Լրահոս
Օրվա լրահոսը

Էջեր ձուլարանի պատմությունից

Մարտ 02,1999 00:00
Alaverdi

Ավելի քան երկուսուկես դար առաջ է ձեւավորվել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը։ 1971-ին ալավերդցիները մեծ շուքով տոնեցին Լեռնամետալուրգիական կոմբինատի 200-ամյակը։

Իսկ նրանից առա՞ջ։ Պատմական հնագույն աղբյուրներում հիշատակումներ կան, որ Լոռվա լեռնաշխարհը մեր թվագրությունից առաջ 9-7-րդ դարերում պղինձ է տվել (ժամանակակից բառապաշարով՝ արտահանել է) Բաբելոնին, Ասորեստանին, Եգիպտոսին, Բյուզանդիային։ Հնագիտական պեղումները հաստատել են, որ Լալվար գետի ափին մեր թվագրությունից 3000 տարի առաջ ձուլման հրաշքը հայտնի է եղել Լալվարի փեշերին ապրողներին։ Այստեղ են լոռեցիներն իրենց աչքերով առաջին անգամ տեսել էլեկտրական լույսի հրաշքը՝ Դեբեդ գետի վրա կառուցած առաջին հիդրոկայանից։

Խորհրդային տարիներին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը հասավ վիթխարի հզորության։ 1950-1980-ական թվականներին կոմբինատը տարեկան արտադրում էր 50-52 հազար տոննա մաքուր զտված պղինձ, 300-350 հազար տոննա ծծմբական թթու։ Ձուլման պրոցեսում անջատվում էր նաեւ 30% ծծումբ, որը կորզվում է ծծմբաթթվի արտադրամասում։ Դա էլ ջրի հետ դառնում էր ծծմբական թթու. կոմբինատն արտադրում էր նաեւ 40-45 հազար տոննա պղնձարջասպ, որը լիովին բավարարում էր Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի այգեգործությանը։ Արտահանվում էր նաեւ Եվրոպա. հատկապես Բուլղարիա, Չեխոսլովակիա։ Արտադրում էր մեկ-մեկուկես տոննա ոսկի, 15-20 տոննա արծաթ։ 1985 թվականին փակվեց կոմբինատը։ Քանդվեց, ավերվեց նաեւ ձուլարանը։

Կոմբինատում ձեւավորվել էր անվանի ձուլողների մի սքանչելի սերունդ. Իսահակ Պապոյանը (ձուլման արտադրամասի պետ), Հակոբ Մոսինյանը (ձուլման արտադրամասի ավագ վարպետ), Մանթաշ Սիմոնյանը, Հովհաննես Սարգսյանը, Վանո Վերմիշյանը, Արշակ Ղազարյանը (ավագ ձուլող), որն արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, Հմայակ Աբելյանը, Զարմայիլ Հակոբյանը, Ասատուր Սարգսյանը, Իլյա Գրիգորյանը, Աշոտ Սիմոնյանը։

Կոմբինատը ոչ միայն փակվեց, այլեւ ավերվեց։ 3600 բանվոր մնաց անգործ։ Փակվեցին քաղաքի բոլոր արտադրական ձեռնարկությունները։ Ալավերդում արդեն ապրում էր ավելի քան 26 հազար բնակիչ, կարիք զգացվեց վերականգնել ձուլարանը։ Հին վարպետներից շատերը չկան։ Մյուսներն էլ անցել են թոշակի։

Հիմա ձուլարանը պղինձ է արտադրում. սեւ պղինձ։ Ձուլարանի հարյուր մետրանոց ծխնելույզից դուրս է գալիս ծուխն ու թեքվում Լալվարի լանջն ի վեր։ Հիմա ծխից չեն գանգատվում։ Քաղաքը նյութական ծանր վիճակում է. աշխատանք չկա… Եթե ձուլարանը նորից մտնի իր բնականոն ընթացքի մեջ… այսօր վերածնվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Առայժմ շատ էլ որոշակի չէ, թե հեռանկարում ի՞նչ պիտի արտադրի, ո՞ւմ համար։ Հալում են հիմա հանքաքարը եւ կաղապարում սեւ պղինձը…

Սկսվում է Ալավերդու պղնձաձուլական գործարանի նոր պատմությունը՝ իր նոր անունով։ Գործարանում ձեւավորվում է ձուլող վարպետների նոր սերունդ, որ գործարանի պատմության մեջ կմտնի իր աշխատանքային նոր խանդավառությամբ ու երանելի հեռանկարով։

ՀԱՅԿԱԶ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031