Լրահոս
Օրվա լրահոսը

25 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ, 50-Ը ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մարտ 02,1999 00:00
Bezirjyan

Անկախ նրանից, Ընտրական օրենսգիրքը քաղաքական որ շրջանակում որքանով է ընդունելի կամ մերժելի, այդ փաստաթուղթն ըստ գործող օրենքների, փետրվարի 28-ից արդեն մտել է ուժի մեջ։ Դա համընկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը նպատակաուղղված առաջին նիստին, որի ժամանակ եւ որոշումներ ընդունվեցին։

Նշյալ կառույցի նախագահ Խաչատուր Բեզիրջյանը մեզ հետ զրույցում ծանուցեց, որ նախապես ստեղծվել էր աշխատախումբ՝ կազմված ԿԸՀ անդամներից, որի նպատակն էր քարտեզագրել ՀՀ տարածքն ըստ մեծամասնական ընտրատարածքների։ Այս անգամ դրանց թիվը 75-ն է՝ 95-ի ընտրությունների 150-ի փոխարեն։

Քանի որ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ ընտրատարածքները լինեն միասնական, առանց անկլավների, ուստի, ինչպես պարոն Բեզիրջյանը տեղեկացրեց՝ աշխատախումբը նախընտրել է քարտեզագրումն իրականացնել վարչատարածքային միավորների, այդ թվում եւ նախկին միավորների շրջանակներում, եթե դա, իհարկե, թույլ է տվել ընտրողների թիվը։ Դրա վերաբերյալ տեղեկանքը մեզ է ներկայացնում ԿԸՀ փոխնախագահ Ռուբեն Մանուկյանը. «Մեզ՝ մարզպետների ստորագրություններով տված տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ Հայաստանում ունենք 2 մլն 220 հազար ընտրող։ Միջին թիվն ամեն ընտրատարածքում՝ 29500- 29700 ընտրող է։ Մենք իրավունք ունենք մինչեւ 15 տոկոս շեղում տալ ընտրատարածքների միջեւ»։

Օգտվելով առիթից, պարոն Մանուկյանից պարզաբանումներ ստացանք նաեւ Էդվարդ Եգորյանի օրերս արած այն հայտարարության վերաբերյալ, թե արդեն գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ընտրացուցակներում շուրջ 1 միլիոն մեռած հոգի ընդգրկել։ Խոսքն արտասահման մեկնածների մասին է, ովքեր պետք է հաշվառվեն թե մշտական բնակության վայրերում, եւ թե ընտրվելու վայրում քվեարկելու իրավունք ստանան։

Մեր զրուցակիցը պարզաբանեց, որ, իրոք, ընտրողը պետք է ընդգրկվի իր հաշվառման վայրի ցուցակներում։ Դա օրենքի պահանջն է, ուստի իրենք իրավասու չեն ցուցակներից հանել արտասահման մեկնածներին։ Ինչ վերաբերում է վերջիններիս ընտրական ակտիվությանը, ապա «փորձը ցույց է տալիս, որ, չնայած նախորդող աղմուկին, Ռուսաստանում ամեն անգամ հազիվ 6000 ընտրող է մասնակցում ընտրություններին»։

«Ամբողջ արտասահմանում մոտ 10000 մարդ». այս լրացումը մեր զրույցին ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը կատարեց, որի հետ վերստին անդրադարձանք ընտրատարածքների բաժանման խնդրին։ Նա ասաց, թե քարտեզագրումն իրականացվել է փոխզիջումների եւ համաձայնությունների հիման վրա։ Աշխատախմբում ընդգրկված էին տարբեր կուսակցություններ՝ ԱԺՄ-ն, ԻՄ-ը, ՀՀՇ-ն, Հանրապետականը եւ մյուսներին ներկայացնող ԿԸՀ 10 անդամ։ Իհարկե, վիճելի հարցեր նույնպես եղել են։ Ամենավերջում մնացել էր 6 դիտողություն, որոնց առջեւ սակայն ԿԸՀ-ն իր քվեարկությամբ կանաչ լույս չվառեց։

