Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԻՆ ԽԵՂՃԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԳՏԱՆ

Փետրվար 27,1999 00:00

ՏՈՒԺՈՂԻՆ ԽԵՂՃԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎ ԳՏԱՆ «Գժի թուղթ» պահանջելը Ամիսներ առաջ մենք անդրադարձանք Ավանի Դուրյան թաղամասում 1992 թ. մարտի 21-ին տեղի ունեցած գողության պատմությանը։ Դավիթ Դանիելյանի եւ Զոյա Տոռոզյանի բնակարան էին զինված ներխուժել մի քանի անձինք, որոնց սպառնալիքի տակ բնակարանից դուրս էր հանվել 1 միլիոն 529 հազար խորհրդային ռուբլու ընդհանուր արժողությամբ գույք։ Այդ կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել Մանվել Ենոքյանի նկատմամբ։ Վերջապես, անցյալ տարի գործը լսվեց Խորհրդայինի ժողդատարանում, որն էլ նոյեմբերի 16-ին գործն ուղարկեց նախաքննության, պատճառաբանելով, որ դատական քննությամբ հնարավոր չի եղել հաստատված համարել կամ հերքել ավազակային հարձակում կատարելու մասին ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։ Հանցագործները, որոնք գործել էին այդ օրն առանց դիմակի, ճանաչվել էին տանտերերի՝ Դ. Դանիելյանի եւ Զ. Տոռոզյանի կողմից։ Վերջիններս նշել էին նաեւ այլ անուններ, որոնց ճանաչել էին թե՛ ֆոտոնկարներով, թե՛ առերեսման ժամանակ։ Սակայն ամբաստանյալի աթոռին մեկն էր, եւ դա ոչ իրենց՝ տուժողների մեղքով։ Որոշ քաշքշուկներից հետո, այս քր. գործը նորից հանգրվանեց Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանում։ Այս փետրվարի 16-ին դատարանը (դատավոր՝ Գ. Պողոսյան, դատախազ՝ Շ. Փիրուզյան) բավարարեց ամբաստանյալ Մ. Ենոքյանի պաշտպանի միջնորդությունը «տուժողների նկատմամբ դատահոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու» մասին։ Ընդ որում, որոշված է «տուժողներին պարտավորեցնել ենթարկվել փորձաքննության»։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ տուժողները՝ Դավիթ Դանիելյանը 1975-94 թթ. աշխատել է ինժեներ-կոնստրուկտոր «Հայկոմուննախագիծ» ինստիտուտում, նրա շատ բանաստեղծություններ տպագրված են հայկական մամուլում, իսկ Զոյա Տոռոզյանը 1983-92 թթ. աշխատել է բուժգծով գլխավոր բժշկի տեղակալ «Նաիրի» առողջարանում։ Տուժող կողմի «առողջությամբ», որոնք իրենց մաշկի վրա էին զգացել հանցագործ խմբի հարվածներն ու սպառնալիքները, կարող էին մեծահոգաբար թերեւս զբաղվել վեց տարի առաջ, երբ նրանք անպաշտպան եւ խոցելի մնացին ազատության մեջ պտտվող հանցագործների եւ հանցագործությունը քողարկել փորձող դատարանների առաջ։ Նույնիսկ հետագայում «բանակցություններ» տարվեցին ամբաստանյալի հարազատների եւ տուժող կողմի միջեւ, ինչն ավարտվեց անարդյունք։ Ամուսինները ոչ մի տեղ հաշվառման չեն կանգնած եւ չեն տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ, ասենք, էպիլեպսիայով, շիզոֆրենիայով, փսիխոպատիայով, դեպրեսիվ փսիխոզով, նեւրոզով, օլիգրոֆրենիայով… Դատարանի այս որոշմամբ, փաստորեն, խախտվեց մի շատ կարեւոր նորմ. մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական կամ գիտական փորձերի։ Տարօրինակ է, որ տուժողները մեղադրվում