Ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկն այն է, որ հարուստ երկրները կամ միջազգային ֆինանսական հիմնադրամները փող են տալիս աղքատ երկրներին, որոնք ունեն դրա կարիքը:
Այդ փողը դժվար է ծախսել, որովհետեւ աղքատ երկրները հազարումի հոգս ունեն: Այդ պատճառով հարուստ երկրների կամ հիմնադրամների ղեկավարները հուշում են, թե որտեղ եւ ինչի վրա ծախսեն փողերը: Մինչ այժմ այդպես էլ եղել է. Հայաստանին տվել են գումարներ կոնկրետ բնագավառներ բարելավելու համար: Պատերազմից հետո այդպես ոտքի կանգնեցին Ճապոնիան եւ Եվրոպան:
Այս ամենը ակնհայտ է: Սակայն ակնհայտ է նաեւ այն, որ այդ գումարները սովորաբար աննպատակ ծախսելուց հետո աղքատ երկրների ղեկավարները կամ քաղաքական շրջանակները սկսում են հայհոյել փող տվողներին, հուսալով սակայն, որ փող էլի կտան ու բանի տեղ չեն դնի իրենց ասածները: Իսկ հայհոյելու թեման խիստ հայրենասիրական է՝ փող տվողները առնում են մեր երկիրը, փչացնում մեր բարքերը եւ այլն: Այս վիշտը այնքան խորն է լինում հաճախ, որ հայրենիքը փրկելու համար առավել հայրենասիրական շրջանակներն, օրինակ Հարավային Ամերիկայում, սկսեցին կանեփ ցանել՝ սեփական տնտեսական մոդելը պահելու համար:
Սակայն լինում է նաեւ այնպես, որ հարուստ երկիրը փող է տալիս եւ ասում՝ ծախսեք ձեր ուզած բնագավառում: Ինչպես ուզում եք: Ձեր ազգային առանձնահատկություններին համապատասխան: Եվ նայում են: Վերջերս ԱՄՆ դեսպանը ՀՀ կառավարությանը փոխանցեց ԱՄՆ տված փողը՝ 15 միլիոն դոլար: Այդ գումարը պետք է ներդրվի որեւէ բնագավառում: Եվ ՀՀ կառավարությունը ընտրեց՝ էներգետիկայի բնագավառը…
Կարդացեք նաև
ՀՀ բարձրագույն կառավարիչները հայտարարում են, թե իրենց գերխնդիրը արդյունաբերություն աշխատեցնելն է: Եթե էներգետիկան համարում ենք արդյունաբերություն կամ դրան սերտ առնչվող բնագավառ, ներդրումը խիստ արդարացված է: Սակայն Հայաստանում բնականոն աշխատող համակարգը հենց էներգետիկան է. մարդիկ հոսանք, ջեռուցում են ստանում, վճարում են դրա դիմաց, էներգետիկները համեմատաբար ապահովված խավ են Հայաստանում: Կրկնում ենք՝ մյուս բնագավառների համեմատ: Այդ 15 միլիոնով լույսի ու ջեռուցման գները չեն նվազելու, նոր էներգետիկ օբյեկտներ դժվար թե կառուցվեն, եւ մարդիկ, որոնք անվստահությամբ են համակված էներգետիկների հանդեպ, սկսելու են ամեն տեսակ պատմություններ հորինել: Միեւնույն ժամանակ, եթե հայտարարվում է, որ առաջնայինը արդյունաբերություն աշխատեցնելն է, ինչո՞ւ այդ բնագավառում չարվեց ներդրումը. այդ գումարով թերեւս կարելի էր մեկ գործարան աշխատեցնել, որը կապացուցեր, որ ղեկավարներն անկեղծ են: Թե՛ սեփական ժողովրդի, թե՛ ներդրողների աչքին:
Ընդհանրապես, տրված փողը ծախսելու բազմաթիվ ձեւեր կան, որոնք սակայն երկու նպատակով կարող են արվել՝ մսխել կամ զարգացնել տնտեսությունը: Առաջինի դեպքում լինում է այն, ինչ կա այսօրվա Հայաստանում: Եվ էական չէ արդեն, թե ով է մսխում՝ չինովնիկնե՞րը, թե՞ ողջ ժողովուրդը՝ մարդասիրական օգնության տեսքով: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ չի աշխատում արտադրության ոլորտը, որը ենթադրում է աշխատատեղեր եւ սոցիալական իրավիճակի թեթեւացում: Դրա փոխարեն ձեւավորվում է պարազիտ հանրություն՝ զրկված պարզ վերարտադրությունից եւ զարգացման հնարավորությունից: Այնպես որ, մեղավորը երբեք չի կարող փող տվողը լինել. նա կարող է նաեւ չտալ: Խնդիրն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք եւ ի վիճակի՞ ենք լինել զարգացած երկիր ու ժողովուրդ, եւ որքանո՞վ է այս խնդիրը առաջնային կառավարության համար:
ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