Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտային էսքիզներ

Փետրվար 27,1999 00:00

Տրանսպորտային էսքիզներ Տղան վճարեց երեք ուղեւորի համար եւ մեկ տոմս խնդրեց, որպեսզի փոխանցի։ Վարորդի մոտ տոմս չկար։ -Վարդան ձյաձյա, վճարել եմ, չվերցնես։ Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ հիշյալ ուղեւորը իջավ թիվ 25 երթուղային ավտոբուսից։ Վարորդը ուղեվարձ պահանջեց։ Վերջինս հիշեցրեց, որ ինքը «Վարդան ձյաձյան» է, որի համար «Արագած» կինոթատրոնի մոտ իջած երիտասարդը վճարեց։ -Նախ «Արագած» կինոթատրոն չկա՝ շուկա է, եւ հետո էլ տոմսը ցույց տուր։ Ուղեւորը խեղճացավ, կարմրեց, վատ զգաց, հայտնվեց անհարմար վիճակում, հետո պոռթկաց։ Ստիպված միջամտեցինք, որ այս ուղեւորի համար վճարել են, «եւ դու էլ, պարոն վարորդ, ասացիր, որ տոմս չունես»։ Վարորդը զայրացած քշեց մեքենան՝ անհասցե հիշոցներ արձակելով։ Շատ էր բարկացել, որ չկարողացավ կրկնակի գանձել։ Նրանք, ում բախտ է վիճակվել աշխատել եւ օգտվել հասարակական տրանսպորտից, նման պատկերների ամեն օր են հանդիպում։ Օրինակ, ո՞րն էր ուղեւոր տատիկի մեղքը, երբ թիվ 30 երթուղու երիտասարդ վարորդը հետ տվեց պատռված 50 դրամանոցը։ Տարեց կինը մի կերպ հանեց եւս երկու-երեք հատ 50 դրամանոցներ՝ բոլորն էլ մաշված ու պատռված։ – Էս է, որն ուզում ես վերցրու։ Բոլորն էլ նույն վիճակում են։ Կարծես թե պահը մեղմեց ուղեւորներից մեկը՝ հիշեցնելով ժողովրդական իմաստուն խոսքն այն մասին, որ ապրանքը տիրոջն է քաշում։ Դրամն էլ մեր երկրի նման է. ո՛չ որակ ունի եւ ո՛չ էլ արժեք։ Այլ օրինակներ պետք չեն։ Մեր առօրյա կյանքն է դա։ Եկեք չժխտենք, որ մասնավորներն ավելի լավ ու ճիշտ երթուղիներ են փնտրել ու գտել։ Բայց էլի շատ ենք սպասում, ժամանակ վատնում, հաճախ մի կերպ խցկվում ներս ու մի կերպ տեղ հասնում։ Անժխտելի է նաեւ, որ լինում են ու կան չվճարողներ։ Մեկը չունի, մյուսը գուցե ձեւացնում է։ Լավ վիճակից չէ։ Իսկ լավ ու կիրթ սպասարկման մասին խոսելն ավելորդ է։ Շատ վարորդներ ունեն իրենց տոմսավաճառները, որոնց վերաբերմունքն ուղեւորների հետ, մեղմ ասած, անհարգալից է։ Նրանք որպես ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացիներ, «ազատ ու անկախ» են իրենց արտահայտություններում եւ աչքի են ընկնում «հարուստ» բառապաշարով՝ որպես խոսքի ազատության ձեռքբերում։ Իսկ երբ տոմսավաճառը դեռահաս է, «պարտուսից» դուրս մնացած, զայրույթդ զսպել չես կարողանում։ «Ինչ անեմ, որ տեղ չկա, արի շալակս», «Հետ գնացեք, էս ինչ անհասկացող մարդ են», «Ճամփա տուր, անցնեմ», «Առաջ արի, մուծվի», «Հույս չունենաք, վերջին դուռը չենք բացի», «Հաբրգած բիձա, ով ա քեզ պարտք» եւ այլ «գոհար» նախադասություններ ամենաքիչը վրդովմունք են առաջացնում։ Եվ նաեւ վատ է, որ տարիքն առած վարորդը չի էլ փորձում դիտողություն անել իր դեղնակտուց տոմսավաճառին։ Մի առանձին խոսակցության նյութ են ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում հնչող անհամ, անճաշակ, անմակարդակ, ծիծաղելի ու զավեշտի հասնող բովանդակազուրկ երգերը, որոնք գուցե ծառայում են մեր երաժշտական մակարդակը «բարձրացնելու» ազնիվ նպատակին։ Բոլորիս ճաշակները նույնացնում են։ Ուզես թե չուզես, համբերություն պետք է ունենաս մինչեւ վերջ լսելու, համենայնդեպս, մինչեւ քո կանգառը։ Երթուղին ուրախ ենք անցնում։ Լավ է, որ դա ուղեվարձի մեջ չի մտնում։ Այո, դա արդեն մեր օրվա «փափախն» է, մեր «քյարը»։ Ոչինչ, որ այդ երաժշտությունը հաճախ զգացնել է տալիս թմբկաթաղանթներիդ տատանումները։ Եվ ուզում ես շուտ տեղ հասնել, ազատվել այդ ամենից։ Ցավալի է, բայց քեռի Վարդանին, մեզ, շատերիս այսպես են սպասարկում։ Մենք էլ խելոք-խելոք սպասարկվում ենք։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728