Հիմա ներկայացնենք տեղեկանք, արդեն վերջնական տեսք ստացած մեծամասնական ընտրատարածքների վերաբերյալ։ Դրանցից 25-ը Երեւանում է՝ 4-ը Շենգավիթում, 3-ական Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Նոր-Նորքում, Կենտրոնում եւ Էրեբունիում։ Ի դեպ, Էրեբունի համայնքի ընտրատարածքներն իրենց մեջ են կլանել նաեւ Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն թաղերն ամբողջությամբ։ 2-ական ընտրատարածքներ բաժին են հասել Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ համայնքներին։ Աջափնյակի մի մասը տրվել է Դավիթաշենին, որով եւ ձեւավորվել է մեկ ընտրատարածք։ Մեկ ընտրատարածք է նաեւ Ավան թաղամասը։

Մնացած 50 ընտրատարածքների բաշխումն ըստ մարզերի ունի հետեւյալ պատկերը՝ Լոռի՝ 8, Կոտայք, Շիրակ՝ 7-ական, Արմավիր, Արարատ՝ 6-ական։ 5-ական ընտրատարածք կա Գեղարքունիքում եւ Սյունիքում։ Սիսական աշխարհի ընտրատարածքներից մեկում է ներառվել Վայոց ձորի Ջերմուկի ենթաշրջանը, իսկ Կապան քաղաքը դարձել է առանձին ընտրատարածք։ Նույնը՝ Գորիսի նախկին ամբողջ շրջանը։ 3-ական ընտրատարածք են ընդգրկում Արագածոտնի եւ Տավուշի մարզերը, իսկ Վայոց ձորն ընդամենը 1 ընտրատարածք է։

Ընտրական գործընթացն, ինչպես տեսնում եք, թափ է հավաքում, սակայն, դրանով հանդերձ, չեն մարել վեճերն արդեն գործող Ընտրական օրենսգրքի շուրջ։ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն, ասենք, առաջարկում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել նախկին օրենքով։ Խաչատուր Բեզիրջյանն այսօրվա դրությամբ դա բացառում է, որովհետեւ «նախկին օրենքը Հայաստանում նախատեսում է 190 ընտրատարածք, իսկ Սահմանադրությունը պահանջում է, որ լինի 130 ընտրատարածք։ Այդ դեպքում, օրենքում պիտի փոփոխություն կատարվի»։

Իսկ ինչ վերաբերում է նախորդ օրենքին, այն եւս «բավականին մեծ թերություններ ուներ։ Պարզապես սա ավելի մեծ է ծավալով, ուստի ավելի քիչ հղկված։ Հեղինակներին, երեւի թե, դժվար է եղել»։

Պարոն Բեզիրջյանը պարզաբանումներ տվեց նաեւ Դավիթ Շահնազարյանի այն դիտողության վերաբերյալ, որն առնչվում է ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությանն ընտրություններին։ Վերջինս փաստում է, որ ԸՕ-ն ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցների՝ ընտրություններին մասնակցելն արգելելով հանդերձ, նույնը չի պահանջում պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից։ Օրենսգրքում խոսվում է ընդհանրապես զինվորականության մասին, ինչն էլ Դավիթ Շահնազարյանին առիթ է տալիս ասելու, թե ՊՆ աշխատակիցները հրամանագրերով կարող են քաղաքացիական պաշտոն զբաղեցնողի կարգավիճակ ձեռք բերել ու ներքաշվել ընտրարշավի հորձանուտը։ Խաչատուր Բեզիրջյանը հարցի նման դրվածքին համաձայն չէր. «Ես, ճիշտն ասած, տարբերություն չեմ տեսնում։ Զինծառայողներն աշխատում են ՊՆ համակարգում։ Նախարարություն ասելով, մենք ոչ թե գերատեսչության անձնակազմը, այլ բոլորին ենք հասկանում»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031