Երեկ Սեփականաշնորհման նախարարությունում կայացած միջազգային մրցույթում մասնավորեցման էին դրված «Երեւան» հյուրանոցը եւ «Սեւանի ծիծեռնակ» ՓԲԸ-ն։
Հանձնաժողովի նախագահը սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանն էր։ Հենց սկզբից հանձնաժողովի անդամ, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի պնդմամբ, չհայտարարվեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած մրցույթի արդյունքները, երբ մասնավորեցման էր դրվել քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող անավարտ շենքը, որովհետեւ քաղաքապետը նոր պայման է առաջադրում գնորդներին։ Հիշեցնենք, որ պոտենցիալ գնորդներն էին «Միավորված» բանկը եւ «Գառնի-Group» ՍՊԸ-ն։
Ինչեւէ, սկսվեց մրցույթը, արկղից հանվեցին առաջարկի փաթեթները եւ, որքան էլ տարօրինակ է, պարզվեց, որ «Սեւանի ծիծեռնակ» տուրիստական կենտրոնի գնորդներն ավելի շատ են, քան «Երեւան» հյուրանոցինը։ Տուրիստական կենտրոնը գնելու հայտ էին ներկայացրել Աշոտ Ավետիսյանը, որն առաջարկում էր վճարել 20 մլն դրամ, հետագայում՝ 30 մլն դրամ ներդրում անելու պայմանով, եւ կենտրոնի աշխատանքային կոլեկտիվը, որն առաջարկում էր 15 մլն դրամ՝ 75 մլն դրամ ներդրում անելու պայմանով։ Հանձնաժողովը դեռ կորոշի «Ծիծեռնակի» ճակատագիրը, իսկ «Երեւան» հյուրանոցինը կարծես թե արդեն որոշվեց։
Նախ հիշեցնենք, որ հյուրանոցը մրցույթով վաճառելու փորձը եղել է նոյեմբերին, երբ մրցույթը համարվել է անվավեր, հույսով, որ այս մրցույթում արդեն ավելի բարձր գին կառաջարկվի հյուրանոցի համար։ Հայտը մեկն էր՝ իտալական Պեզարո քաղաքի Renco ֆիրմայի նախագահ Ռինարդո Գասպարինին։ Վերջինս 50 մլն դրամ կանխավճարից բացի, առաջարկում է 550 մլն դրամ՝ արժեթղթերի պետական փաթեթի դիմաց եւ 3-4 մլրդ դրամ ներդրում՝ մինչեւ տարեվերջ։ Ֆիրմայի ներկայացուցչի խոսքերով, իրենց առաջարկների փաթեթը նշված է ներդրումների կատարման միայն առաջին տարին, քանի որ իրենք պատրաստվում են մինչեւ 1999 թ. դեկտեմբերն ավարտել բոլոր շինարարական աշխատանքները, որպեսզի Ամանորին հյուրանոցն արդեն աշխատի։ Իտալացի գնորդը խոստանում է աշխատանքով ապահովել 200-250 մարդու՝ նվազագույն աշխատավարձը սահմանելով 100-150 ԱՄՆ դոլար։ Հանձնաժողովի նախագահը խոստացավ շուտափույթ պատասխանել այս առաջարկին, թեպետ նշեց, որ ամեն ինչ պարզ է, ընդամենը կա մի առաջարկ, եւ այն շատ ավելի լավն է, քան նոյեմբերին ստացված առաջարկը։
Կարդացեք նաև
Մրցույթից հետո, երբ նախարարության աշխատակցին հարցրինք, թե արդյոք առաջարկվող 1 մլն դոլարը քաղաքի կենտրոնում գտնվող բավական մեծ շենքի համար ցածր գին չէ՞, վերջինս պատասխանեց, որ, փաստորեն, շենքի ֆասադից բացի ողջ հյուրանոցը պետք է վերակառուցվի. «Համենայնդեպս նոյեմբերին հայկական կազմակերպությունը նույն շենքի համար առաջարկեց կես մլն դոլար»։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