Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱՀԵԼՆԵՐԸ ՀԻՄԱ ԹԵՐԹ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ»

Մարտ 04,1999 00:00
terter

Ընթերցասերի համբավը հպարտորեն շալակած ազգիս, իհարկե, ոչինչ չի կարող խանգարել՝ հագեցնել իր կարդալու ծարավը։ Թերթերի պահանջարկը երբեք չթուլացավ. դրա վկայությունը մշտապես ավելացող տեսականին է։ Սակայն անգամ նման առատ ընտրանու դեպքում առանձնանում են 3-4 թերթ, որոնց պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը։

Ամենեւին նպատակ չունենալով Երեւանի մամուլի ակումբի «հացին վայիս լինել» եւ մոնիտորինգ անցկացնել՝ քառակուսի սանտիմետրերով չափելով այս կամ այն թեմային եւ անձին վերաբերող հոդվածների թղթային մակերեսը, փորձեցինք մինի հարցումներով պարզել, թե մեր համաքաղաքացիներն ի՞նչ թերթեր են նախընտրում։

Տեղեկանք– Հարցմանը մասնակցում էին Հայաստանի ազգային ռադիոյի շրջակայքով անցնող տարբեր սեռի եւ տարիքի 76 մարդ (վերջին 24-ին մոտենալու համար նյարդերս չբավականացրին), ՀԱՌ գրադարանից օգտվողներն ու աշխատակիցները, թիվ 27, 40, 100, 118 թերթի կրպակների աշխատակիցները։

Հարցումների արդյունքում պարզվեց, որ օրաթերթերի մեջ ամենամեծ պահանջարկն ունի «Առավոտը» (չէինք էլ կասկածում – Մ. Բ.)։ Հարցման մասնակից բոլոր թերթավաճառներն այս հարցում միակարծիք էին, նեղսրտում էին միայն այն փաստից, որ պարտադրված «անվերադարձ» վաճառքի պայմաններում պահանջարկից քիչ թերթ են վերցնում, որպեսզի 100% վաճառք ապահովեն. «Եթե 25 թերթ վերցնեմ, առնվազն 22-23-ը կվաճառվի, այնինչ վերցնում եմ 9-ը, որ վստահ լինեմ վաճառքի մեջ»։ «Առավոտը» նախընտրում են գրեթե բոլոր տարիքի եւ մասնագիտությունների տեր մարդիկ. «Բոլոր ճաշակներին բավարարում է, ամեն հարցի անդրադառնում է, համ էլ հավատում ենք նրանց գրածներին»,- 67-ամյա Սարգիս Մկրտչյանն է։

Բավական մեծ է նաեւ «Իրավունքի» նվիրյալների թիվը։ Սպառվում են նաեւ «Հայքը», «Հայոց աշխարհը», «Голос Армении»-ն, «Օրագիրը»: «Ազգի» պահանջարկը վերջին մի տարում ահագին ընկել է, «դարձել է խամրած, մի երես ունեցող մեդալի նմանվող թերթ» (Գրիգոր Առուստամյան, 47 տարեկան)։ «Հայքը» լավ պահանջարկ ունի, մարդիկ գտնում են, որ «շատ համարձակ է եւ լավ հումոր ունի»։ «Երկիրը» ինչպես չվաճառվող եղել է, այդպիսին էլ մնացել է։ Թիվ 118 կրպակի աշխատակից Ստեփան Ահարոնյանի խոսքերով. «0%-ով է վաճառվում, իսկ թիվ 40 կրպակի աշխատակցուհի Կարինե Սարգսյանը նկատեց, որ «շա՜տ հազվադեպ, գնում են միայն գնի մատչելիության պատճառով եւ այն դեպքերում, երբ մնացած բոլոր թերթերն արդեն սպառված են լինում»։ «Հայաստանի Հանրապետութիւն»-ը գնում են հիմնականում պաշտոնական տեղեկատվություններին հասու լինելու համար։ «Ոչի՜նչ, 30%-ով վաճառվում է» (թիվ 118 կրպակ), «Իմ կրպակից շատ են օգտվում պաշտոնյաները, որոնք էլ հիմնականում գնում են «ՀՀ»-ն, եւ միաժամանակ մյուս բոլոր թերթերը՝ «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Օրագիր», «Ազգ», «Իրավունք», «PA», «ГА» (թիվ 40 կրպակ)։ «Հայոց աշխարհը» նույնպես բավական պահանջարկ ունի, հատկապես դաշնակների պաշտոնաթերթի «պաշտոնից» զրկվելուց հետո։ «Վատ չի, շատ լա՜վ էլ վաճառվում է, համարյա 70-80%-ով» (թիվ 67 կրպակ)։ «Օրագիրը» լավ թափ է հավաքել, գնորդները քիչ չեն» (թիվ 40 կրպակ)։ «Ես «Օրագիրը» շատ եմ հավանում, ուղղակի մի քիչ չափազանցնում են, ստից-մտից սենսացիներ են ստեղծում»,- Վարդանյան Ամալյա, 31 տարեկան։

