Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԽՈՍՔԸ

Մարտ 04,1999 00:00
amrak

Հինգ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ Ա1+-ից, «Ազատությունից», «Առավոտից», «Օրագրից» եւ «Հայքից», մարտի 3-ին հանդիպեցին Արմեն Տեր-Սահակյանի փաստաբան Սաֆար Խաչատրյանի հետ։

– Արմեն Տեր-Սահակյանի կնոջ հոր՝ աներոջ խնդրանքով ես ստանձնել եմ Տեր-Սահակյանի պաշտպանությունը, մասնակցել եմ նախաքննությանը՝ մինչեւ դրա ավարտը։ Նախաքննության ողջ ընթացքում Տեր-Սահակյանը հրաժարվել է մեղադրանքն ընդունել եւ հայտարարել է, թե ինքը ցուցմունքներ չի տա՝ մեղադրանքը զրպարտություն է, շառ է, նա այսպես էր խոսում ու ասում էր, թե դատարանում ամեն ինչ կպարզաբանվի։ Շատ փորձեր են արվել, եւ նույնիսկ ես էլ եմ ասել, եթե իսկապես ինչ-որ բանի մասնակից ես, բացատրիր, ընդունիր, որ ես կարողանամ օգնել քեզ։ Չէ, ասել է, ես տեղյակ չեմ եւ դա կապացուցեմ դատարանում։

Փետրվարի 4-ին էր, թե 5-ին, Տեր-Սահակյանի քննիչը պաշտոնապես հայտարարեց, թե նրա նկատմամբ նախաքննությունն ավարտված է, եւ գործը կուղարկվի դատարան։ Արձանագրությունը ես ու Տեր-Սահակյանը ստորագրել ենք։ Դրանից հետո էլ գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունենք, եւ եթե միջնորդություններ կան, կարող ենք դրանք կատարել։ Տեր-Սահակյանը հրաժարվեց գործի նյութերին ծանոթանալ, դա նրա իրավունքն է։ Բայց ես ժամանակ խնդրեցի ու ծանոթացա դրանց։ Այդ ընթացքում՝ փետրվարի 6-ին, մեր տուն եկան քննիչները եւ առաջարկեցին իրենց հետ գնալ մեկուսարան՝ Տեր-Սահակյանին հանդիպելու, իբր նա է խնդրել, որ ես ներկա լինեմ։ Վատառողջ էի, ուստի, ասացի՝ թող մնա, հանդիպումը երկուշաբթի կունենանք, ասացին անհետաձգելի է։ Մի խոսքով՝ գնացի։ Երբ նկատեցի դեպի Սովետաշենի կողմն ենք գնում, ասացի՝ չէ, մենք պետք է ԿԳԲ-ի մեկուսարանը գնանք, ասացին՝ նա հիմա Սովետաշենում է։ Իմ մեջ կասկած ընկավ, թե ինչու են Տեր-Սահակյանին տեղափոխել այնտեղ, ուր մեկուսացումը փոքր-ինչ այն աստիճանի չէ, ինչպիսին է ԿԳԲ-ի մեկուսարանում։

Գնացինք, այնտեղ էր հանրապետության դատախազության քննչական բաժնի պետը, օպերաշխատողներ, բանտի պետի տեղակալը։ Մեզ ներկայացրին մեկ էջի վրա Տեր-Սահակյանի գրած դիմումը՝ հանրապետության դատախազի անունով, որտեղ ինքը հայտնում էր, թե Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ կատարել է Աշտարակի գործկոմի նախագահի, Ղանդիլյանի սպանությունները՝ ջոկատի տղաների միջոցով, եւ դատախազության քննչական վարչության նախկին պետ Գրիգորյանի մահափորձը։ Ես անակնկալի եկա, կասկած առաջացավ, թե ինչպես եղավ, որ մինչեւ հիմա լռող մարդը, որը կտրականապես ժխտում էր այդ մեղադրանքները, իր նախաձեռնությամբ այսպիսի դիմում է գրել, ինչը իր վիճակը խիստ ծանրացնում է։ Նկատեցի նաեւ, որ դիմումը ոչ մի տեղ գրանցված չէ, ոչ կնիք կա վրան, եւ ոչ էլ ծալված էր, որպեսզի փոստով ուղարկվեր հանրապետության դատախազին, որ նա իմանար՝ նման կարեւոր բան է տեղի ունեցել, եւ գային քննություն կատարեին։ Իմ կասկածանքը նորից խորացավ, որովհետեւ ես փաստաբանական աշխատանքի 40 տարվա փորձ ունեմ. տեղի է ունեցել մի բան, որին նրանք չեն էլ հասցրել օրինական ընթացքի տեսք տալ։

