ԱԺ-ն վերջապես, արտահերթ նստաշրջանում շարունակեց «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» եւ «Հայաստանի ազգային ռադիո» ՊԲԸ կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի օրեր առաջ ընդհատված քննարկումը: Քվեարկություն, սակայն, չեղավ: Օրենքի նախագծի շուրջ պարզաբանումների համար դիմեցինք խորհրդարանում «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ներկայացնող Այդին Մորիկյանին:
-Օրենքի նախագիծը ներկայացնելիս ես արդեն բացատրեցի դրա ի հայտ գալու դրդապատճառները: Տեղեկատվության եւ քարոզչության բնագավառի գործունեությունից բոլորս պարբերաբար մեր դժգոհությունն ենք արտահայտում, բայցեւ սահմանափակվում ենք այդքանով, համարելով մեր անելիքն ավարտված: Մինչդեռ եթե արմատական տեղաշարժ ենք ուզում, պետք է մտածենք կայուն օրենսդրական դաշտի ստեղծման եւ գործող օրենքներով այդ դաշտի կանոնակարգման մասին: Իսկ մենք առաջնորդվում ենք օրվա խնդիրներով, օրվա քաղաքականությունը օրվա հետ փոխելով: Որովհետեւ չունենք պետական հստա՛կ, համակարգվա՛ծ դիրքորոշում եւ նույնպիսի ծրագիր:
Որպես հարցի քննարկման արդյունք՝ նշեմ երկու, իմ կարծիքով, իրարամերժ, բայցեւ միաժամանակ կարեւոր եզրահանգում: Ազգային ժողովը՝ համաձայնելով կամ չհամաձայնելով ներկայացված նախագծին, այն ավելի կատարյալ եւ բոլորի համար ընդունելի դարձնելու նկատառումով դիտողություններ եւ ուշագրավ առաջարկություններ անելով իսկ փաստեց ամենագլխավորը՝ քննարկման նյութ կա՛ր եւ կա՛: Ի հակակշիռ Ազգային ժողովի՝ կառավարությունը մնաց «անդրդվելի»: Եվ եթե վարչապետի ստորագրած գրավոր կարծիքից արդեն իսկ պարզ էր, որ կառավարությունը չի հասկացել ներկայացված նախագծի էությունը, ապա արդարադատության նախարարի ելույթից պարզ դարձավ նաեւ, որ նրանք այս նախագծի էությունը հասկանալու ցանկություն իսկ չունեն:
Օրենքի նախագծում խոսքը ԱԺ-ում ներկայացված խումբ-խմբակցություններին Ազգային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով խոսել-չխոսելու լրացուցիչ հնարավորության մասին չէ: Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին չէ: Մինչդեռ հենց այս ամենի դեմ է, այսպես ասած, «պայքարում» կառավարությունը: Կարծում եմ՝ հայերենի իմացության միջին (ոչ ավելի) մակարդակը եւ տրամաբանության փոքր-ինչ առկայությունն անգամ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս հասկանալու, որ կառավարությունը պայքարում է մի բանի դեմ, որն ուղղակի չկա: Խիստ համառոտ անդրադառնամ նաեւ արդարադատության նախարարի խոսքին: Նա միանգամայն իրավացիորեն նշեց, որ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը»: Ոչ ոք չի վիճարկում այս դրույթը: Առավել եւս՝ այս նախագիծը: Հեռուստատեսությունն ու ռադիոն որպես տեղեկատվական, քարոզչական, գաղափարական հիմնարկներ, էապես տարբերվում են, ասենք, կոշիկի գործարանից: Եվ թե՛ նախագծի հեղինակները, թե՛ յուրաքանչյուր մտածող մարդ չի կարող ընդունել, որ հարկատուների անաչառ եւ համակողմանի տեղեկություններ ստանալու իրավունքը պետական սեփականություն է:
Կարդացեք նաև
Իսկ ֆինանսական, նյութատեխնիկական եւ տնտեսական գործունեությունը ղեկավարելու մասին նախագծում տառ անգամ չկա: Մարդկանց քաղաքական դիրքորոշումները ձեւավորելը պետական սեփականություն լինել չի կարող: Ճաշակի ձեւավորումը, ինտելեկտուալ եւ հոգեւոր ոլորտը պետական սեփականություն չեն կարող լինել:
