Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ ԿԱՐՈՒՍԵԼ ԵՍ ՔՈ ԵՐԳԸ ՎԱՂՈՒՑ ԵՄ ԼՍԵԼ

Մարտ 03,1999 00:00
Azgayin joxov

Ինչ-որ պահի այս ամենն, իրոք, թվում է ձանձրալի պատմություն։ Շատ անգամ ուղղակի հաջողվում է անսխալ գուշակել, թե ԱԺ ամբիոնին մոտենալով՝ ինչ հայտարարություն է անելու այս կամ այն հռետորը։

Երեկ, այսօր, վա՞ղը

Մարտի 1-ից ԱԺ-ն քննարկում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի տեղեկանքը։ Այն «Առավոտը» ժամանակին հրապարակել է։ Որոշ վարկերի եւ փոխառությունների ոդիսականին առանձին ենք անդրադարձել։ Եվ այս քննարկումների ընթացքում (թերեւս առայժմ), որեւէ նոր բան չավելացավ արդեն իսկ հրապարակվածին, ուստի եւ չենք անդրադառնում դրանց։

Կներեք, ինադու ստացվեց

Վարկերի թեման շարունակություն ունեցավ հայտարարությունների ժամի ընթացքում։ Կոմունիստ Նորիկ Պետրոսյանն անդրադառնալով խորհրդատվական ծառայությունների գներին, մի այսպիսի պատկերավոր համեմատություն արեց. «Մի՞թե կարելի է հարազատ մորը խեղդամահ անելու համար խորհրդատուներ հրավիրել։ Ահա այսպես խեղդամահ ենք արել… կներեք, խեղդամահ եք արել…»։

Մեր ամենաուշադիր ընթերցողը

Ամեն անգամ, երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարություն էր անում որեւէ կարեւոր խնդրի վերաբերյալ, թվեր եւ փաստեր հրապարակելով՝ ռադիոլսողներին եւ հեռուստադիտողներին զարմացնում իր իրազեկությամբ՝ փորձում էինք գուշակել, թե հաջորդ օրը հատկապես ո՛ր թերթը պրն Դալլաքյանին կմեղադրի գրագողության մեջ, նշելով, թե նա առանց հղում անելու՝ իրենց հրապարակումն է մեջբերել։

Կաթիլները քար կծակեն՝ այս անգամ գենոֆոնդի պահպանման հիմնահարցի մասին հայտարարություն անելով Վիկտոր Դալլաքյանը վերջապես նշեց, թե իր վերլուծությունն արել է «ՀՀ»-ի եւ «Առավոտի» համապատասխան հրապարակումների հիման վրա։

Տարոսը մեր որոշ գործընկերներին, որոնք համառորեն անտեսում են հեղինակային իրավունքի դրույթները։

Ականջ դրեք թափառական աշուղին

Փոխադրամիջոցներից թոշակառուների եւ հաշմանդամների անվճար երթեւեկելու վերաբերյալ օրինագծի հեղինակը՝ Յուրի Վարդանյանը, մի սրտառուչ նամակ հրապարակեց։ Նպատակը՝ իր նախաձեռնության հիմնավորվածությունը ցուցադրելն էր. «Իմ նպատակը միայն մարդասիրական է» եւ այն միամիտ հույսը, որ «կառավարությունը ականջ կդնի այս խեղճ մարդկանց խոսքերին»։

Չենք սիրում էլի «Օրինաց երկրին»

Անհասկանալի մնաց, թե ինչու էր ձայնը բարձրացրել Արթուր Բաղդասարյանը, երբ հարցնում էր. «Ի՞նչ է մտածում կառավարությունը։ Ե՞րբ է արդյունաբերության զարգացման ծրագիր ներկայացնելու»։ Եվ հատկապես անհասկանալի է, թե ինչու կառավարության վրա չի գոռում այդ առիթով, այլ ԱԺ-ի խեղճ ու կրակ պատգամավորների վրա է գործադրում իր հռետորական արվեստը։ Եվ վերջապես, ասենք թե գոռաց էլ՝ հետո՞ ինչ։

Սադոյանի բյուրեղյա երազանքը

Արշակ Սադոյանը վաղուց էր հայտարարել վարչապետին դատի տալու իր մտադրության մասին։ Իսկ այժմ մի զարկով միանգամից 4 «նապաստակ» խփեց։ Նախ հայտարարեց, թե «կասկածում է եւ համոզված է, որ նախագահի, գործադիր իշխանության ձեռքին գործիք դարձած արդարադատության մարմինները չեն համարձակվի լուրջ մեղադրական գործընթաց ծավալել ե՛ւ նախկին նախագահի, ե՛ւ նախկին վարչապետի, ե՛ւ այսօրվա նախագահի, ե՛ւ վարչապետի դեմ»։ Այնուամենայնիվ, Սադոյանը որոշել է քաղաքացիական հայց հարուցել նրանց բոլորի նկատմամբ (ճիշտ է, չպարզաբանեց, թե որ մի նախկին վարչապետին նկատի ունի՝ գուցե էլի՞ Ռոբերտ Քոչարյանին)։ Հիմքը վերջապես գտնված է. «Հաշվի առնելով նաեւ անձամբ ինձ, իմ նկատմամբ այս վարկերով եւ այլնով պատճառված վնասը (…) պահանջելու եմ ինձ հատուցել այս ձեւի թալանի հետեւանքով գոնե իմ բաժին հասանելիք գումարը»։

Ձեւակերպումը փոքր-ինչ անհաջող էր, գուցե այդ պատճառով տպավորություն առաջացավ, որ Սադոյանը թալանից իր բաժինն է պահանջում։

«Հայրենիքը» մարդ է բերում ԱԺ-ի վրա

Էդվարդ Եգորյանը հրապարակեց «Հայրենիքի» հայտարարությունը, որով կոչ էր անում բնակչությանը հուզող կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ ԱԺ-ի նստավայրի մոտ, այսպես ասած, «ժողովրդական վերահսկողություն ապահովել ԱԺ-ի աշխատանքների նկատմամբ»։ Առաջին փորձը մարտի 15-ին է, երբ «Հայրենիքն» ԱԺ-ին առաջարկելու է ընդունել էլեկտրաէներգիայի սակագները նախկին 1998-ի մակարդակին իջեցնելու մասին օրենքը։ Տեսնես ո՞վ կհամարձակվի «դեմ» քվեարկել եւ այդ դեպքում «վերահսկիչներն» ինչպե՞ս կվարվեն նրանց հետ։

Ուզում էր լավ լինի՝ ստացվեց ինչպես միշտ

Գրիգոր Ավագյանը փափագ հայտնեց, որ լրագրողները չանդրադառնան իր հայտարարությանը եւ այն հրապարակելու համար փակ նիստի անհրաժեշտություն տեսավ։ Լավ էր, Արա Սահակյանը տեղից հիշեցրեց, որ այս նիստը տեսագրվում է եւ ցուցադրվելու է եւ նրա շնորհիվ կարող ենք հանգիստ խղճով մեջբերել այս արժանահիշատակ հայտարարությունից. «Դուք գիտեք, որ Հեյդար Ալիեւը հիվանդության պատրվակով եղավ Դեմիրելի մոտ։ Անմիջապես, մի օր հետո, գնաց նաեւ Շեւարդնաձեն։ Դրանք երկու կագեբեիստ պալիտբյուրոյականներ են՝ մեր միամիտ, հարիֆ, մտավորական ղեկավարների համեմատությամբ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031