«Իսկ ես «Ազգն» եմ հավանում եւ արդեն քանի տարի մշտական ընթերցողն եմ, «Ազգը» մրցակից չունի հատկապես Միջին եւ Մերձավոր Արեւելքից ստացվող տեղեկությունների որակով ու քանակով, համ էլ շատ հաճախ խոր ու լավ վերլուծություններ է կատարում» (Մանուկյան Կարեն, 29 տարեկան)։ Ռուսալեզու թերթերից նախընտրում են «Голос Армении»-ն, այնուհետեւ «Республика Армения»-ն, ապա նոր «Новое время»-ն։

Ռուսական մամուլն էլ իր հաստատուն տեղն ունի մեր տեղական թերթերի կողքին, լավ վաճառվում են «КП»-ն, եւ «А и Ф» եւ «Известия»-ն…

Նախկինում արագ սպառվող «02»-ը քիչ է վաճառվում, քանզի դրանում տպագրվող գրեթե բոլոր նյութերին մարդիկ անվճար ծանոթանում են 2 օր առաջ՝ հեռուստատեսային «02»-ից։

«TV» ալիքը, «Եթերը» եւ դրանց ռուսալեզու տարբերակները փոքր պահանջարկ ունեն, քանզի գրեթե բոլոր օրաթերթերն արտատպում են հեռուստածրագիրը։ Այս հարցում վերոնշյալ թերթերին մրցակից են նաեւ հայտարարությունների թերթերը՝ «Պաս», «Գինդ», «Էքսպրես», «Համայնապատկեր»։ Թերթերի լավ կամ վատ վաճառքը տարօրինակորեն կախված է նաեւ կրպակի տեղադրման վայրից։ Թիվ 118 կրպակի աշխատակից Ստեփան Ահարոնյանը մեկ շաբաթ է, ինչ աշխատում է այդտեղ (Նալբանդյան-Իսահակյան փողոցների հատույթում), իսկ մինչ այդ սպասարկում էր Արաբկիրի համայնքի ընթերցասերներին (թիվ 100 կրպակ)։ «Տարբերությունը հսկայական է, այնտեղ գրեթե բոլոր թերթերը վաճառվում էին։ Եթե ոչ 100%-ով, ապա 70- 80%-ով՝ հաստատ, իսկ այստեղ… խայտառակություն է, մեր ուսանողները դեբիլ են մեծանում, բոլորովին թերթ չեն կարդում, իրենց չի հետաքրքրում ոչինչ, բացի այսօրվա իրենց հաճույքից»,- նեղսրտում է պարոն Ահարոնյանը։

Ամենուր միարժեք էր փաստը, որ թերթ կարդում են (գնում են) հիմնականում մեծահասակները («ջահելները հիմա թերթ չեն կարդում», չէ՜…)։ Հատուկենտ երիտասարդներ, որ թերթ են գնում, հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են։ Իսկ, ընդհանրապես, ընթերցասերների մեծ մասը տղամարդիկ են։ Հակասական էր սոցիալական վիճակի մասին տեղեկությունը, եթե թիվ 40 եւ 67 կրպակների աշխատակիցների հիմնական գնորդները «հարուստներն են, աղքատ մարդիկ թերթ չեն առնում», ապա թիվ 118 կրպակից թերթ են գնում «թոշակառուները, խեղճուկրակ մարդիկ, հարուստներին միայն իրենց փողն է հետաքրքրում»։ Տարօրինակ է, չնայած այն փաստին, որ թերթ կարդալն այսօր թանկ հաճույք է, կարդացողների մեջ չկան «բիզնեսմեն» եւ ընդհանրապես «խառոշի» տղերք, կարդում են մեծ մասամբ մտավորականները կամ իրենց այդպիսին համարողները (օրինակ, մինչեւ պատգամավորական մանդատին հասած թաղային հեղինակությունները)։

Ահա՜, ընթերցասերների սեռատարիքային ցենզը, սոցիալական վիճակը պարզեցինք։ Անցնենք մասնագիտական ուղղվածությանը։ Թերթ կարդում են առաջին հերթին… Դե իհարկե՝ լրագրողները։ Թերթ կարդում են նաեւ պատգամավորները՝ ԱԺ նիստերի ընթացքում՝ քնից ազատ պահերին։ Այս փաստում համոզվում ենք բոլորս՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության ակնդիրներս։ Իսկ առավել ուշադիրներն, անշուշտ, նկատել են, որ պատգամավորական շրջանակներում նույնպես ամենամեծ պահանջարկն ունի «Առավոտը», ապա «Օրագիրը», «Հայոց աշխարհը», հետո նոր՝ «ՀՀ»-ն, որը կարդալն ի պաշտոնե նրանց հոգու պարտքն է… Թերթ են կարդում նաեւ փոքրաթիվ ոչ գործազուրկները՝ աշխատավայրերում (սուրճ խմելուց եւ բամբասելուց բացի մի բանով պիտի զբաղվե՞ն, թե՞ ոչ)։ Տեսած բան եմ ասում՝ մեր տաքսու վարորդներն աշխարհի ամենակարդացածներն են, հերթական ուղեւորին ժամերով տաքսու կանգառում սպասելիս ո՛չ նարդի կարող են խաղալ, ո՛չ ֆուտբոլ, մնում է թերթ կարդան։

Լա՜վ կարդացողներից են նաեւ թոշակառուները (էսքան տարի կարդում եմ, հլը լավ չկարդա՞մ), մտավորականները՝ բժիշկ, ուսուցիչ, ինժեներ, արվեստագետ եւ նույնիսկ ոստիկանները…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031