Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆՏԱՆԻՔ, ՅՈԴ ԵՎ ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹ

Մարտ 02,1999 00:00
unicef

Երկուսուկես տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ղեկավարում է Ջոանա Վան Գերպենը։ Այս ամիս լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Զրույցը նրա հետ նպատակ ուներ պարզելու այստեղ իրականացվող ծրագրերի բնույթն ու դրանց խոչընդոտող հանգամանքները։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը առողջապահության ոլորտում իրականացնում է երեք խոշոր ծրագիր։ Առաջինը իմունիզացիայի ազգային ծրագիրն է։ Այս տարի այդ շրջանակներում հեպատիտ B-ի դեմ կպատվաստվեն բոլոր նորածինները։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությանը ցուցաբերվող օգնությունն իրականացվում է ե՛ւ շիճուկների ներկրման, ե՛ւ մասնագետների ուսուցման ձեւով։ Բացի այդ, ունեն նաեւ առաջնային բուժօգնության ծրագիր, որը հասցեագրված է կանանց եւ մինչեւ 5 տարեկան երեխաներին ու նպատակ ունի բարելավելու նրանց ցուցաբերվող բուժօգնությունը, հատկապես շնչառական հիվանդությունների դեպքում (եւ դեղորայքով, վերապատրաստման դասընթացներով, եւ այդ հիվանդությունների մասին մայրերին տրվող ինֆորմացիայով)։ Այս տարի ծրագրով նախատեսված է նաեւ բարելավել կանանց ծննդաբերության պայմանները, հետեւել նրանց հղիության շրջանին։ Երրորդը, այսպես կոչված, սնուցման ծրագիրն է, որը կարեւորում է հատկապես նորածիններին կրծքով կերակրելը։ Այս հարցում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարեւորում է այն հանգամանքը, որ մայրական կաթը նորածիններին տալիս է նրանց անհրաժեշտ բոլոր նյութերը, բացի այդ, պաշտպանում է ցանկացած վարակից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագծերից է «Յոդի պակասի հետ կապված հիվանդությունների» ծրագիրը։ Յոդի պակասը նպաստում է ոչ միայն վահանաձեւ գեղձի հիվանդության եւ սակավարյունության առաջացմանն ու զարգացմանը, այլեւ երեխաների մտավոր այնպիսի հիվանդության, ինչպիսին կրետինիզմն է։ Սա խանգարում է երեխաների աճին եւ պրոբլեմներ է առաջացնում հղի կանանց մոտ։ Այս ամենին դիմագրավելու միակ ճանապարհը աղի յոդացումն է։ Տիկին Վան Գերպենը հայտնեց, որ Հայաստանում արտադրվող աղն ամբողջությամբ յոդացվում է, սակայն հարեւան պետություններից ներկրվող աղը յոդացված չէ, եւ հիմնական վտանգը դա է ներկայացնում։

Ծրագրեր իրականացվում են նաեւ սոցիալական ոլորտում։ Այստեղ կարեւորվում են գիշերօթիկ դպրոցներում ապրող երեխաները։ Նպատակն է հասնել այն բանին, որ ծնողների համար գիշերօթիկը սոցիալական պրոբլեմների լուծման ոչ թե առաջնային, այլ վերջին հնարավորությունը լինի։ Դրա համար անհրաժեշտ է բարելավել որդեգրման ազգային համակարգը։ Ջոանա Վան Գերպենը շեշտեց «ազգային»-ը՝ հակադրելով այն միջազգային որդեգրմանը։ Ծրագրի մեջ է մտնում նաեւ անապահով ընտանիքների երեխաներին գիշերօթիկներ հանձնելու փոխարեն ժամանակավորապես այլ ընտանիքներում տեղավորելու հնարավորություններ ստեղծելը։ Իսկ ամենից արդյունավետը, թեեւ մեր կարծիքով ամենաանիրականը կլինի ընտանիքներին շահագրգռել իրենց երեխաներին տանը պահել։

Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում մտավոր եւ ֆիզիկական անկարողություններ ունեցող երեխաների նկատմամբ՝ թե՛ բուժական, թե՛ կրթական առումներով։ Անօթեւան երեխաների համար իրականացվում է փոքր ծրագիր՝ Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության հետ։ Զեյթունի ընդունիչ-բաշխիչ կայանում եւ Վարդաշենի գիշերօթիկ դպրոցում աշխատանքները տարվում են հոգեբանական օգնության, նրանց ապրելու պայմանները բարելավելու, անօթեւան երեխաների եւ նրանց ընտանիքների հետ կապն ուժեղացնելու ուղղությամբ (անօթեւանների մեջ շատ են ընտանիք ունեցողները)։ Գիշերօթիկ դպրոցների բուժանձնակազմի համար կազմակերպվում են մեկշաբաթյա դասընթացներ։

– Առողջապահության նախարարի փոփոխությունն ինչպե՞ս է անդրադառնում այդ ոլորտի քաղաքականության վրա եւ ձեր ծրագրերի վրա մասնավորապես։ 

– Առողջապահության ասպարեզում հատկապես մեզ հետ կապված փոփոխություններ քիչ են եղել։ Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա դա այն է, որ մեր առաջնային ծրագրերն ավելի են կարեւորվել։ Այս առնչությամբ կանխարգելիչ ծրագրերը նպաստում են դեղորայքի գները ցածր պահելուն։ Մեկ մտահոգություն ունենք. սոցիալապես անապահով մասը քիչ է դիմում բուժօգնության։ Անհրաժեշտ է նրանց տալ անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն։

– Իսկ սոցիալական քաղաքականության մասի՞ն։

– Ես կարող եմ խոսել երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի շրջանակներում։ Ըստ կոնվենցիայի՝ երեխաները ունեն բուժօգնություն ստանալու իրավունք։ Եվ եթե ընտանիքը չի կարողանում այն ապահովել, ուրեմն՝ կառավարությունը պարտավոր է իր վրա վերցնել այդ խնդրի լուծումը։

– Պրոբլեմներ ունենո՞ւմ եք՝ կապված Հայաստանի օրենսդրական դաշտի անկատարության հետ։

– Իհարկե, օրինակ, յոդի պակասության հետ կապված։ Օրենքով՝ ներկրված աղը յոդացված պիտի լինի, սակայն այդպես չէ։ Ցանկալի է, լիներ օրենք երեխաների հավելյալ սնունդը գովազդելու մասին։ Այդ գովազդների հետեւանքով նորածին երեխա ունեցող մայրերի մեջ դրանց նկատմամբ դրական մոտեցում եւ լավ վերաբերմունք է ձեւավորվում։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դրանք մայրական կաթից շատ ավելի լավն են։ Սակայն առնվազն վեց ամիս մայրը պիտի կրծքով կերակրի։ Վտանգավոր է նաեւ ծխախոտի գովազդը։ Հայաստանում անհրաժեշտ է մշակել ստանդարտներ երեխաների եւ կանանց գաղութների, մանկական գիշերօթիկ հաստատությունների համար։ Պարտադիր են դպրոց ընդունվելու, աշխատանքային գործունեություն սկսելու մասին ստանդարտները։ Իսկ ընդհանրապես Հայաստանում շատ կան օրենքներ, որոնք չեն կիրառվում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031