Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահության հեռախոսը»՝ վստահության կարոտ

Մարտ 02,1999 00:00
heraxos

Սոցապ նախարարության կառույցներում գործում է վերոհիշյալ՝ փոքր-ինչ պաթետիկ անունով ծառայությունը։ Անունն ավելի շատ կարգախոսային բնույթ ունի։ Երեւի թե պատճառը եղել է գործի ձեւն ու բովանդակությունը իրար առավելագույնս համապատասխանեցնելու ցանկությունը։

Հարավ-արեւմտյան զանգվածում գտնվող «Վետերան» օթեւանի առաջին հարկում է գտնվում վերոնշյալ ծառայությունը։ Ծառայության պետ Արմինե Խերոյանը պատմում է իրենց նպատակների, անցած ճանապարհի եւ հեռանկարների մասին։ Զրույցում ուրվագծվում են աշխատանքային խմբի անդամներին հուզող խնդիրները, նրանց դիրքորոշումներն ու վերաբերմունքը սոցիալական ծանր պայմաններում հայտնված մարդկանց կարիքի ու ցավի հանդեպ։ «Վստահության հեռախոսը» հոգեբանական օգնության ընդունված միջոց է, որից օգտվում են ծանր ապրումների մեջ հայտնված եւ սեփական կամքով դրանից ազատվել չկարողացող մարդիկ։ Ծառայության կոնտինգենտը խիստ որոշակի է՝ հաշմանդամներ եւ միայնակ կենսաթոշակառուներ։

Ըստ տիկին Խերոյանի, սկզբում հեռախոսային կապից օգտվող ծերերն ակնկալում էին իրենց համար, թերեւս, ամենաէականը՝ նյութական աջակցություն։ Բնականաբար, կար ե՛ւ դժգոհություն, ե՛ւ հիասթափություն, ե՛ւ, երբեմն էլ, վիրավորանք։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ծերերը սկսեցին ավելի ու ավելի հաճախ իրենց «դարդն ու ցավը» վստահել, ինչ-որ չափով թոթափելով հոգեկան ապրումների բեռը։ Այնուհետեւ Արմինե Խերոյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքը եւ աշխատակազմը։ Բացի պետից, այստեղ ընդգրկված են երկու հոգեբան, մեկ բժիշկ, մեկ բուժքույր եւ մեկ իրավաբան։ Գործողությունները (այցելություններ տուն եւ սպասարկման ու խնամքի ծառայություն) իրականացվում են սպասարկողների կողմից։ Ծառայության գործառույթների սահմաններում են բժշկական օգնությունը եւ իրավական խնդիրների կարգավորումը։ Ընդգրկումը չափազանց մեծ է, մայրաքաղաքի հինգ համայնք եւ ավելի քան 900 խնամյալ։ Վերջերս «Վստահության հեռախոսին» վստահվեց ծառայողական մեքենա, որը բավականին թեթեւացնում է հոգսը, բայց չեն բավականացնում ոչ մեքենային հատկացված վառելիքը, ոչ էլ ընդհանրապես մեկ մեքենան։

Մեծ բարդությունների տեղիք է տալիս դեղորայքի անբավարար քանակը։ Ըստ էության, «Վստահության հեռախոսը» ավելի հակված է ոչ նյութական բնույթի օգնություն ցուցաբերելուն։ Յուրաքանչյուր այց ծառայության անձնակազմի համար փորձություն է, քանի որ շատ բան է օգնելու մեծ ցանկության եւ միջոցների կամ հնարավորությունների բացակայության համատեղումը։ Աշխատակիցները կարծում են, որ բավարար միջոցների տրամադրման դեպքում ամեն բան կընկնի իր տեղը։

Հետաքրքիր էր նաեւ աշխատակազմի ձեւավորման սկզբունքը։ Ինքը՝ տնօրենը, մի քանի տարի առաջ գործն սկսել է որպես շարքային սպասարկող։ Հոգեբանները մասնագիտական կրթություն ստանալուց եւ մեկ-երկու տարի փորձարարություն անցնելուց հետո են եկել այստեղ։ Այս ծառայությունը սոցապ նախարարության համակարգում է, այսինքն՝ պետական կազմակերպություն է։ Սակայն դժվար է սոցիալական մեծ կարեւորության խնդիրներ լուծել միայն ռոմանտիզմով։ Բարեբախտաբար, անվերադարձ անցել են հեղափոխական էնտուզիազմի ժամանակաները, երբ հանքափորը մեկ օրում կատարում էր 100 մարդու աշխատանք եւ շքանշաններ վաստակելով՝ իրեն զգում էր հպարտ ու երջանիկ։

Այժմ անհրաժեշտ է պետական ցանկացած միջոցառում (իսկ մոտավորապես հազար վաստակաշատ տարեցների սատարելը անպատճառ պետական նշանակության գործ է) ամրապնդել նյութական բազայով։

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031