Ստեղծագործական ազատությունը թե՛ տեղեկատվության եւ թե՛ մեկնաբանությունների անաչառություն է ենթադրում: Ստեղծագործական ազատության հետ, օրինակ, ոչ մի կապ չունի այն իրողությունը, որ եթերով հնչում է որոշակի ենթատեքստ եւ քարոզչական նպատակ հետապնդող հարցը, իսկ դրան հաջորդող պատասխանին տեղ չի տրվում: Դա ոչ թե ստեղծագործական ազատություն է, այլ խնդրի էության պարզ նենգափոխում՝ հստակ նպատակադրմամբ: Ստեղծագործական ազատության ջատագովներին հիշեցնեմ համենայն դեպս դրա օրինակելի ձեւը. հնչեցնել հարցը, այնուհետեւ պատասխանը եւ իսկապես ազատ, սակայն միաժամանակ փաստարկված եւ անաչառ մեկնաբանություններ անել:
Ազգային Ժողովը իր խմբերով ու խմբակցություններով ներկայացնում է հանրապետության ընտրողների հիմնական մեծամասնությանը, եւ նրանք իրենց վճարած հարկերով պահվող պետական տեղեկատվական միջոցներին այս նախագծով հնարավորություն են տալիս ղեկավարել եւ վերահսկել իրենց ներկայացուցիչների միջոցով: Խմբերի-խմբակ-ցությունների ներկայացուցիչները կապահովեն իրական այլակարծությունը եթերում եւ անաչառ լրատվությունը, իսկ ստեղծագործական միությունների ներկայացուցիչները՝ գեղագիտական ու մշակութային մակարդակը: Օրենքի նախագիծը գնահատելու որոշակի համակարգ էր նախատեսում կադրերի ընտրության հարցում եւ ապահովագրում էր Տ1/4ՏՄ-ի ղեկավարին իր վերաբերյալ կամայական ու քմահաճ որոշումներից: Քննարկման ժամանակ ասվեց նաեւ, որ սա օրենք է Տիգրան Նաղդալյանի մասին: Բնավ: Դա եւս համարում եմ սկզբունքային սխալ: Մեր չափազանց քաղաքականացվածության հետեւանքն է, որ Տիգրան Նաղդալյանը նույնացվում է Ազգային հեռուստատեսության հետ: Օրենքների նախագծերը չեն գրվում անձերի համար, գրվում են հանուն որեւէ ոլորտի բնականոն գործառնության: Եվ եթե նույնիսկ քննարկվում է անձի խնդիր, ապա անաչառ լինելիս բոլորս պիտի ընդունենք, որ հիմքում օրենքի նախագիծը պաշտպանում է հենց անձին՝ նրան գործ անելու հնարավորություն տալով:
Փարատելով տարբեր կասկածներ, ասեմ, որ այս նախագիծն ավելի շատ վերաբերում էր հաջորդ Ազգային ժողովին: Իսկ վաղը, ինչպես այսօր հավաստում եւ երաշխավորում են իշխանությունները, տեղի են ունենալու արդար ընտրություններ՝ ասել է թե՝ գոնե վաղը ԱԺ-ում ընտրված յուրաքանչյուր պատգամավոր, յուրաքանչյուր խորհրդարանական խումբ եւ խմբակցություն իրավամբ ներկայացնելու է ժողովրդի կարծիքն ու ցանկությունը եւ նրանց կողմից ղեկավարվող այս ամենազանգվածային տեղեկատվամիջոցները, սույն նախագծին օրենքի ուժ տալու պայմաններում, իհարկե, հնարավորություն կունենային արտահայտել բոլոր ընտրողների կարծիքներն ու տրամադրությունները:
Վերջապես՝ եթե ֆինանսավորման առումով խառը համակարգ ենք ընտրում, կառավարման առումով ինչու՞ ենք վիճում: Ասել, որ պետբյուջեից ֆինանսավորման դեպքում դա անհնար է, համարում եմ սխալ, քանի որ հիշյալ ձեռնարկությունները միայն պետբյուջեից չեն ֆինանսավորվում, այլ զբաղվում են նաեւ կոմերցիոն գործունեությամբ: Եթե բերում ենք քաղաքակիրթ երկրների օրինակները, ապա պարտավոր ենք հիշել, որ եթե որեւէ քաղաքակիրթ երկրում ինչ-որ պետական տեղեկատվամիջոց կա, ապա այն կատարում է հստակ որոշված պետական խնդիրներ: Այդ ալիքներով գովազդ չի տրվում, մանավանդ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների: Իսկ անցման շրջանում, գտնվող երկրներում որպես անցումային շրջանի կառավարման մոդել, ընտրում են հիմնականում կիսապետական-կիսահասարակական տարբերակը:
Ուզում եմ հավատալ, որ մեր իրավահաջորդները բարի կամք ու խելամտություն կունենան ընթացք տալ քարոզչության ու տեղեկատվության ոլորտի պետական կանոնակարգմանը: Համոզված եմ, որ մեր երկրում երբեւէ կգիտակցվի, որ պետական տեղեկատվության եւ քարոզչության կազմակերպումն ազգային անվտանգության խնդիր է, եւ մենք բոլորս պատասխանատու ենք այդ ոլորտի բնականոն եւ ազգապաշտպան գործառնության համար: