Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «Ի ԳՈՐԾ»

Մարտ 02,1999 00:00
KarenDemirchyan

Իշխանությունը վերադարձնել ժողովրդին

Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության առաջին համագումարը ներկաների հագուկապով իսկ արդեն որոշակի ընդհանրացումների հնարավորություն տալիս է։

Չգիտեմ, թե որքանով է օբյեկտիվ տպավորությունս, սակայն, կարծես, սափրված տղամարդկանց ու կոկված-սոկված կանանց այդ բազմության մեծամասնությունը ոչ այնքան Դեմիրճյանի կողքին տքնելու ու աշխատելու համար է հավաքվել, որքան Դեմիրճյանին հասանելիք դափնիները վայելելու։ Թեպետ, ինչպես ՀԺԿ նախագահը հարկ համարեց ընդգծել, ավարտվել է պայքարողների ժամանակը, ու եկել է աշխատողներինը։ Պատահական չէ, որ համագումարի առաջին օրն արտասանած իր խոսքը նա ավարտեց «Ի գործ» կոչով։

Իսկ մինչեւ այդ նախորդել էր տեսական ու մեթոդական գիտելիքների մատուցման գործընթացը, որոնք տեղ էին գտել Կարեն Դեմիրճյանի ելույթում։ Իմ տպավորությամբ, դա դասախոսություն էր՝ «Ինչպես վարել քաղաքականություն եւ տնտեսություն աշխատեցնել» թեմայով՝ ոչ այնքան ներկաների, որքան քաղաքական ընդդիմության եւ մանավանդ իշխանությունների համար։

Սակայն, քանի որ համագումարը առաջինը լինելով հանդերձ, նաեւ նախընտրական տրամադրությունների կրողն էր, մի փոքր ավելի մանրամասն այդ թեմայով։ Նախ, հատվածներ Կարեն Դեմիրճյանի խոսքից. «Ցանկացած ոտնձգություն ընտրական արդյունքների նկատմամբ ծանր հանցագործություն է ժողովրդի եւ պետության հանդեպ։ Ընտրություններում խախտումներ եւ խեղաթյուրումներ կատարողները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ։ Մենք ունենք 1160 սկզբնական կազմակերպություն 53 տարածքներում, ընդհանուր թվով՝ 25 հազար կուսակցական։ Պետք է մեզ վայել ներկայություն ունենանք ԱԺ-ում։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ոչ թե այս կամ այն գործչի, այլ երկրի եւ ժողովրդի հարցն են լուծելու։ Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Սա պրեզիդենտական ընտրությունների նման չի լինելու, որ երբ վերջանան, թեկնածուներն այլեւս խոսելու իրավունք չունենան։ Այս անգամ բոլոր դեպքերում, ՀԺԿ-ից դեպուտատներ կընտրվեն։ Ուստի հիմիկվանից ասում ենք այդ մարդկանց. իզուր տեղը ձեզ կրակը չգցեք։ Ազնիվ ու արդար աշխատեք՝ ի՞նչ է պատահել»։

Ասենք, որ Կարեն Դեմիրճյանի արտահայտություններն ընտրությունների արդար եւ մաքուր լինելու պահանջով, դահլիճում անարձագանք չմնացին։ Ավելին՝ եթե նույնիսկ Դեմիրճյանը չխոսեր դրա մասին, շեշտադրումները գուցե թե ավելի կտրուկ լինեին։ Կապանի ներկայացուցիչն, օրինակ, տեղեկացրեց, թե իրենց քաղաքում մեռելները դուրս են եկել գերեզմաններից, քվեարկել Քոչարյանի օգտին, ու այնուհետեւ նորից վերադարձել գերեզմանոց։ Նաիրիի շրջանի ՀԺԿ տարածքային կազմակերպության ղեկավարը հայտարարեց, թե ժողովուրդն իր քվեն տվել եւ էլի տալու է Կարեն Դեմիրճյանին, սակայն այս անգամ անհրաժեշտ է, որ վերջինս տեր կանգնի իր ձայնին ու հավատին, հավատին՝ արդարության նկատմամբ։

