1990 թ. – ձեւավորվեց լեգիտիմ օրենսդիր իշխանություն՝ ԳԽ։
1991 թ. – ընտրվեց ՀՀ լեգիտիմ նախագահ, բայց ոչ լեգիտիմ լիազորություններով։
1992-95 թթ. -կատարվեցին չբացահայտվող սպանություններ, տնտեսական հանցագործություններ, թալան։ Երկու իշխանություններն էլ արագ վարկաբեկվեցին՝ իրենց միջոցով վարկաբեկելով բոլոր այն վեհ գաղափարները, որոնց ալիքի վրա իշխանության եկան։ Գործադիր իշխանությունը վերածվեց հանցավորի։
1995 թ. կաթողիկոսի, ԱԺ ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեից հետո օրենսդիր իշխանությունը վերածվեց ոչ լեգիտիմի, սկսեցինք ապրել ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ, իսկ հոգեւոր ոլորտը վստահության ոչ արժանի հովվապետ ունեցավ (գուցե դրանո՞վ է պայմանավորված աղանդների ծաղկումը)։
Կարդացեք նաև
1996 թ. – նախագահական ընտրություններից հետո գործադիր իշխանությունը եւս դարձավ ոչ լեգիտիմ։ Դրան հաջորդեցին իրադարձություններ, որոնք այլեւս կասկածներ չթողեցին, որ մեր երկրում չի մնացել ոչ մի լեգիտիմ բան։ Իշխանության բոլոր օղակները վարակվեցին ԱԼԱ-ով (ԱԼԱ -անբավարար լեգիտիմության ախտանիշ)։
Նույնիսկ չափազանցված լոյալ վերաբերմունքի դեպքում էլ չենք կարող որեւէ էական լուսավոր կետ մտցնել այս ժամանակագրության մեջ։ Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը հնարավոր դարձավ Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի կամքի, կուսակցությունների, հասարակական կարծիքի ճնշումների շնորհիվ (հիշենք առաջին դաշինքը, կուսակցությունների աշխատանքը ԳԽ-ում եւ իշխանության պարալիզացված վիճակը, Վազգեն Մանուկյանի ՊՆ նշանակումը եւ բեկման սկիզբը պատերազմում)։ Իշխանությունների կատարած բոլոր լավ գործերը, եթե այդպիսիք կան, պետական գաղտնիք են։ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության ԲՈԼՈՐ թեւերը ոչ լեգիտիմ են։ Նրանք իրենց ԲՈԼՈՐ քայլերը սխալ են գցել։ Նույնիսկ Վազգեն եւ Սերժ Սարգսյանները կհամաձայնվեն, որ ժողովրդավարությունը միայն միջոց է տվյալ երկրի ազգային, մշակութային, տնտեսական նպատակներին հասնելու համար։ Որպես կառավարման ձեւ, այն, ըստ էության, հեռու է իդեալական լինելուց։ Շատ դեպքերում նույնիսկ էֆեկտիվ չէ (բանակ, ոստիկանություն)։ Սակայն որպես պետական, հասարակական կառավարման ձեւ, ինչպես Չերչիլն է ասել, դրանից լավը մարդկությունը դեռ չի ստեղծել (տես մարդկության փորձը)։ Ստացվել է այնպես, որ 20-րդ դարի վերջին երկու տարում ՀՀ-ում ժողովրդավարությունը վերահաստատելը դարձել է ԳԵՐՆՊԱՏԱԿ, իսկ այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը հենց իշխանություններն են։
Կան հարցեր, որոնց պատասխանները պետք է գտնել անպայման։ Առանց բացարձակ ճշմարտության հավակնության, կատարենք մի այդպիսի փորձ։
Հարց թիվ 1. ո՞վ պետք է լինի ավելի ուժեղ. իշխանությո՞ւնը, թե՞ հասարակությունը։ Ինչպե՞ս է մեզ մոտ։
