Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԻՊԱԿՆԵՐ. 4 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Մարտ 04,1999 00:00
Cucak

«Առավոտի» տրամադրության տակ են որոշ փաստաթղթեր, որոնք վկայում են, թե 1995-ին ինչպես էր պատգամավոր ընտրվել Վիկտոր Դալլաքյանը։

Վանաձորի թիվ 61 ընտրատարածքի թիվ 423 տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ ճիշտ է, ստորագրությունների հիման վրա 470 ընտրող է գրանցվել քվեարկությանը մասնակցելու համար, բայց քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը 715-ն է։

Սակայն 245 կեղծված ձայների վերաբերյալ այս փաստը մի պահ մոռանում ես, երբ նայում ես թիվ 61 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության մեջ թվերի խաղ ու պարին, գրած-ջնջածներին։

Եվ այս ամենն էլ խամրում է թիվ 61 ընտրատարածքի թիվ 423 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում առկա պատկերի համեմատ։ Մեր ձեռքի տակ եղած գրանցման թերթիկներում շուրջ 900 հոգուց եւ ոչ մեկի անձնագրային տվյալները նշված չեն։ Այսինքն, որեւէ նշում չկա, թե ցուցակում ընդգրկվելու համար ինչ փաստաթուղթ է հիմք հանդիսացել։ Եվ այդ 900-ից միայն 70 ընտրողների անունների դիմաց ստորագրություններ կան։ «Ամուսնացած է» կամ «Ռուսաստանում է» մի քանի գրառումներից բացի՝ ստորագրությունների փոխարեն ուղղակի խաչեր են դրված։

Այդ, այսպես կոչված, փաստաթղթերը խախտումների այս փնջի հետ պաշտոնապես վավերացված են թիվ 61 ընտրատարածքի կնիքով։

Մեկնաբանության խնդրանքով դիմեցինք այն մարդուն, որն այս ամենի շնորհիվ պատգամավոր էր «ընտրվել»։ «Սրանք ոչ թե հատկապես իմ, այլ ընդհանրապես ընտրությունների առաջին փուլին վերաբերող փաստաթղթեր են։ Ես, իհարկե, մասնակցել եմ այդ փուլին եւս։ Դրանց օրինականության, ընտրությունների արդյունքների վերաբերյալ այն ժամանակ էլ բողոքներ կային, բայց ես ոչ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն եմ, ոչ էլ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Եվ եթե ինչ-որ օրենք է խախտվել՝ թող համապատասխան մարդիկ պատասխան տան»,- նախ նշեց Վիկտոր Դալլաքյանը։

Նա միտումնավոր համարեց այն, որ սկսել են 4 տարվա վաղեմության փաստաթղթեր քրքրել, փորփրել. «Այդ կարգի մարդիկ ուղղակի զբաղված են ինչ-որ կեղծիքներ որոնելով եւ հիվանդ են։ Զարմանում եմ, որ եթե նման բաներ տեղի են ունեցել, ասենք, թող 1995-ի սեպտեմբեր-նոյեմբերին դիմեին»։ Մի պահ ընդմիջենք պրն Դալլաքյանին, նշելու համար, որ Վանաձորի թիվ 61 ընտրատարածքում առաջադրված 15 պատգամավորներից մեկը՝ Սենիկ Էվինյանը նույն 1995-ին էր Գերագույն դատարանին դիմել եւ նրա հայցը մերժվել էր։

Այժմ պրն Դալլաքյանն այսպես էր ներկայացնում խնդրի նախապատմությունը. «Ընտրական հանձնաժողովներում բացառապես ՀՀՇ-ականներ էին՝ չնչին բացառություններով։ Իսկ ՀՀՇ-ն պաշտպանում էր «Հանրապետություն» միավորման թեկնածու Արշավիր Ղուկասյանին։ Առաջադրված էր նաեւ ՀՀՇ քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Մայիս Խաչատրյանը։ Եվ նախընտրական ողջ արշավի ընթացքում ուզում էին ինձ շարքից հանել, ցուցակից հանել եւ այլն, բայց չհաջողվեց։ Եթե 1995-ին հանձնաժողովի փաստաթղթերում որեւէ վրիպակ կամ անճշտություն է եղել եւ ես տեսնում եմ, որ ինչ-որ կասկածելի բաներ կան՝ դա կատարվել է ՀՀՇ-ի թեկնածուներին անցկացնելու նպատակով։ Սա է իմ գնահատականը»։

Շատ յուրօրինակ գնահատական է՝ խախտումներն արվել են մի երկուսի համար, բայց ընտրվել է երրորդը։ Ինչեր ասես, որ չես իմանա 4 տարվա վաղեմության փաստաթղթերը քրքրելիս։ Եվ դեռ ինչքան հրաշալի հայտնագործություններ են մեզ համար պատրաստված երեք ամիս անց…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031