Օրերս աշխատանքից ազատվեց Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը։ «Առավոտին» հավաստի աղբյուրները վկայեցին, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանին։ Այս փուլում Արարատ Դվինիչի հետ բանակցություններ են ընթանում, թե վերջինիս ինչ պաշտոն հարմար կգա։ Ստիպված ենք հիշել Ազատ Արշակյանի այն պայծառատեսությունը, որ մեզանում, իրոք, կա չխորտակվող մի հածանավ՝ «Արարատ Գոմցյան» անունով։ Դա ասվել է շուրջ երկու տարի առաջ եւ, կարծես, մոտ օրերս մեկ անգամ եւս իր հավաստումն ստանալու հեռանկար ունի։
ՎԱՏ ԼՈՒՐ
Փետրվարի 28-ին, ժամը 22-ին, «Բի-Բի-Սի»-ի ադրբեջաներեն հաղորդման ընթացքում հղում անելով բրիտանական «Sunday Telegraf»-ին հաղորդվել է. «Սիրիայում անցած տարվա հոկտեմբերին (հենց նույն ժամանակ էր Օջալանին հրամայվել հեռանալ երկրից) քաղաքական ապաստան գտած անձանց մեջ է եղել նաեւ Վրաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ի. Գեորգաձեն, որը մեղադրվում է Էդ. Շեւարդնաձեի նկատմամբ 1995-ին մահափորձի կազմակերպման մեջ։ Գեորգաձեն հետախուզվող ամենավտանգավոր 10 հանցագործների ցանկում էր, որն անցած տարի հրապարակել էր «Sunday Telegraf»-ը։
Հետախուզության տվյալների համաձայն, Սիրիայի նախագահ Ասադը ФСБ-ի ներկայացուցիչների խնդրանքով էր Գեորգաձեին քաղաքական ապաստան տրամադրել։ Ռուսների խնդրանքն էլ պայմանավորված էր նրանով, որ Վրաստանը Ռուսաստանի վրա ճնշումներ էր գործադրում Գեորգաձեին հանձնելու պահանջով։
Կարդացեք նաև
Այնտեղ էլ վերջինս նոր դաշնակից էր գտել Շեւարդնաձեի տապալման փորձի համար՝ Սիրիայում տեղակայված Հայաստանի ազատագրության գաղտնի բանակն է՝ ԱՍՍԱԼԱ-ն։ «Sunday Telegraf»-ը գրում է, որ Գեորգաձեի՝ հայերի հետ ձեռք բերած պայմանավորածության համաձայն՝ կամավորներից բաղկացած խումբը հատուկ ահաբեկչական նախապատրաստություն է անցնելու Բեքա հովտում տեղակայված ճամբարներում։ Սրանք այն նույն ճամբարներն են, որոնք ժամանակին օգտագործել են Օջալանի գրոհայինները»։
Այս ամենն ակնհայտ ապատեղեկատվություն է։ Սակայն արձանագրենք, որ Հայաստանի դեմ քարոզչական պատերազմում արդեն «Sunday Telegraf»-ի եւ «Բի-Բի-Սի»-ի մակարդակի լրատվամիջոցներ են ներգրավված։