1990 եւ 1991 թթ. ընտրությունները եւ դրանց հետեւող հասարակական-քաղաքական կյանքը ցույց են տալիս, որ նույնիսկ լեգիտիմ իշխանությունները լիովին չեն երաշխավորում ժողովրդավարության անշրջելիությունը։ Այդ թվականներին հասարակությունը զգալիորեն ավելի ուժեղ էր իշխանությունից եւ միայն դրա շնորհիվ էր, որ Հայաստանում կատարվեց թավշյա իշխանափոխություն։ Հասարակությունն այժմ փաստացի ենթակա է դարձել ցանկացած կոպիտ ճնշման։ Դեր խաղաց նաեւ կուսակցությունների նոր եւ անփորձ լինելը, չճանաչվածությունը։ Դրան հակառակ՝ իշխանությունը, հենց պատերազմական դրությունից օգտվելով, հող նախապատրաստեց սեփական անփոխարինելիությունը ապահովելու համար։
Հարց թիվ 2. ինչպիսի՞ն են իշխանության եւ հասարակության փոխհարաբերությունները։
Կատեգորիկ կարելի է պնդել, որ դրանք ավտոնոմ են։ Իշխանությունը եւ հասարակությունը շփվում են իրար հետ այնքան, որքան իրար մեջ եղած հակադրություններն են՝ հարկեր, վարձեր, կաշառքներ, դատավարություններ եւ այլն։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը սրան անտեղյակ է, մինչդեռ հասարակությունը քաջ գիտի։
Բանն այն է, որ ՆԳ, ԱԱ մարմինները գիշեր-ցերեկ աշխատում են, տեղեկատվություն հավաքում եւ, չենք կարծում, որ դեպի վերեւ միայն խեղաթյուրված տեղեկատվություն է հոսում։ Իշխանությունը չի կարող չիմանալ իրերի իրական դրությունը։
Հարց թիվ 3. ինչպե՞ս գործեն այս պայմաններում կուսակցությունները, անհատները։
ՀՀ-ում առաջացել է փակ շրջան։ Իշխանություններին հաջողվում է, չեզոքացնելով հասարակությանը, հաշվեհարդար տեսնել կուսակցությունների հետ՝ մի մասին փոքրիկ փշրանքներ նետելու միջոցով։ Ամեն դեպքում, խաղալով իշխանության դաշտում, նրա խաղի կանոններով, դուք անխուսափելիորեն պարտություն կկրեք (մաքուր արդյունքի իմաստով), որովհետեւ.
ա) կանոնները փոխում են իրենք եւ անկանխատեսելիորեն,
բ) դրան հակադրվող ցանկացած էֆեկտիվ գործողություն դիտվում է որպես օրենքի խախտում։
Հանրապետական կուսակցության համագումարում հնչած վճռական տրամադրությունը՝ ապագա ԱԺ-ում ունենալ որակյալ մեծամասնություն (հաշվի չառնելով այժմյան 0-ին մոտիկ սեփական ռեյտինգը), ոչ մի կասկած չի թողնում սպասվող ընտրություններում կիրառվելիք մեթոդների եւ եղանակների անօրինականության մեջ։
Այս պայմաններում միակ էֆեկտիվ միջոցը մնում է դաշտի փոփոխությունը եւ խաղի սեփական կանոնների մշակումը։ Եթե իշխանությունը կարող է խախտել օրենքը, ապա մենք պնդում ենք, որ ցանկացած քաղաքացի կարող է կատարել դրան հակադրվող ցանկացած գործողություն։ Այսօր ՀՀ-ում չի կարող լինել ոչ մի տնտեսական, սոցիալական, մշակութային խնդիր։ Դրանց զարգացմանն ուղղված ցանկացած ծրագիր դատապարտված է։ Այսօր ՀՀ-ում կա մեկ խնդիր, առաջին քայլի խնդիր-օրինական իշխանություն ընտրելու խնդիր։
Գուցե արժե, որ ժողովուրդը ստեղծի ընտրությունների արդարության պաշտպանության բանակ, որը կունենա իր «զորքը» ընտրական տեղամասերում եւ խախտման յուրաքանչյուր փորձ կխափանի նույն պահին՝ սեփական հայեցողությամբ։
Եզրակացություններ.
1. Քանի դեռ իշխանությունը ուժեղ է հասարակությունից, նույնիսկ դրա լեգիտիմ տեսակը ենթակա է փչացման։
2. Երկրի զարգացումը ապահովելու համար իշխանության եւ հասարակության հարաբերությունները չեն կարող մշտապես լինել հակադրության մեջ։
3. ԱԼԱ-ով վարակված իշխանությունների օրոք հասարակությունը կարող է գործել սեփական հայեցողությամբ։
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԺՄ Եղեգնաձորի տարածքային կազմակերպության նախագահ