«Պարոնա՛յք, պահակախումբը հոգնել է»
ԱՆԱՏՈԼԻ ԺԵԼԵԶՆՅԱԿՈՎ
Նավաստի Ժելեզնյակովի գործողությունների մեջ կուռ տրամաբանություն կար: Նախկին անարխիստն առանց խղճի խայթի, սվինների միջամտությամբ ցրիվ տվեց Սահմանադիր ժողովը, արձանագրելով ռուսական լիբերալ-դեմոկրատական մտքի վայրիվերությունների եւ հոգեւոր վերածննդի երկհարյուրամյա փնտրտուքի անփառունակ վախճանը: Ռուսական հզոր միտքը դադարեց որեւէ ընդհանուր բան ունենալ ռուսաստանյան իրականության հետ: Եվ ի՞նչ օգուտ երկրին ու նրա ժողովրդին, որ ազգային մշակութային-հոգեւոր անսպառ աղբյուրը անդադար աշխարհ էր արտանետում (գործընթացն այսօր էլ շարունակվում է) համամարդկային նշանակության արժեքներ ու տիեզերական իմաստնության գոհարներ: Հայրենիքը տանուլ էր տրված: Հասարակական դոմինանտի դերում անգամ Ժելեզնյակովի նման հեղափոխական-իդեալիստները չէին, այլ պնակալեզ, ստորաքարշ, նենգ ու վրիժառու քաղքենին: Այն նույն քաղքենին, որի գալուստից սարսափած, Նիցշեն այլայլվում էր. «Գույժ, գույժ, գույժ՝ մարդն այլեւս Աստղ չի ծնելու»: Արդեն ավելի ուշ, վտարանդիության մեջ կամ ստալինյան գուլագներում էր, որ տառապող միտքն անկեղծանում էր, թե իրականում, իրենց միջեւ տարաձայնություններն այնքան էլ էական չէին, որպեսզի այդչափ անհանդուրժող լինեին միմյանց նկատմամբ եւ Հայրենիքը հանձնեին քաղքենիական խուժանի տիրապետությանը:
Ցավոք, «պառաված հեղափոխությունները» հաճախ են դրսեւորում միեւնույն ախտանիշները՝ կենաց-մահու ներքին հաշիվմաքրոցի, առաջնորդության անհաղթ մոլուցք, կողմնակի պատեհապաշտ ուժերի ներգրավում միջհեղափոխական հարաբերությունների պարզաբանման գործընթացի մեջ: Երկուսի կռվում երրորդն է շահում բանաձեւը, նման դեպքերում չափազանց հստակ է գործում, բայց հայրենիքակերտման գաղափարը միշտ պարտվողի դերում է: Պատմությունը ճանապարհ է հարթում հազարավոր եւ հազարավոր մարդկանց «ես»-ի, անձնական կյանքի, զգացմունքների եւ գիտակցության միջով, լայնարձակ դաշտ թողնելով յուրաքանչյուրին՝ գերինքնարժեւորումից ծնունդ առնող մոլորության ու ինքնախաբեության համար: Եվ այստեղ արդեն վերջին խոսքը գիտությանն է. «հասարակությունները, ուր անձնազոհության ընդհանուր դոմինանտը չի գերազանցում սպառողական եսակենտրոնությանը, առավելապես խոցելի են ճակատագրի փորձությունների առջեւ»:
Կարդացեք նաև
1988-90թթ. հայկական Շարժումը, որ առաջին իսկ օրերից սոցիալ-հեղափոխականության եւ ազգային-ազատագրական պայքարի տձեւ հիբրիդ էր, պառավեց ֆանտաստիկ արագությամբ: Կազմակերպչական աշխատանքի հիմքում բացարձակ սեկտանտիզմն էր, ուր երկրի զարգացման գաղափարական հենքի բացակայությունը կոմպենսացվում էր նախ՝ արտաքին աշխարհից անկանոն ներմուծվող «բարենորոգչական» տեսություններով եւ երկրորդ՝ դրանց շուրջ «դավանաբանական» անհեթեթ վիճաբանություններով, ինչը հանգեցնում էր «միջվարդապետական» աղմկարար բախումների, որ կոչված էր քաղաքական բազմերանգ դաշտի եւ քաղաքական պայքարի պատրանքը ստեղծել: Մեր առանձնահատկություններից մեկն այն էր, որ, այսպես կոչված, ավանդական ազգային կուսակցությունների կաղապարվածության աստիճանը էապես գերազանցում էր 60-ականների եւ 80-ականների համախորհրդային լիբերալիզացիայի մտավոր եւ հոգեւոր պոռթկումների բովով անցած Շարժման առաջնորդների համարժեքին: Ուստիեւ, սփյուռքի ավանդականների ֆոնի վրա, 88-ի Տղեքից յուրաքանչյուրը իմացողության տիտան էր թվում:
