Ազգային ժողովի Ընտրությունների օր նշանակվեց մայիսի 30-ը։ Թե ինչպես է պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին ԳիԱրՔՄի կուսակցությունը, որոշեցի պարզել կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանից, որն էլ նախօրոք հայտարարեց, որ իր ժամանակը շատ սուղ է, որովհետեւ NTB հեռուստաընկերությունից նկարահանող խումբ է գալու։ Ինչեւէ։
Փորձեցի տեղավորել իմ հարցերը այդ սուղ ժամանակի մեջ եւ պարզել ընտրությունների հնարավոր կանխատեսումները եւ իրենց՝ ընտրություններին մասնակցության աստիճանը։ Զրույցի ընթացքում նա ասաց, որ կուսակցությունը մասնակցելու է միայնակ, առանձին, սակայն չի բացառում նաեւ կուսակցության չմասնակցելը պատգամավորական ընտրություններին կամ էլ այլ կամ մի խումբ կուսակցությունների հետ միանալը։ Սակայն պրն Աղամալյանը դժվարանում էր բացահայտել, թե միանալու դեպքում ո՞ր կուսակցության հետ կմիանան, չնայած բարեկամական կապեր ունեն «Սահմանադրական իրավունք» դեմոկրատական, սոցիալիստական ուժերի միություն կուսակցությունների հետ։ Սակայն նա չժխտեց, որ միավորումը ուրիշ կուսակցությունների նույնպես հնարավոր է։
Ի պատասխան իմ հարցին, թե ինչպես է ինքն ընդունում նոր օրենսգիրքը եւ ինչ կարծիք ունի նրա մասին, նա հայտարարեց. «Օրենսգիրքը հաջող չէ, եւ այս օրենքները ժողովրդավարական կոչել չեք կարող եւ այստեղ շատ բաց տեղեր կան»։ Իսկ որպես օրենսգրքի թերություն՝ նա դառնացած խոսեց (գուցե մի քիչ էլ զայրացած) ընտրական գրավի, ստորագրությունների ու մեծամասնական ընտրություններին պատգամավորական տեղերին 60% հատկացնելու մասին։
Իսկ ընտրական գրավն էլ համարեց «ֆինանսական դիսկրիմինացիա»։ Եվ սրանից ինքնին հետեւում է եզրակացությունը. փոքր կուսակցությունները անհետանում են մեծ եւ ֆինանսապես ապահովվածների շուքի տակ։ Չնայած ինքը համարում է, որ իրենք մեծ գաղափարների ու մեծ ծրագրերի տեր են, եւ նաեւ չի բացառում լավ մարդկանց գոյությունը (պատրաստի կադրերի, որոնց համարում է պատրաստի դեպուտատներ, օրինակ՝ Սուրեն Զոլյան, Ռաֆայել Ղազարյան, Աղասի Արշակյան)։ Իսկ ընտրական ցուցակներն էլ կազմելու են հետեւյալ սկզբունքով. «Ցուցակի առաջին անունները պետք է ժողովրդին ճանաչելի լինեն,- հայտարարեց նա,- իսկ հետո էլ այն մարդկանց անունները պետք է հաջորդեն, որոնց քիչ պակաս է ճանաչում ժողովուրդը, բայց նրանք մեծ ավանդ են դրել կուսակցության համար»։
Կարդացեք նաև
Իսկ այն հարցին, թե ինչ քանակով մտավորականների ազգանուններ եւ կանայք են մտնելու այդ ցուցակների մեջ, նա, հավանաբար, ավելի արդարացի ու կարեւոր գտավ վաղուց արդեն արհեստական դարձած՝ կանանց հարցին (եւ իր ցանկությանն էլ հակառակ չգնալով) որոշեց չպատասխանել՝ պատճառաբանելով, որ բոլորն էլ պետք է ընտրվեն՝ լինի կին, թե՝ տղամարդ (եթե արժանի է)։ Մտավորականներին էլ չի բացառում։ «Գիտնականներ կլինեն, իհարկե։ Մեր կուսակցության 90%-ը մտավորական մարդիկ են։ Անգամ ես եմ գիտնական»։ Պրն Աղամալյանը կարեւորեց ընտրողների ցուցակների վերահսկման հարցը եւ, ցավով նշեց, որ շատ վատ է, որ վերահսկողությունը եւ ցուցակների մաքրման գործընթացը հանձնարարված է համայնքների ղեկավարներին։
ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