Եվ նույնիսկ երկրորդն էլ չէր. խորհրդարանի ընդունած օրենքներում փոփոխություններ անելով իրազեկներին չես զարմացնի։
«Առավոտին» մի շարք տեղեկություններ փոխանցեցին, թե նախորդ շրջանում էլ են օրենքների մեջ փոփոխություններ կատարվել։
Ըստ այդմ, 1995-ին գործող ընտրական օրենքն էլ, արդեն ԱԺ-ում ընդունվելուց հետո, նախագահի աշխատակազմում փոփոխությունների էր ենթարկվել։ «Նման բան չի եղել,- մեր հարցին ի պատասխան ասաց Էդվարդ Եգորյանը։- Չգիտեմ, թե ովքեր են նման լուրեր տարածում, բայց կարող եմ նույնիսկ ասել, որ չափազանց լուրջ խնդիրներ էին առաջանում նաեւ ԱԺ-ի ղեկավարության եւ հանրապետության նախագահի միջեւ, եթե անգամ ստորակետ էին փորձում փոխել։ Բնականաբար, ասածս վերաբերում է պետաիրավական ոլորտի օրենքներին»։
Կարդացեք նաև
Մի տեղեկություն էլ առնչվում էր Վահագն Խաչատրյանի գործունեությանը։ Ըստ այդմ, մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրելը, բազմաթիվ օրենքներում կատարված փոփոխությունները «վիզավորել» է նախագահի խորհրդական Վահագն Խաչատրյանը։ «Ընդհակառակն։ Այդ ժամանակ նման հարցերի նկատմամբ վերաբերմունքը շատ խիստ էր,- պատմեց պրն Խաչատրյանը։- Եվ ԱԺ-ի ղեկավարությունն էր խիստ այդ խնդիրների նկատմամբ, եւ մենք էլ այնտեղ, համենայնդեպս, մեզ նման իրավունքներ եւ լիազորություններ չենք վերապահել՝ ԱԺ-ի ընդունած օրենքներում որեւէ փոփոխություն անելու համար։ Բացառում եմ, որ ինձ առնչվող ոլորտում նման բան եղած լինի, առավել եւս, որ ես նաեւ ԱԺ պատգամավոր էի։ Մենք աշխատում էինք միայն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի վրա։ Ես չեմ կարող անգամ մի դեպք հիշել, որ արդեն իսկ ընդունված օրենքի վրա փոփոխություն անեինք եւ այդպես տայինք ստորագրելու նախագահին»։
Եվ վերջապես, վերջին տեղեկությունն էլ Արա Սահակյանի մասին էր, որը մասնավորապես մի օրենքում փոփոխության համար դիմել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։ ԳԽ նախկին քարտուղար եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի պարզաբանումներն առավել հանգամանալից էին. «Մինչեւ նախագահական ինստիտուտի ձեւավորումը՝ փաստաթղթերը մշակում, քննարկում, ընդունում եւ հրապարակում էր Գերագույն խորհուրդը։ Նախագահական ինստիտուտի «գործարկումից» հետո բազմաթիվ տարաձայնություններ էին առաջանում եւ, այսպես ասած, խանդոտ վերաբերմունք կար ԳԽ-ի եւ նախագահի աշխատակազմի իրավաբանական ծառայությունների միջեւ։
Մասնավորապես, նախագահի աշխատակազմի որոշ երիտասարդ եւ նախաձեռնող իրավաբաններ անչափ մեծ ձգտում ունեին ցույց տալու իրենց ջանասիրությունը եւ արդեն ընդունված օրենքների վրա սկսում էին առաջարկներ ներկայացնել։ Ես մշտապես խնդիրներ ունեի այս առումով եւ երբեք չեն խրախուսվել քվեարկությունից հետո այդ խմբագրական փոփոխությունները։ Իմ ստորագրությամբ որեւէ վրիպակ տեղեկագրում չի հրապարակվել։ Վրիպակները եղել են այսպիսի համեմատության արդյունքում՝ նախագահին ինչ փաստաթուղթ է ուղարկվել, ինչ է նա ստորագրել եւ դրանից հետո տեղեկագրի տեքստում կատարվում էին ինչ-որ անհասկանալի ուղղումներ։ Ահա այդ ուղղումներն իրականացվում էին արձանագրային բաժինների մակարդակում եւ դրանք միշտ էլ անընդունելի եւ տհաճ պատմություններ էին։
Դուք կարող եք իմ այս բոլոր բացատրությունները որպես հիմք չընդունել եւ հարցին այսպես նայել. քանի որ նախորդ իշխանությունները՝ այդ թվում նաեւ ես, հանցագործ ենք հայտարարվել, ապա շատ մասնակի մի խնդիր է, թե խորհրդարանի ընդունած տեքստում Արա Սահակյանը ստորակետ ուղղե՞լ է, թե՞ չի ուղղել։ Ահա խնդրեմ, իրենց ձեռքին բացառիկ հնարավորություն կա ինձ որոշակի մեղադրանքով պատասխանատվության ենթարկելու։
Բայց ես եմ հիմա հարց ուղղում բոլոր նրանց, ովքեր ձեզ՝ լրագրողներիդ առջեւ, այսպես ասած, արձանագրային բաժինների խոհանոցն են բացում, նամակագրությանը ծանոթացնում. եթե նույնիսկ այդ ամենը պարզվի՝ դա ազատո՞ւմ է այսօրվա ընտրական օրենսգիրքն ապօրինի լինելու իր կնիքից»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