Ես, իհարկե, չսրեցի այդ հարցերը, մտածելով, որ դրանք հնարավոր է հարթել։ Կանչեցին Տեր-Սահակյանին, որը մինչ այդ միշտ եղել է համարձակ, հարձակողական տոնով էր խոսում քննիչների հետ, եւ նույնիսկ մի քիչ էլ ամբարտավան կեցվածքով, արդեն խեղճացած էր, սփրթնած, չսափրված, եւ ես զգացի, որ նա ընկճված է։ Քննիչներն ասացին, դե պատմիր՝ նա էլ սկսեց պատմել։ Նրանք էլ վերարտադրեցին իր պատմածը, թելադրեցին, ինքը գրեց՝ մոտ 15 էջ, ամբողջ պատմությունը։ Մեկ-մեկ նայում էր ինձ ու ասում՝ դե ես ինչ անեմ, եթե Սիրադեղյանը թողել-հեռացել է, ես ինչի՞ իմ վրա վերցնեմ։ Ես հասկացա, որ նրան այդկերպ նախապատրաստել են, որ ամեն ինչ կապի Սիրադեղյանի հեռանալու հետ, որ իբր կայուն է եղել մինչ այդ, բայց որ Սիրադեղյանն իրեն լքել է, այդ պատճառով է խոսում եւ ոչ թե իր նկատմամբ այլ ճնշումներ կան եւ որ այդ ամենն ինքնաբուխ է։ Եվ ինքը երեւույթից զայրացած ցուցմունք է տալիս։ Ինչքան էլ զայրացած լինի, եթե մարդը չի ընդունում սպանությունը, չեմ կարծում, թե Սիրադեղյանի հեռանալն առիթ տար այդ ծանր հանցագործություններն ընդունել։

Դա էլ անցավ։ Այդ օրն ավարտվեց հարցաքննությունը։ Փետրվարի 8-ին ինձ նորից հրավիրեցին՝ այս անգամ ՆԳ եւ ԱԱ մեկուսարան՝ նորից հարցաքննության։ Իմիջիայլոց, այնտեղ հարցաքննությունն ավարտվելուց հետո Տեր-Սահակյանն ասաց քննիչներին՝ դե հիմա իմ վրայից 99 հոդվածը հանելու եք։ Այդ հոդվածը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքին։ Սրանք շփոթության մեջ ընկան. նայում են իրար երեսի։ Ես ասացի՝ ինչպես կարող են 99 հոդվածը հանել քո վրայից, երբ ինքդ ես ընդունում երեք անձի սպանությունը։ Դա արդեն 99 հոդվածի կետերից մեկն է։

– Բա ո՞նց թե, բա ինձ հենց ինքը՝ դատախազն է խոստացել, չէ որ ձեր ներկայությամբ ասաց՝ պիտի հանեմ։

– Չէ, չեն կարող հանել, բայց քո վիճակը թեթեւանում է, որովհետեւ դառնում ես երկրորդական անձնավորություն՝ հանձնարարություն ես կատարել, ճի՞շտ չէ ընկեր Խաչատրյան։

Ասացի՝ իհարկե, ճիշտ է։ Առաջինից դառնում ես երկրորդ, բայց 99-րդ հոդվածով, որ այսքան կետեր ունի՝ այդ բոլորով մեղադրվելու ես։ Սրանք ամեն կերպ ուզում էին ինձ թույլ չտալ, որ ես բացատրեի իր իսկական վիճակը։ Ինչքան կարողացա՝ հասկացրի իրեն, որ իրավիճակը ծանրանում է, որովհետեւ ընդունվում են ծանր հանցագործություններ, թեպետ ինքը դառնում է երկրորդ անձ։ Հետո ասաց՝ դե, հիմա ձեր խոստումը կատարելու եք՝ ինձ նորից տեղափոխեք ՆԳ եւ ԱԱ մեկուսարան։ Բա, հա, դա խոստացել ենք՝ կանենք, վաղն այնտեղ կլինես։

