Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ»

Մարտ 04,1999 00:00
Toto

Մեր կառավարությունը ձգտում է հնարավորինս ոտնահարել մեր սոցիալական իրավունքները. նկատի ունեմ գների պարբերաբար բարձրացումը։ Մշտական պատճառաբանությունը հետեւյալ սերտած արտահայտությունն է՝ «Բյուջեն դատարկ է»:

Ես բազմաթիվ անգամ բողոքներով դիմել եմ հնարավոր բոլոր բարձր ատյաններին՝ կոչ անելով դադարեցնել թալանը, քանի որ մեկ բյուջեի փոխարեն կլցնեն նույնիսկ տասը, եթե … եթե առգրավեն, այսպես կոչված, էլիտայի ունեցվածքը, այն «էլիտայի», որը թալանել ու աղքատացրել է ողջ Հայաստանը, Երեւանը վերածել պալատների ու կալվածքների՝ փառահեղ ճարտարապետական հնարքներով։ Իհարկե, այդ ամենը հրաշագեղ է։ Բայց ո՞ւմ հաշվին…

Հիմա՝ ըստ էության

Ինչպես վերեւում նշեցի, կառավարության ամենահզոր փաստարկը «բյուջեն դատարկ է» արտահայտությունն է։ Այդ պատճառով ես որոշեցի 1998 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար միայնակ թոշակառուի ինձ հասանելիք էլեկտրաէներգիայի 1500 դրամ փոխհատուցումը ուղարկել մեր վարչապետ Արմեն Դարբինյանին։ Նշեմ, որ Նորքի 9-րդ զանգվածի թիվ 59 փոստային բաժանմունքի վարիչը կտրականապես հրաժարվեց կատարել փոխանցումը։ Ստիպված հասա կենտրոն, որտեղ եւ՝ թիվ 10 փոստային բաժանմունքում կատարվեց փոխանցման գործարքը։ Զարմանալի է, որ օրենքը բոլոր փոստային աշխատողների համար նույնը չէ։ Իսկ որ ամենակարեւորն է, իմ ուղարկած գումարը հետ եկավ, եւ ես հրաժարվեցի այն ստանալ։ Չգիտես ինչու, թիվ 59 փոստային բաժանմունքի վարիչը երկար ժամանակ այդ գումարը պահում էր իր չհրկիզվող պահարանում, ընդ որում՝ ե՛ւ հոկտեմբերի, ե՛ւ նոյեմբերի գումարը։ Միայն «Հայփոստ» իմ բողոքելուց հետո, այդ գումարն այս անգամ փոխանցվեց, ի՞նչ եք կարծում՝ ո՞ւր։ «Հայփոստ» (՞)։

Մի խոսքով, իմ գրավոր ու բանավոր բոլոր դիմումներն ու բողոքներն անարձագանք մնացին, բացառությամբ աղմուկի եւ իմ հասցեին արված վիրավորանքների։ Իսկ իրենց, միեւնույն է, ամեն ինչ ներվեց։

Իմիջիայլոց, գումարը վարչապետի անունով ես դիտավորյալ եմ ուղարկել, որպեսզի նա այն փոխանցի մեր «էլիտային»։ Քանի որ միայն մեզնից՝ միայնակ թոշակառուներից եւ ընդհանրապես անապահովներից են պահանջում բոլոր մուծումները կատարել ժամանակին, իսկ ապահովվածները այդ հարցում իրենց բնավ պարտավորված չեն զգում։

Ի դեպ, 1998 թ. դեկտեմբերի փոխհատուցումը մինչեւ հիմա չկա։ Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու համար 1998-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 40 օր իմ բնակարանը հոսանքազրկված էր։

Այսպիսով, «Հայփոստում» ոչ ոք միջոցներ ձեռք չառավ՝ պարզելու, թե իմ դրամական փոխանցումն ինչու տեղ չի հասնում։ Հակառակը, տնօրենի տեղակալ Խաչատրյանն այնքան «միամիտ» է, որ չգիտի, թե գումարը որ հաշվով ուղարկի կառավարություն։ Իմ յուրաքանչյուր պահանջ նրան հանում է ափերից։ Այդպես եղավ եւ փետրվարի 27-ին, բայց արդեն՝ 1999 թվականի։

Հարց է ծագում. ո՞ւր են կորել իմ փոխանցած գումարները։

ԵՎԳԵՆՅԱ ՄՈՒՐԱԴՈՎԱ

Միայնակ թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031