Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Փետրվար 27,1999 00:00
haok

Երեք օր առաջ, անդրադառնալով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ասամբլեայի նախապատրաստությանը, մենք ընթերցողներին տեղեկացրել էինք, որ հանրապետության տարբեր տարիների օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները՝ դժգոհ ՀԱՕԿ-ի ներկայիս ղեկավարությունից, մտադիր են վճռական քայլեր ձեռնարկել ասամբլեայում ղեկավարության կազմը փոխելու ուղղությամբ, իսկ վերջինս, հրաժարվելով նախապես որեւէ հայտարարություն անելուց, «Առավոտին» ասել էր, որ ինքը կարտահայտվի ասամբլեայում։ Այնպես որ, դժվար չէր կռահել, որ այդ համաժողովը, հենց մարզական տերմինով ասած, անցնելու էր անզիջում պայքարում։

Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացած այդ հանդիպումում, ինչպես ասում են, սպասելիքներն արդարացան։

Հենց սկզբից ընդդիմադիր պատվիրակների ու նիստը վարող ՀԱՕԿ-ի նախագահ Ալեքսան Ավետիսյանի ու գործկոմի մյուս անդամների միջեւ սկզբունքային տարաձայնություններ ծագեցին վարման կարգի, օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների օրինականության շուրջ։ Մասնավորապես, պատվիրակների ճնշող մեծամասնությունն իր խիստ վրդովմունքը հայտնեց այն փաստի առթիվ, որ դահլիճում նստածներից շատերը, որոնք կապ չունեն սպորտի հետ, նույնիսկ քվեարկելու մանդատ են ստացել, մինչդեռ մեկ տասնյակից ավելի անվանի մարզիկներ, ովքեր քրտինք են թափել մրցասպարեզներում, կյանք են տվել սպորտին, այդ պահին մնացել են փողոցում, ու մուտքի առջեւ կանգնած ոստիկանները նրանց շենք մտնել անգամ չեն թողնում։ Իսկ դա հակասում է ՄՕԿ-ի խարտիային, որը պարտադրում է, որ օլիմպիական չեմպիոններն ու մասնակիցները լինեն ԱՕԿ-ի անդամ։ Որոշ դիմադրությունից հետո դժգոհողների պահանջն, այնուամենայնիվ, բավարարվեց։

Դրանից հետո «փոխադարձ խոցումների» պայմաններում ընթացան քննարկվող օրակարգային բոլոր հարցերը, ինչպես օրինակ՝ ՀԱՕԿ-ի եւ ՄՕԿ-ի կանոնադրություններում որոշ կետերի անհամապատասխանությունը, տեղական օլիմպիական կոմիտեի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը, իրավասությունների շրջանակները, դրանց իրավական լինելը, ելույթների համար հատկացվելիք ժամանակի չափը, գործկոմի նոր ղեկավարության ընտրությունները բաց կամ փակ կազմակերպելու նպատակահարմարությունը, եւ այլն։ Բարեբախտաբար, դահլիճում կային նաեւ այնպիսի պատվիրակներ, ում ջանքերի գնով հաջողվեց որոշ չափով լիցքաթափել կողմերին ու ասամբլեայի աշխատանքը գցել հունի մեջ։

Ճիշտն ասած, հազվադեպ կարելի է ներկա լինել այդքան լարված մթնոլորտում ընթացող համաժողովի։ Մանրամասների մեջ խորանալը գայթակղում է, բայց առայժմ դրանց չանդրադառնանք։

Նշենք միայն, որ ԱՕԿ-ի աշխատանքները կազմակերպության նախագահ Ալեքսան Ավետիսյանի հաշվետվությունից հետո գնահատվեց բավարար, թեեւ հարակից ելույթներում նշվեցին նաեւ բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։

Հերթը հասավ ընտրություններին։ Ու հենց այստեղ էլ ծավալվեցին գլխավոր իրադարձությունները։ Ընդդիմադիրները պահանջում էին, որպեսզի դրանք անցկացվեն բաց, իսկ ՕԿ-ի ղեկավարները՝ հակառակը՝ փակ-գաղտնի։ Ընդհանուր լեզու չգտնելով, որոշվեց նախ տալ նախագահի թեկնածուների անուններ։ Գրանցվեց 11 հոգի։ Ինքնաբացարկներից հետո «ռինգում» մնացին երեքը՝ Ալեքսան Ավետիսյանը, օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը եւ աշխարհի եռակի չեմպիոն, ըմբիշ Բենուր Փաշայանը։