Դեռեւս բնօրրանում, առանձնակի գաղափարական հենքից զուրկ Շարժումը բացարձակապես քարացավ՝ հանրապետությունում իշխանական եւ ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհումից անմիջապես հետո: Քաղաքական կուսակցությունների թվացյալ առատությունն ընդամենը նույն կաստայի ներսում շարունակական բաղդատումների արդյունքն էր, ներառյալ ՀՅԴ-ի ու ՀՌԱԿ-ի ներքին, նույնատիպ գործընթացները: Ժամանակ առ ժամանակ քաղաքական դաշտը «հարստացնելու» համար հավաքագրվող ռեկրուտները կամ «գրպանի» կազմակերպություններն ու կուսակցությունները, քաղաքական սեկտայի այս կամ այն հատվածի պարզ ածանցյալներն էին, ոչ միայն առանց ինքնուրույն դեմքի, այլ նույնիսկ հստակ դիմագծերի: Բնականաբար, իրավիճակը շոշափելի փոփոխություն չկրեց, այլ էլ ավելի խորացրեց համընդհանուր ծյուրանքը նաեւ տարատեսակ կոմունիստական կազմակերպությունների վերակենդանացումից հետո:
1998-ի փետրվարյան պարզունակ պալատական հեղաշրջումը քաղաքական դաշտի վերաձեւման խնդիր դրեց նոր գործող նախագահի առջեւ, որն առանց ավելորդ հոգեկան տվայտանքների հռչակեց ամենապարզունակ եւ ամենաամբոխավարական կարգախոսը՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»: Սկզբնական շրջանում անեկտոդիկ հնչեղություն ստացած կարգախոսը ժամանակի ընթացքում հստակ ուրվագծեր, միս ու արյուն ձեռք բերեց: Ռոբերտ Քոչարյանի «կուսակցությանը» արագընթաց տեմպերով, կամա թե ակամա, անդամագրվեցին տասնյակ հազարավոր անհատներ, քաղաքական հոսանքներ, բոլոր նրանք, ովքեր երազում էին վրեժխնդիր լինել 88-ի Շարժումից: «Կոմիտեի» Տղեքից շատերին դեռեւս թվում է, թե գործընթացը վերաբերում է միայն խաչակրաց արշավանքին ընդդեմ ՀՀՇ-ի, որի գնացքից իրենք հասցրել են ժամանակին դուրս ցատկել: Իրականում, սակայն, խոսքը հայ իրականության շատ ավելի մասշտաբային վերարժեւորման մասին է եւ քոչարյանական նոր «կուսակցության» գրոհի վեկտորն ուղղված է ողջ Շարժման դեմ ընդհանրապես:
Այսօր արդեն թե՛ դաշնակցականներին եւ թե՛ «Երկրապահ-Հանրապետականին» կարող ենք երաշխավորել՝ իրենք չեն, որ դառնալու են վերարժեւորված հայոց իրականության հիմնասյուները: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ նույն տրամաբանությամբ, ապա երկուսն էլ դեռ խիստ կզղջան հակաՇարժումային հիստերիայում իրենց ներդրման համար, ինչպես որ ԱԺՄ-ն ու նրա նախագահը դեռ հնարավորություն կունենան մեղայական դատողություններ անել քաղաքական իրողությունների վերաբերյալ իրենց անհեռատեսության շուրջ:
Գիտակցված որոշո՞ւմ էր դա, թե՞ ինքնաբերաբար ստացվեց, բայց Ռոբերտ Քոչարյանի «կուսակցության» հարվածային ուժը կազմում են Շարժումնատյաց երկու հոսանքները, գումարած «նախկինների» արյանը ծարավ ամորֆ, բայց բազմաքանակ հասարակական զանգվածը: Առաջին հոսանքը խորհրդային կերտվածքով նախկիններն են՝ մանր-մունր, միջին, հազվադեպ նաեւ բարձրաստիճան պարտնոմենկլատուրան, 1990-95-ին տարագրության մեջ ապրած եւ ֆինանսա-տնտեսական բավարար հիմքեր ստեղծած, նախկին ՀԽՍՀ չինովնիկությունը: Որքան որ բաղդատված է ինքը՝ հոսանքը, առանձին