Այսօր կոլեկտիվը կանգնած է հյուրանոցի կատարված վաճառքի փաստի առջեւ։ Կոլեկտիվը հասկանում եւ պարզ գիտակցում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, որ հնարավոր չէ փոխել 1994 թ. ԱԺ որոշումը՝ ոչ լիովին հասկանալի եւ ոչ լիովին բանական, որի համաձայն անմասն թողնվեց սեփական ժողովուրդը։
Այսօր կոլեկտիվը չի պատրաստվում վիճարկել վիթխարի, թափ ստացած սեփականաշնորհման պրոցեսը, չի պատրաստվում դիմակայել կառավարական որոշումներին եւ կապիտալ ներդրումներին։
Այսօր կոլեկտիվի խնդիրը բոլորովին այլ է։ Մենք ուզում ենք, որ մեզ ըմբռնումով մոտենան եւ ուզում ենք ինքներս էլ ավելին հասկանալ, ցանկանում ենք հստակություն եւ հրապարակայնություն։
Ինչո՞ւ «Արմենիա» հ/համալիրի կոլեկտիվը, որը երկար տարիներ աշխատում էր ի փառք պետության եւ լինելով օրինակելի հարկատու, բերելով պետությանը մեծ շահույթներ, չէր տեղեկացվել այն մասին, թե որտե՞ղ, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է վաճառվեր արտասահմանյան մրցույթով հանրապետության լավագույն եւ միակ ներկայացուցչական հյուրանոցը։
Կարդացեք նաև
Մի՞թե կոլեկտիվի այս ցանկությունը հանցավոր է եւ կարող է գնահատվել որպես օրենքին անհնազանդություն։
Այսօր կոլեկտիվին մեղադրում են, որ պահանջում է իր իրավունքների պաշտպանությունը, պահանջում է աջակցություն իր իսկ կառավարությունից, ըմբռնում հանրությունից, պահանջում է չվաճառված բաժնետոմսերի 20 տոկոսը պետությունից, ի փառք որի երկար տարիներ ծառայել է։
Այո, հյուրանոցի կոլեկտիվը ցանկանում է դառնալ ոչ միայն 20 տոկոսի արտոնյալ բաժնետոմսերի տերը, որոնց նախնական գինը եղել է 10.000 դրամ, այլեւ ցանկանում է իմանալ, ինչպիսին է 40.000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը, որոնք եղել են «Արմենիայի» հաշվեհամարի վրա «Արդշինբանկում» մինչ վաճառքը, որի հաշվին պետք է բարձրանային աշխատավարձերը, ինչպես նաեւ ցանկանում է իմանալ՝ կվերադարձվե՞ն արդյոք օլիմպիադայի պարտքերը, թե այս էլ, ինչպես մյուսները կմատնվեն մոռացության մեր այսօրվա «բարեփոխվող» երկրում։
Այսօր կոլեկտիվը աշխատում է ինչպես եւ նախկինում, սակայն արդեն «Մարիոտտի» ղեկավարության ներքո։
5-րդ ամիսն է՝ ինչ կոլեկտիվը աշխատում է «Մարիոտտի» հետ, աշխատում է իր սովորական ռիթմով եւ որեւէ պրոբլեմ չունի ղեկավարության հետ։
Նորաստեղծ արհմիությունը ներկայացրել է ներկայիս ղեկավարությանը քննարկման կոլեկտիվ պայմանագիրը եւ 13-րդ աշխատավարձի հարցը, որի համար գլխավոր տնօրեն Ա. Սամպատը ժամանակ խնդրեց։
Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում։ Հարցը հռետորական է։ Մենք որոշեցինք դիմել երկրի նախագահին եւ վարչապետին։ Պատասխանը լռությունն էր։
Մենք դիմեցինք առեւտրի եւ սեփականաշնորհման նախարարություններին։ Պատասխաններ ստացանք, բայց ոչ բավարար։
Եվ միայն ԱԺ-ի պետաիրավական հանձնախումբը, Ա. Բաղդասարյանի ղեկավարությամբ, արձագանքեց եւ հանդիպեց կոլեկտիվի հետ։
«Արմենիայի» հարցը մտավ ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգի մեջ եւ տեղ գտավ աղմուկ հանած «ԱրմենՏելի», «Կոնյակի» եւ Ավիաուղիների կողքին։
Ամբողջ հույսը կոլեկտիվը առայժմ կապել է ԱԺ-ի հետ։
Սակայն հետեւելով խորհրդարանին, որին սպառնում է հնարավոր լուծարումը եւ տեսնելով, թե ինչպիսի պրոցեսներ են տեղի ունենում հանրապետությունում, որոնց անկանխագուշակելի հետեւանքները ակնհայտ են կոլեկտիվին, հավանաբար, մնում է հույսը դնել Աստծո կամքին՝ շարունակելով մնալ աղքատ ու թշվառ՝ իր իսկ հարազատ հողի վրա։
«Արմենիա» հյուրանոցային համալիրի կոլեկտիվ