են այն բանում, որ նրանց նկարագրությամբ է կազմվել հանցագործների ֆոտոռոբոտները, իսկ 25.09.92 թ. կազմվել է ֆոտոնկարով անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություն, որով տուժողները ճանաչել են «ամբաստանյալի լուսանկարը, նույնությամբ նշելով, թե դեմքի ինչպիսի հատկանիշներով են նրան ճանաչում»։ Ես չգիտեմ, որեւէ մեկը չէ՞ր հիշելու նրանց, ում ոտքերի հարվածների տակ ընկած, «հերթապահ» զենքը վրաները պահած՝ գողություն էր կատարվում։ Համենայնդեպս, մինչ այս դատաքննությունը՝ նախորդ դատարանը չի արձանագրել ինչ-որ հակասություններ։ Ինչ վերաբերում է՝ թե սթրեսային վիճակում է կատարվել լուսանկարի ճանաչումը, ապա վեց տարի անց, երբ չկա ոչ միայն սթրեսային, այլեւ աֆեկտային վիճակներ, տուժողները դատաքննական ցուցմունքներ են տալիս։ Ի դեպ, փայլունս իմանալով, որ ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար իրենք օրենքով կենթարկվեն պատասխանատվության։ Իմ ձեռքի տակ է գտնվում 25.06.92 թ. թիվ 294 տեղեկանքը՝ թիվ 12 պոլիկլինիկայի կողմից տրված, որով Դ. Դանիելյանը վարորդական իրավունք ստանալու համար անցել է բժշկական քննություն։ Եթե տուժողների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասություններ էին նկատվել, ապա դատարանը պարտավոր էր դա արձանագրել։ Տպավորությունն այնպիսին է, որ տուժողները քանի որ ամեն ինչ հիշում են, վերարտադրում, դրա համար էլ պիտի ենթարկվեն բժշկական քննության։ Տուժող Դ. Դանիելյանի կարծիքով, դատարանի այս մասնավոր որոշումը սադրանք էր իրենց նկատմամբ, որի նպատակն էր ավազակախմբի միջոցով ենթարկել իրենց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես եւ ամբաստանյալ Մ. Ենոքյանին արդարացնել։ Դատարանի պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ բացի տուժողների ճանաչումից եւ ցուցմունքներից, քր. գործով այլ ապացույցներ ձեռք չեն բերվել։ Ինչ անենք, կոչ անենք գողության գնացող խմբերին, հանցագործությունից առաջ դատարանների դատավորներին, ոստիկաններին, հարեւաններին զգուշացնել, որ չասեն, թե գող-գող եկան, գող-գող գնացի՞ն։ Իհարկե, Դ. Դանիելյանն ու Զ. Տոռոզյանը մեղավոր չեն, որ հանցագործներից ու իրենցից բացի, բնակարանում այլ անձինք չեն եղել… Տուժողն անգամ հիշում է ամբաստանյալի դիմախաղերը, աչքերը, ձեռքերի ագրեսիվ շարժուձեւերը, ծնոտի նյարդային դողը։ Հիշեցնենք, որ 25.09.92 թվականին Մ. Ենոքյանը խուսափել է քննությունից, գտնվելով հետախուզման մեջ։ Տրամաբանական է հարցնել, ինչի՞ց էր վախենում նա, ինչի՞ց էր փախչում։ Այս պահին ամենակարեւոր հարցը դարձյալ մնում է սա. եթե տուժողները չեն ենթարկվում դատարանի մասնավոր որոշմանը եւ օգտվում են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից (մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել բժշկական քննության), ինչ է, մահակներով եւ զինվա՞ծ են տանելու նրանց, որ ի՞նչ ապացուցեն, որ քողարկեն մի հանցագործություն ե՞ւս, թե՞ ամբաստանյալի խաթեր համար տուժողները պարտավոր են ասել, որ մածունը սեւ է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728