Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՄՈՒՏ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մարտ 02,1999 00:00
krtutyun

Եթե սկսենք դատողություններ անել այն մասին, թե ինչ է տալիս այսօրվա դպրոցն իր սաներին, ապա, գիտելիքից բացի, այլ բան մատնանշելու համար շատ վառ երեւակայություն պետք է ունենալ։ Առավել հոռետես (թե՞ իրատես) քննադատները դրան էլ չեն համաձայնի՝ պնդելով, որ դպրոցը ոչ մի բան կամ՝ համարյա ոչ մի բան էլ չի տալիս։ Տարբերակները շատ ավելի հարուստ են դառնում, երբ քննարկում են, թե ի՞նչ պիտի տա դպրոցն այս երկրի ապագա քաղաքացիներին։

Այստեղ կարծես թե բոլորը մի բանում համաձայն են՝ ոչ միայն գիտելիք, այլեւ էլի ինչ-որ ոչ պակաս կարեւոր մի բան։ Այդ վերջինին նույնիսկ անուն են գտել՝ «կյանքի հմտություններ» ու բավականին ժամանակ է քննարկում են այն դպրոց ներմուծելու ձեւերն ու հնարավորությունները։ Այդ թեմայով էր նաեւ հերթական եռօրյա գիտաժողովը, որ նախաձեռնել էին կրթության եւ գիտության նախարարությունն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Խորհրդային դպրոցի հիմնական խնդիրը գիտելիքներ տալն էր, իսկ խորհրդային երկրի քաղաքացի դաստիարակում էին դրան զուգահեռ գործող կառույցները՝ պիոներիան, կոմերիտմիությունը եւ այլն։ Անկախ Հայաստանի քաղաքացու դաստիարակմամբ այսօր նման կառույցները չեն զբաղվում, եւ դպրոցն էլ այդ բացը չի լրացնում։ Իսկ «կյանքի հմտությունների խնդիրը նախեւառաջ քաղաքացի դաստիարակելն է»։ Այսպես է գտնում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Վերջինիս կարծիքով, «ժամանակին շատ թեթեւ են վերաբերվել նման ծրագրերին եւ տարիներ են պետք, որպեսզի սրբագրվեն դրանց հետեւանքները»։ Ինքը՝ նախարարը, շատ լուրջ է վերաբերվում ապագա քաղաքացուն անհրաժեշտ որակների դաստիարակությանը։ Թերեւս հենց դա է պատճառը, որ կյանքի հմտություններ առարկայի խնդիրների ճշտման հարցը նորացվեց նոր նախարարի նշանակումով։ Ինչպես մի շարք այլ ծրագրերի դեպքում, այս մեկը եւս հովանավորում ու ուղղորդում են միջազգային կազմակերպությունները, որոնց պատկերացումներն ու նպատակները հաճախ մերինին չեն համընկնում։ Եվ այս կարգի համագործակցություններում որքան ակտիվ լինի հայկական կողմը, այնքան մեծ կլինի մեր ազգային առանձնահատկություններին հարազատ ծրագրերի ստեղծման հավանականությունը։

Կրթության եւ գիտության նախարարը կարեւորում է «համամարդկային եւ ազգային արժեքների համընթաց ինտեգրման խնդիրը», բայց առավել կարեւոր է, որպեսզի երեխան հասկանա, թե «ինքը ինչ արմատներից է, ինչ արժեքների կրող է եւ դրանց հավատարիմ լինի»։ Այդ գիտակցության հիմքը պետք է դրվի տարրական դասարաններից ու մինչեւ տասներորդ դասարան՝ քայլ առ քայլ զարգացվի։ Իսկ դրա իրականացման ձեւը գիտաժողովի քննարկման հիմնական խնդիրներից մեկն էր, քանի որ անհնար է պատկերացնել կյանքի հմտությունները որպես առանձին ուսումնական առարկա՝ առանց մյուս առարկաների հետ սերտ կապի։ Կրթության եւ գիտության նախարարության արտադպրոցական եւ հատուկ կրթության վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի ձեւակերպմամբ՝ «Չկա մի առարկա, որի հետ կյանքի հմտությունները կամուրջներ չունենա»։

Ընդ որում, արտերկրում եւս առարկան դասավանդվում է այլ առարկաների հետ համատեղ, քանի որ «քաղաքացու դաստիարակությունը մեկ առարկայի դասավանդմամբ հնարավոր չէ իրականացնել»։ Իսկ «մեթոդաբանությունը պետք է հիմնվի մեր ազգային ավանդույթների վրա, բայց համաշխարհային արժեքների հետ համադասված, որի արդյունքում միայն հնարավոր կլինի 21-րդ դարի քաղաքացի պատրաստել»։ Ծրագրի կազմման ժամանակ, բնականաբար, հաշվի են առնվելու եւ երեխաների տարիքային առանձնահատկությունները, եւ առարկաների յուրահատկությունները։

