ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը եւ Գյումրվա քաղաքապետ Միքայել Վարդանյանը «Առավոտին» հայտնեցին, թե մտադիր չեն իբրեւ թեկնածուներ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մինչդեռ, ԱԺՄ-ական պատգամավոր Սեյրան Ավագյանը հավաստեց, որ ինքը ներգրավվելու է ընտրապայքարի մեջ, իր թեկնածությունը կրկնելով այն տարածքում, որտեղ 95-ին մրցել է Ռազմիկ Դանիելյանի հետ։
ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՄԱՐՏԸ
Հակառակ տարածված կարծիքին, թե Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի հիմնական հավակնորդը դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանն է, պարզվում է, որ այլ թեկնածուներ եւս կան։ Խոսքը տվյալ դեպքում մեկ այլ Հակոբյանի մասին է. Գավառի քաղաքապետ Վահագն Հակոբյան՝ անցյալում ՀՀՇ, հիմա «Երկրապահ»։
Կարդացեք նաև
ԸՆՏՐԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԵՑԻՆ
Ըստ «Առավոտի» տեղեկությունների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու եւ ԿԸՀ-ին խորհրդարանական ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար աջակցություն ցույց տալու նպատակով Հայաստան են ժամանել առաջին ընտրափորձագետները։ Նրանց ժամանումը տեղի է ունեցել IFES-ի եւ ԿԸՀ-ի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։
ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Պատասխանելով «Առավոտ» թերթի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Խոսրով Հարությունյանի ընդգրկվելը ՀՌԱԿ ընտրացուցակներում, այդ կուսակցության հանրապետական վարչության ատենապետ Ռուբեն Միրզախանյանն ասաց. «Քաղաքականության մեջ ես ընդհանրապես երբեք ոչինչ չեմ բացառում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին եւ կոնկրետ անձին, ապա այդ կոնկրետ անձը՝ ԱԺ նախագահը, մամուլում շատ որոշակի պատասխանել էր բոլոր հարցերին»։ Ռուբեն Միրզախանյանի հետ հարցազրույցը վաղվա «Առավոտում»։