Էլեկտրաէներգիա ասում ենք, թե չէ Սադոյան Արշակ ենք պատկերացնում։ Էլեկտրաէներգիան այն սուրբ թեման է, որի մասին միայն պրն Սադոյանը «իրավունք» ուներ խոսել։ Սակայն երկու օր առաջ խորհրդարանում «Հայրենիք» պատգամավորական խումբը, Էդվարդ Եգորյանի բերանով «խլեց» թեման եւ գրեթե սադոյանաբար առաջարկեց ժողովրդական վերահսկողություն սահմանել ԱԺ-ի աշխատանքների նկատմամբ, հատկապես մարտի 15-ին, երբ «Հայրենիքը» կառաջարկի ընդունել էլեկտրաէներգիայի սակագները 1998-ի մակարդակին իջեցնելու մասին օրենքը։
Պրն Եգորյանի նոր լուսավորական առաջարկը ակնհայտորեն միտում ունի քաղաքական դաշտի որոշ մութ կետեր լուսավորել եւ լուսավոր կետերը մթնեցնել։ Այս ամենից ակնհայտորեն նախընտրական շունչ է փչում։ Առաջարկի բուն իմաստն ու նշանակությունը խնդրեցինք մեկնաբանել մի շարք կուսակցությունների։
Հմայակ Հովհաննիսյան (ՀԺԿ քաղաքական քարտուղար)- Որպես ՀԺԿ քաղաքական քարտուղար, ես առաջինն էի այլ կուսակցությունների ներկայացուցիչներից, որ հանդես եկա էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, ինչպես նաեւ հեռախոսավարձի բարձրացման դեմ։ Երկու հարցերն էլ շատ կարեւոր են մեր ժողովրդի համար, ե՛ւ էլեկտրաէներգիայի սակագները, ե՛ւ հեռախոսի ոչ միայն սակագնի բարձրացումը, այլեւ հեռախոսից օգտվելու համար այդ արհեստական սահմանափակումները, որոնք ի վիճակի չի լինելու հաղթահարել ժողովրդի ճնշող մեծամասնությունը։ Իսկ ինչ վերաբերում է այս կամ այն քաղաքական գործչի այս կամ այն քայլին, հայտարարությանը, մենք նման մեկնաբանություններ չենք տալիս եւ կարծում ենք, որ քիչ թե շատ քաղաքական անցուդարձից բանիմաց մարդը կարող է կռահել, որ եթե տվյալ գործիչի տվյալ հայտարարությունը համադրելի է մեր մոտեցումների հետ, բնականաբար, մենք տվյալ հարցում պետք է համագործակցենք, իրավունք չունեք չհամագործակցելու։ Եթե մենք հայտարարել ենք, որ դեմ ենք սակագների բարձրացմանը, դեմ ենք հեռախոսի համար այդ եղանակի ներդրմանը, ուրեմն մենք պարզապես չենք մեկնաբանում, համարում ենք, որ ցանկացած քայլ այդ ուղղությամբ դրական է։
Հարություն Առաքելյան (ՀՌԱԿ փոխատենապետ)- Ինչո՞ւ հատկապես Եգորյանը արեց այդ առաջարկը։ Նա այդ բարոյական իրավունքը չունի, նա մասնագետ չէ, եւ այս շրջանում կոչեր անելը նախընտրական նպատակով է։ Քաղաքական խորհրդի սոցիալ-տնտեսական հանձնաժողովում էլեկտրաէներգիայի հարցը քննարկվել է եւ առաջարկվել է հանձնաժողով ստեղծել։ Մասնագետները վկայում են, որ հոսանքի բաժանման ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է՝ կորուստները նվազեն։
Կարդացեք նաև
Յուրի Մանուկյան (ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար)- Դուք գիտեք, որ ՀԿԿ-ը դիմել է դատախազության էներգետիկ հանձնաժողովի հարցը նայելու պահանջով։ Գիտական տվյալներով մինչեւ 7%-ից ավելի կորուստներ չկան, իսկ սրանք հաշվում են 37%, սա աչքակապոցի է։ Խեղկատակություն է կատարվում, մեխանիկորեն բարձրացվում է լարումը եւ մեխանիկորեն հզորությունը բարձրանում է։ Իսկ Եգորյանը այս երկրի քանդողներից է, մենք նրա հայտարարությունը չենք ուզում լսել։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