Բացառիկ էր Չարենցավանի ներկայացուցչի ելույթը։ Ընտրական թեման այստեղ եւս երկրորդական պլան չէր մղված։ Հայտարարվեց, թե ժողովուրդը միավորված է եւ պատրաստ է տեր կանգնել իր քվեին, խոսքը Չարենցավանի մասին է, եւ ընտրություններում խախտումներ նկատելուն պես իր դատն անել թե՛ լավ տղերքի, եւ թե՛ լավ նախարարների հետ։ Իսկ լավ նախարարներին նա հիշատակեց այն հիմքով, որովհետեւ նրանք դեբիլներ են։ Չե՞ք հավատում՝ իզուր։ Օրինակ՝ Չարենցավանի այդ ներկայացուցիչը հետեւյալ հայտարարությամբ հանդես եկավ. «Հարգելի արհեստավարժներ, հարգելի դեբիլներ, հեռուստատեսությամբ ասում եք, որ Չարենցավանի հարցը կառավարությունում քննելու եք փետրվարի 30-ին, մոռանալով, որ փետրվարը 30 չունի»։

Ազգային հեռուստատեսությունից բացի, բաժին հասավ նաեւ «Առավոտ» թերթին՝ այս անգամ Սիլվա Կապուտիկյանի կողմից։ Նա ասաց, թե «Առավոտը» ծաղրում է ազգային մտավորականությանն այն ժամանակ, երբ Ալիեւը հայտարարում է, թե կգրավեն Հայաստանն էլ, Երեւանն էլ։ Ակնհայտ է, որ տիկին Սիլվան ժամանակային խառնաշփոթի մեջ է ընկել։

Համագումարի ավարտին, հայտնվելով լրագրողների շրջապատում, Կարեն Դեմիրճյանը պարզաբանումներ տվեց մի շարք հարցերի շուրջ։

Առաջին հարցերը, ինչպես եւ սպասվում էր, վերաբերում էին առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կարեն Դեմիրճյանն ասաց, թե իրենք եւս նույնքան վճռական են, որքան ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն. իշխանություններն այնքան խոհեմ կլինեն, որպեսզի ապահովեն ազատ ու մաքուր ընտրություններ։ Ոչ արդար ճանապարհով ընտրվածը վերջին չի հասնում։ Ով հաղթի՝ հաղթի. նա էլ կունենա ժողովրդի արդար մանդատը։

Կարեն Դեմիրճյանը հիմնավորեց տարածքային կազմակերպությունների ղեկավարների ՀԺԿ վարչության կազմում ընդգրկվելու անհրաժեշտությունը. քանի որ նրանք կուսակցությունը ստեղծողներն են, ուստի պետք է լինեն ղեկավար մարմնում։

ՀԺԿ նախագահը մեկ անգամ եւս կրկնեց այն միտքը, թե խելացի մարդը հիմարությունը մեկ անգամից ավելի կրկնելու իրավունք չունի, գոնե պետք է մտածի տեսականու մասին եւ ուրիշ հիմարություն ասի։ Թե չէ՝ զզվեցրին, նոմենկլատուրա, շաքարախտ, կարոտախտ դատողություններով, այն մտայնությամբ, թե բերեք Դեմիրճյանի կուսակցությանն էլ այսպես վարկաբեկենք։

Իսկ ինչ վերաբերում է նոմենկլատուրայի ներկայացուցիչներին, ապա տեղ կունենան միայն նրանք, ովքեր համապատասխանում են որոշակի աշխատանքի եւ լավից բացի այլ բան չեն կարող անել։

Ներկաներից մեկն, իր իսկ խոսքերով, հիպոթետիկ մի նախադասություն ասաց՝ հնարավո՞ր է որ Կարեն Դեմիրճյանը դառնա ԱԺ նախագահ։ Դեմիրճյանն էլ ասաց, թե հիպոթետիկ մտայնություններ ինքը չի քննարկելու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031