Դժվար թե այսօր գտնվի մի տղամարդ, որն ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինի կանանց «ներքին խոհանոցի» բոլոր ատրիբուտներին։ Ամեն տեսակի միջադիրներից, կներեք, տակաշորերից ու չգիտեմ էլ ինչերից սկսած՝ բալզակյան հասակի կանանց կնճիռները ծածկող քսուքներով վերջացրած։ Այս ամենի հանրամատչելիությունն ապահովում են գովազդները։
Սակայն, համաձայնեք, իմանալը մեկ բան է, գիտելիքների ողջ պաշարը ցուցադրելը՝ այլ։ Հետաքրքիր է, որ տոնավաճառներում հատկապես կանանց հիգիենայի բոլոր պարագաները հիմնականում վաճառում են երիտասարդ տղաներն ու տղամարդիկ։ Յուրացնելով իրենց արհեստի նրբությունները՝ վաճառողներն էլ առաջվա նման ամոթխած չեն ու չեն շիկնում գնորդ կանանց հետ երկարատեւ դիսկուսիայի մեջ մտնելիս։ Կանայք էլ, առեւտուրն անելիս, վերանում են ամեն տեսակի սեռային խտրականությունից։ Կանանց եւ տղամարդկանց հավասարությունը հատկապես երեւան է գալիս առեւտրի պահին։ Այդ պահին վաճառողն ու գնորդը հարազատների են հիշեցնում։ Ասենք՝ քույր ու եղբոր, ավելին՝ ամուսինների։
-Քույրիկ ջան, ի՞նչ ես ուզում։
-Դե՜…
Կարդացեք նաև
-Հա, էս միջադիրների՞ց, երեւի։ Սրանք շատ լավն են (նշվում է որակական ամենաէական հատկանիշը -Լ.Ա.)։ Հիմա կանաչ փաթեթովը տա՞մ, թե՞ մանուշակագույնը։
Այս անկեղծ նախաբանը կնոջը քաշում է բուռն քննարկման՝ արդեն դեմքի քսուքների շուրջ։ Վաճառող տղամարդու մեկ հայացքն էլ բավական է՝ գնահատելու կնոջ մաշկի թարմությունը. «Քույրիկ ջան, մաշկդ չոր է, սա վերցրու։ Ինձ հո հավատո՞ւմ ես»։ Ապա երկար-բարակ բացատրվում է, թե որ քսուքն է առավել հաջող թաքցնում նորահայտ կնճիռները, որը՝ ձգում մաշկը։ Ու էսպես շարունակ։
Կոսմետիկ մատիտների, շրթներկերի, սնգույրի, դիմափոշու, թարմացնող «սփրեյ»-ների բոլոր համարները՝ իրենց հնարավոր ազդեցությամբ, ներկայացնում է վաճառողը։
Բայց ամենազավեշտականը «Քոչարի» տոնավաճառի կանանց ներքնազգեստ վաճառող տղան է։ Պոտենցիալ գնորդին այդ տղան այլեւս բաց չի թողնում. «Իմ մոտ ամենավերջին մոդելներն են»։ Ու առանց կաշկանդվելու տուփերից հանում է գույնզգույն ներքնազգեստները, գնահատող հայացք նետում գնորդի մարմնի համապատասխան մասին՝ ճշտելու, ասենք, համապատասխանո՞ւմ է «ապրանքը» քեզ, թե՞ ոչ։
-Դու ո՞ր համարն ես հագնում։
Անհարմարության զգացումը անմիջապես անհետանում է, ու քո «փոքրիկ գաղտնիքը» անմիջապես վստահում ես տղային։
-Քուր ջան, էս քեզ մեծ ա։ Իսկ էս մեկը իսկական քո հագով ա։ Շատ ճաշակով ա։ Թանկությանը մի նայիր, ընտիր ապրանք ա։
Կամուկացդ (ամեն դեպքում, ներքնազգեստն աստղաբաշխական գին ունի) փարատվում է.
-Բա քո նման աղջիկը որ էս…-ն ու …-ն չհագնի, ո՞վ հագնի։ Գեղցինե՞րը։
Վերջ։ Գնվում է հավանած տուփը։
Դժվար է ասել՝ կանանց վանում ու կաշկանդո՞ւմ է, երբ ինտիմ հագուստի ու պարագաների վաճառքն իրականացնում են տղամարդիկ, թե՞ հակառակը։
Բայց առեւտուրը եռում է…
Լ. ԱՎԱԳՅԱՆ