Լրահոս
Օրվա լրահոսը

Խճճված-խճճված գործ

Մարտ 04,1999 00:00
dat

Երեկ Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարան ներկայացան ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալ Գոռ Հակոբյանը, ներքին անվտանգության վարչության պետ Սերգեյ Շահինյանը, մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանը, ավագ տեսուչ Սամվել Սիմոնյանը, «Մեծն Մուրադ» հասարակական կազմակերպության նախագահ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Գեւորգ Գյոզալյանը։

Տեղեկացնեմ, որ ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցներ Լեւոն Աբրահամյանի եւ Աշոտ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատավարությունը մեկ օր առաջ չվերսկսվեց, քանի որ նիստին բացակայում էր Լ. Աբրահամյանի պաշտպանը։

Ամբաստանյալներն արդեն մի քանի նիստ է, ինչ դատարան են բերվում առանձին-առանձին, եւ նստում են միմյանցից անջատ։ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալի հրավիրումը պայմանավորված էր մի հարցի ճշտմամբ. ճնշումներ եղե՞լ են Լեւոն Աբրահամյանի նկատմամբ, արդյոք նա վերջինիս հետ հանդիպե՞լ է եւ «հորդորել» իր վրա վերցնելու իրանահայ քաղաքացի Վարուժ Անդրեասյանի գործը։ Գ. Հակոբյանը մինչ պարզաբանումներ տալը ասաց, որ չի հիշում որեւէ մեկին, որը մինչեւ դատավարությունը, դրանից հետո կասկած ունենար իր ազնվության վրա, ի դեպ, «անկախ քաղաքական ելեւէջներից»։

Նա ամբաստանյալ Լ. Աբրահամյանի հայտարարությունը համարեց «անպարկեշտ» եւ ասաց, որ եղել են դեպքեր, երբ հանցանքներ, զանցանքներ, հանցագործություններ են կատարել հատուկ ծառայությունների աշխատակիցները, սակայն նրանք «երբ եկել է հատուցման պահը, ցեխ չեն շպրտել»։ Նա դատարանին հայտնեց, որ Լ. Աբրահամյանին հանդիպել է մեկ անգամ, իրենց զրույցը տեւել է 10-15 րոպե։ Այդ զրույցի ժամանակ Լ. Աբրահամյանը պատմել է, որ հանցագործությունն իր եւ Խաչատրյանի կողմից է մշակվել։ Տուժողի փաստաբանի հարցին էլ, թե արդյոք ճի՞շտ է, որ Գ. Հակոբյանը Լեւոնին ասել է «լավ կլինի նա իր վրա վերցնի հանցագործությունը՝ կապված Իրանի հարաբերությունների վատացման հետ», փոխնախարարը «անհեթեթություն» համարեց այդ եւս։

Ամբաստանյալի պաշտպանն ասաց, որ Լ. Աբրահամյանը ձերբակալվել է ԱԱՆ շենքում, նախարարի տեղակալի աշխատասենյակում եւ հարցրեց «ընդունված ձե՞ւ է», ինչի կապակցությամբ Գ. Հակոբյանը խորհուրդ տվեց. «Պետք է դիմել նրան, ում մոտ ձերբակալվել է»։ Ամբաստանյալը դռնփակ նիստի անհրաժեշտության մասին հիշեցրեց դատավոր Ս. Հովսեփյանին, վերջինս ասաց, որ տվյալ հանցագործության մեջ չկան գաղտնիքներ։

Լ. Աբրահամյանը դիմելով ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալին, ասաց. «Դուք ինձ ասել եք, որ Վարուժը Հայաստանի հակահետախուզության գործակալն է»։ Հետեւեց Գոռ Հակոբյանի «Ամաչի, այ տղա» նախադասությունը։

Ս. Շահինյանը վկայեց, որ ինքը կատարել է ծառայողական քննություն նախարարի հրամանով եւ որ հանդիպել է Լ. Աբրահամյանի հետ 2-3 անգամ, երբ վերջինս խնդրել է հանդիպում նախարարի կամ փոխնախարարի հետ։ Խնդրանքը հայտնվել է հասցեատերերին։ Դատավոր Ս. Հովսեփյանի եւ մեկուսարանի պետ Հ. Խլղաթյանի միջեւ երկխոսությունն այսպես սկսվեց.

– Ինչո՞վ եք առնչվել ամբաստանյալների հետ։

– Նրանով, որ ես պետն եմ մեկուսարանի, իսկ նրանք էլ մեկուսարանում են։

Նա հայտնեց, որ Լեւոնը մեկուսարանում մենակ չէ, եւ որ մեկուսարանում մշտապես լույս կա։ Անհասկանալի էր գործով վկա Ս. Սիմոնյանին հրավիրելը։ Նա Լեւոնի «Բինգոյի» ընկերն է եղել։ Միակ «ապացույցն» էլ այն էր, որ մեկ անգամ, ուշ ժամին Լեւոնն իր տոմսերը տվել է, որ ինքը ստուգի։ Հարցեր չտրվեցին, չճշտվեց, թե ո՞ր օրն է Լեւոնն իր «խաղը» տվել նրան։ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Գեւորգ Գյոզալյանը վկայակոչեց հուլիսի 28-ի մի դրվագ, երբ իր տան դիմաց հանդիպել է Վարուժ Անդրեասյանին։ Վերջինս գրպանից անձնագիրը հանելով փորձում էր ապացուցել, որ այդ օրն ինքն ընդհանրապես Հայաստանում չի եղել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031