անհատների եւ խմբավորումների, նույնքան եւ տարբեր են նրան հարող «հինգերորդ շարասյուները», որոնք տարիներով գործել եւ գործում են նորանկախ Հայաստանում: Հասարակական կազմակերպվածության տեսանկյունից, ամենից ավելի աչքի ընկնողը Բադալյանի Կոմկուսն է: Ռեալ քաղաքականության վրա, ազդեցության տեսակետից, իհարկե, ավելի ընդգծված է խորհրդային պարտնոմենկլատուրայի այն հատվածը, որին Շարժման իշխանության լծակներից «մեծահոգորեն» մասնաբաժին հանվեց նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից: Մեր դիտարկումները գալիս են հաստատելու, որ Շարժմանը եւ «բարենորոգչական փուլի թալանին» մասնակիցներից ոչ մեկը չէր կարող այնքան նյութական բարիքներ ձեռք բերել, որքան որ դա տեղ ունի բոլոր ժամանակներում ջրի երեսին մնացած խորհրդային նոմենկլատուրշիկների պարագայում: Եվ դրա լավագույն վկայությունն այն է, որ մեր օրերում սնկի պես աճող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հենց այս հոսանքի հավաքագրած ռեկրուտներն են:
Որքան էլ որ այսօր զանգվածային գիտակցության մեջ ամրագրված է Կարեն Դեմիրճյանի հեղինակությունը, հազիվ թե վերջինիս Ժողովրդական կուսակցությունը կարողանա հեշտությամբ հաղթող դուրս գալ այն նախկին համախոհների հետ մրցակցությունում, որոնք դաշնակցում են Ռոբերտ Քոչարյանին: Ութսունականների վերջին տարիների պարտնոմենկլատուրային եւ չինովնիկությանը միավորում է ոչ միայն ատելությունը Շարժման, այլեւ հենց իր՝ Կարեն Սերոբիչի նկատմամբ: Եվ մինչ Շարժում-Դեմիրճյան դաշինքի ստեղծումը օրգանապես անհնարին է դիտվում, Քոչարյանի վարչակարգի սերտաճումը «Կարմիր ռեւանշի» հոսանքի հետ օրեցօր ավելի հստակ երանգներ է ձեռք բերում:
Երկրորդ բազմամարդ եւ ակտիվ հոսանքը, որն իր տեղն է գտել Ռոբերտ Քոչարյանի իշխանության հենարանում, տարբեր պատճառներով 88-ը չանցած, իսկ նրան հաջորդած ծանր ժամանակաշրջանը առավել կամ պակաս բարվոք վիճակում անցկացրած «ոսկե երիտասարդությունն» է, որի մի մասն է կազմում նաեւ «արհեստավարժների» կառավարությունը: Այս հոսանքը եւս, առայժմ, քաղաքականապես ձեւավորված չէ եւ խիստ բազմաշերտ է: Սակայն միավորում է նրանց՝ օտարվածությունն ու խորթությունը թե՛ Շարժումից եւ թե՛ այն քաղաքական գործիչներից ու ուժերից, որոնք այս կամ այն չափով մարմնավորում են Շարժումը: Ավելին, հասարակության այս հատվածի համար «նախկիններն» ու ներկաների մեծ մասը անպետք բալաստ է, խոչընդոտ՝ հասարակական ունեցվածքի նոր վերաբաժանման եւ երկիր մուտք գործող բարիքների լիարժեք յուրացման ճանապարհին:
Անկախ պետականությանը, ազգային խնդիրներին եւ, որ ամենակարեւորն է՝ հասարակական կարիքներին բացարձակապես օտար, վրեժխնդրությամբ ու սպառողական անհագ ախորժակով տառապող երեք բեւեռները միավորվում են: Իսկ Շարժումը շարունակում է պառակտված մնալ եւ զոհեր տալ՝ համալրմանը ոչ ենթակա իր շարքերից: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղքենիների դիկտատուրան ամենածանրն է եւ արյունալին, իսկ հայ հասարակությունը դեռ շատ կփոշմանի՝ Շարժման Տղեքի գլխատումներին ոգեւորությամբ արձագանքելու համար: Բայց դե պապական խոսք է՝ մինչեւ չգա վերջինը, չի հիշվելու առաջինը:
ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