11 տարի է բաժանում փետրվարյան այն օրերից, երբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ ահավոր ոճրագործություն։ Քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց զանգվածային կոտորածի ադրբեջանական ղեկավարության աչքի առաջ, նրա անմիջական մասնակցությամբ, Մոսկվայի լուռ համաձայնությամբ։
Փետրվարի 28-ին մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, կրթօջախների կոլեկտիվներ այցելեցին մայրաքաղաքի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Առավոտից մինչեւ երեկո մարդկանց հոսքը չէր դադարում։ Հուշահամալիր այցելեցին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, իսկ ժամը 11.00-ին՝ ԱԺ նախագահ Օ. Եսայանը, վարչապետ Ժ. Պողոսյանը, պաշտպանության նախարար Ս. Բաբայանը, անվտանգության խորհրդի քարտուղար Ս. Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ եկան իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։
Ծաղկեպսակներ դրվեցին ԼՂՀ իշխանությունների, ՊՆ, ՆԳ նախարարության, Ազգային անվտանգության վարչության, քաղաքապետարանի կողմից։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