Թվում էր, թե նիստի աշխատանքներն արդեն մոտենում էին ավարտին, սակայն կրկին բարձրացավ քվեարկությունը բաց կամ փակ կազմակերպելու հարցը, որի քննարկումը, ավաղ, դուրս եկավ քաղաքակիրթ կոչվելու սահմաններից։ Յուրաքանչյուրը պնդում էր իր առաջարկը՝ հաճախ իր ճիշտ լինելը ապացուցելու նպատակով անցնելով գոռալով արտահայտվելուն, հակառակ կողմի հասցեին վիրավորանք հասցնելուն։ Բայց քանի որ պարզորոշ երեւում էր, որ դահլիճի տրամադրվածությունն ընդդիմության կողմն է, գաղտնի քվեարկության ակնհայտ կողմնակիցները պահանջեցին կարճատեւ ընդմիջում՝ խորհրդակցելու համար ու… դրանից հետո այլեւս չվերադարձան դահլիճ՝ փաստորեն բոյկոտելով ասամբլեայի աշխատանքը։ Ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար նոր քննարկումներ սկսվեցին։ Մի քանի անգամ ընթերցվեցին ՄՕԿ-ի եւ ՀԱՕԿ-ի կանոնադրությունների համապատասխան հոդվածները, որոնց անընդհատ նորանոր մեկնաբանություններ էին տրվում։ Ի վերջո, ընդունվեց հետեւյալ տարբերակը. քանի որ դահլիճում, այնուամենայնիվ, քվորումն ապահովված է, թեկնածուներին ըստ առաջադրման հերթականության ներկայացնել բաց քվեարկության։ Արդյունքում, Ալեքսան Ավետիսյանը եւ Յուրի Վարդանյանը չստացան ոչ մի «կողմ», իսկ Բենուր Փաշայանը ընտրվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկության ավարտից հետո, երբ մթնոլորտը փոքր-ինչ լիցքաթափվեց, տեղի ունեցածը խնդրեցի մեկնաբանել մի քանի պատվիրակների, որոնք, հասկանալի է, Բենուր Փաշայանի թիմից էին։

Դերենիկ Գաբրիելյան (Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ).– Առաջին անգամ է մեզանում նման ժողովրդավարական ընտրություն անցկացվելու փորձ արվում, որը ես ողջունում եմ։ Սա տարբերվում է նախորդ երեք նախագահների ընտրություններից, երբ մեխանիկորեն էինք ձեռք բարձրացնում, նույնպես բաց քվեարկությամբ ընտրում պաշտոնյայի՝ սպորտվարչության ղեկավարի։ Հիմա ձեռք ենք բարձրացնում հանուն մեր մարզիկների։ Նրանց հետ ենք բերում մեծ սպորտ, որը բավականին առաջադիմական քայլ է։ Ոչ մի կողմի չեմ մեղադրում։ Իսկապես, աթոռ կորցնելը ծանր է ու դժվար է աթոռից բաժանվելը։ Բայց, իմ կարծիքով, նախ եւ առաջ նպատակը մեծ սպորտը, մասսայական սպորտը զարգացնելն է։ Ու եթե մեծամասնությունը ընտրում է իր թեկնածուին, ուրեմն դա այսօրվա պահանջն է։

Բագրատ Բուռնազյան (ՀԱՕԿ-ի անդամ).– Այսօրվա նիստը հենց սկզբից սխալ հունով ընթացավ։ Հատուկ նիստում պետք է երեք հարց դրվեր՝ նախագահի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ եւ ընտրություններ։ Այսինքն՝ կանոնադրության խախտում կատարվեց։ Բոյկոտելը միանշանակ սխալ եմ համարում։ Դա գուցե, նրանց պատկերացմամբ, քաղաքականության նո՞ր ձեւ է։ Ես գիտեմ մի բան. սպորտը պետք է մաքուր լինի։

Ստեփան Սարգսյան (Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական արծաթե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն).– Բաց քվեարկությունը հակառակ կողմին ձեռնտու չէր։ Նրանք մինչ այդ էլ գիտեին, որ պարտվելու են։ Յուրի Վարդանյանն ու Ալեքսան Ավետիսյանը միացան, բայց դա էլ նրանց չօգնեց։

Սամսոն Խաչատրյան (բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն).– Պայքարում էինք բաց քվեարկության համար, որովհետեւ Հայաստանում փակ ընտրությունները լավ չեն կազմակերպվում։ Մտավախություն ունեինք, թե կարող էին որոշ անցանկալի բաներ կատարվել, քանի որ բոլոր լծակները նրանց ձեռքում էին։ Դահլիճում մնացին սպորտի մարդիկ, իսկ քաղաքական գործիչները, ԱԺ պատգամավորները, որ մյուս թեւն էին պաշտպանում՝ հեռացան։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728