Ծրագրի նախագիծը քննարկվեց շատ բազմատարր լսարանում։ Գիտաժողովին հրավիրված էին ոչ միայն համապատասխան պետական գերատեսչությունների, այլեւ նման ծրագրերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նաեւ այն դպրոցների ուսուցիչները, որտեղ փորձնական հիմունքներով դասավանդվում են այնպիսի առարկաներ, որոնց նպատակը եւս սովորողների մոտ կյանքի հմտությունների ձեւավորումն է։ Ասենք՝ ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, կիրառական տնտեսագիտություն, քաղաքագիտություն, քաղաքացիական պաշտպանություն եւ արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, ճանապարհային անվտանգ երթեւեկության կանոններ, առողջ ապրելակերպ, սեռական դաստիարակություն եւ այլն։ Սակայն, մասնագետների պնդմամբ, դրանք դեռեւս բավարար չեն ներկա պայմաններում լիարժեք ապրելու ու գործելու ունակ քաղաքացի դաստիարակելու համար։ Տարբեր սեկցիաներում առանձին խնդիրների քննարկումները եւ կոնկրետ դպրոցների փորձի հիման վրա բերվող օրինակները թերեւս կնպաստեն լիարժեք ծրագրի մշակմանը։ Նման հույսեր ու սպասելիքներ ունեին գիտաժողովի կազմակերպիչները։

Իսկ այս հարցում արտասահմանյան փորձին ծանոթացնելու համար հատուկ փորձագետ էին հրավիրել՝ Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սելբիին, որը նաեւ սեմինար պարապմունքներ անցկացրեց տեղի մասնագետների համար։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրեն Ջոանա Վան Գերպենը հատուկ շեշտով հիշեցրեց ՄԱԿ-ի անդամ երկիր Հայաստանի պարտավորությունները ՄԱԿ-ի հռչակագրերի իրականացման հարցում, որի շրջանակներում է նաեւ քննարկվող խնդիրը։ Խոսքն ամենից առաջ երեխայի իրավունքների մասին հռչակագրին է վերաբերում, որը պետք է լինի նաեւ կրթական քաղաքականության հիմքում։ Տիկին Վան Գերպենը ուշադրություն հրավիրեց հռչակագրի այն կետի վրա, որով ամրագրվում է կրթության նպատակը: Առանց դրա անհնար է պատկերացնել երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովումը։ Կրթության նպատակը պետք է լինի զարգացնել երեխայի անհատականությունը, հարգանք դաստիարակել մարդու իրավունքների եւ ընդհանրապես ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված բոլոր արժեքների, ազգի, ընտանիքի, ծնողների հանդեպ, սովորեցնել երեխային պատասխանատու լինել իր արարքների համար եւ այլն։ Ընդ որում, ՄԱԿ-ը չի ուշացնի միջամտել, եթե դրանցից որեւէ մեկն իր անդամ երկրներում անտեսվի։

Վերջիններս, այդ թվում՝ Հայաստանը, հինգ տարին մեկ պարտավոր են զեկույց ներկայացնել ՄԱԿ-ի հռչակագրերի իրականացման մասին։ Առաջին զեկույցը կներկայացվի եւ ՄԱԿ-ի հանձնաժողովում կքննարկվի այս տարվա սեպտեմբերին, իսկ մինչեւ այդ Ջոանա Վան Գերպենը ներկայացրեց օրինակներ, թե ի՞նչ դիտողություններ են արել այս կամ այն երկրին վերոնշյալ հոդվածի իրականացման առնչությամբ։ Ասենք, ֆրանսիացիներին մեղադրել են, որ «չեն խրախուսում երեխայի անհատական կարծիքի ձեւավորումը», իսկ հարավսլավացիներին՝ «հանդուրժողականության ոգով չդաստիարակելու» համար։ Թե ինչ դիտողություններ բաժին կհասնեն Հայաստանին, պարզ կլինի մեր զեկույցի գնահատումից հետո միայն։ Սակայն նպատակը պիտի լինի ոչ թե միջազգային կառույցների հետ աչքկապոցի խաղալն ու իրար ինչ-որ բաներ ապացուցելը, այլ մեր շահերից բխող ու ամենից առաջ մեզ համար կարեւոր ծրագրերի իրականացումը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031