Փետրվարի 8-ին, որ գնացինք՝ նա իսկապես այնտեղ էր։ Տեսար, որ դատախազն իր խոստումը կատարեց՝ ասացին։ Հիմա քեզ պետք է տեսագրենք։ Ինքը կտրուկ առարկեց։ Նրան տարան բանտի վարչական մաս, հետը զրուցեցին, թե գիտես, մենք պայմանավորվել էինք, թե դու պիտի մեզ լսես, որ մենք էլ քեզ լավություն անենք։ Հետո եկավ՝ համաձայնեց ձայնագրվել եւ նկարահանվել։ Նրանք իմ ներկայությամբ խոստանում էին, որ ինքն անհամեմատ մեղմ պատիժ կստանա՝ նույնիսկ մինիմումից պակաս պատիժ։

Ինձ հարցնում է՝ հը, պաշտպան ջան, այդպես կլինի, ես ասացի՝ այդ բանը ես չեմ կարող քեզ խոստանալ, բայց եթե հանրապետության դատախազն է խոստացել, ես ի՞նչ իմանամ, իշխանավորներ են, էլի… Բայց դատարան կա, նրա խոսքը դատարանը կկատարի՞, թե չի կատարի։

Այդ օրը տեսաձայնագրությունն ավարտվեց։ Ասեմ, որ քննիչներն աշխատում էին խմբով, ամեն մեկը մի կողմից հարց էր տալիս։ Դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, բայց ես հասկացա, որ Տեր-Սահակյանն ամբողջովին գտնվում է նրանց ազդեցության տակ եւ ենթարկվում է նրանց կամքին։

Այդ օրը, աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով, նրան հարցեր տալու հնարավորություն չեղավ։ Քննությունը շարունակվեց հաջորդ օրը, երբ տեսաձայնագրումներ չկատարվեցին։ Ես հարցրեցի՝ դուք մեղադրանքի ամբողջ ծավալով ձեզ մեղավոր ճանաչեցիք։ Հիմա կարդամ մեղադրանքը՝ տեսնեմ դրանցից ո՞րն եք ընդունում, ո՞րը՝ չէ։ Քննիչներն աղմուկ բարձրացրին, թե մենք արդեն այդ հարցը պարզել ենք։ Ես քննիչներին բացատրեցի, որ հարցեր տալն իմ իրավունքն է, եւ իրենք իրավունք չունեն դա կանխել։ Նրանք չհամաձայնվեցին։ Ես հայտարարեցի, որ հեռանում եմ՝ առանց ինձ ավարտեք այդ գործը, որովհետեւ ոչ միայն մեղադրյալի իրավունքներն էին ոտնահարվում, այլեւ՝ իմ, իբրեւ փաստաբանի։ Հետո նրանք հասկացան, որ գործը լավ ընթացք չի ստանում եւ ներողություն խնդրելով՝ թույլ տվեցին հարցեր տալ։ Բայց ես հուզված էի, որ բոլոր հարցերը չկարողացա տալ։

Այնուամենայնիվ, բացատրեցի Տեր-Սահակյանին, որ նա մեղադրվում է այն բանում, որ Սիրադեղյանի հանձնարարությամբ հանցավոր խումբ է ստեղծել՝ բանդա, առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակում գործելու, նրանց սպանելու եւ այլ հանցագործություններ կատարելու նպատակով։ Ես հարցրի՝ ձեր խումբն ի սկզբանե այդ նպատակո՞վ էր ստեղծվել։ Նորից աղմուկ բարձրացրի՝ Տեր-Սահակյանը հասկացավ իմ խոսքի իմաստը ու ասաց՝ չէ, այդ խումբը մենք ստեղծել ենք շենքերը, պետական հիմնարկները, պատասխանատու անձանց հարձակումներից պաշտպանելու նպատակով։ Հանցագործություն կատարելու որեւէ նպատակ չենք ունեցել, մենք կարծել ենք, որ դա ազգի օգտին է, դա էլ համարում էինք մեր ճակատը, ռազմաճակատը՝ ներքին թշնամիների դեմ։

Գրի առավ

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031