Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱԳԱ ԴԻԿՏԱՏՈՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 27,1999 00:00
tntesakan ankum

Տնտեսական ճգնաժամը պաշտոնապես ընդունվեց։ Բայց ընդունվեց կիսաբերան։ Ինչպես ցանկացած անախորժ փաստ, որ վերաբերում է երկրի ներքին կյանքին։ Նման փաստերի մասին միշտ էլ գերադասում են չխոսել՝ հատկապես տնտեսագետները։

Տնտեսագետների, հատկապես հասարակությանը ծանոթ, խումբն, այսօր բոլորովին այլ գործով է զբաղված։ Նրանց դարդն ուրիշ է։ Իշխանափոխությունից հետո լիբերալ տնտեսական բարեփոխումների գաղափարախոսները փորձում են հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին։ Իշխանության լծակներին մոտ մնալու ցանկությունը նրանց ստիպում է փոխել մասնագիտական պատկերացումները։ Կառավարելու նրանց անզուսպ մղումը, հնարավոր է, որ թելադրված է անձնական շահով։ Գաղափարափոխությունը հնարավոր է նաեւ բացատրել ինտելեկտուալ (կամ մասնագիտական) աճով։ Մանավանդ, որ լիբերալ տնտեսագետների (Ա. Եղիազարյան, Ա. Մարկոսյան եւ ուրիշներ) հայացքների փոփոխության համար օբյեկտիվ հիմքեր կան։ Վերջին տարիների տնտեսական բացարձակ լիբերալ քաղաքականությունը եւ 1998-ի գաղափարական իմաստով չհստակեցված դեգերումները երկիրը տնտեսական ճգնաժամից չհանեցին։

Վատ բաներ

Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի համախառն ներքին արդյունքը 7%-ից ավել աճ է արձանագրել։ Վատը սա չէ։ Վատն այն է, որ կրճատվել է արդյունաբերական արտադրանքի ծավալը 2,5%-ով։ Կրճատվել է արտահանումների ծավալը 3,9%-ով։ Արդյունաբերական ամբողջ համակարգում (բացառությամբ մետալուրգիականի, թեթեւի եւ շինանյութերի արտադրության ճյուղերի) հսկայածավալ անկում է ապրում։ Ոչինչ չի փրկում՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական սեփականություն լինելը։ Վերջին տարիներին տնտեսության ամենաակտիվ հատվածը թանկարժեք մետաղների եւ քարերի արդյունաբերությունն էր։ Այս ոլորտում գործում էին մասնավոր ու պետական ձեռնարկություններ։ Մի քանի տարի անընդմեջ տնտեսության այս ճյուղն ապահովում էր արտահանումների 40%-ը։

Այսօր պաշտոնական տվյալներով այն կրճատվել է մոտ 43%-ով։ Գյուղատնտեսության նախարարության ոլորտում մոտ 41%-ով նվազում է արձանագրված։ Այս ու բազում այլ վատ փաստերի հոտը տնտեսությանը հետեւող մասնագետները վաղուց էին արձանագրել։ Քաղաքական դաշտում տնտեսական պրոցեսները միշտ էլ մի փոքր ուշ են արձագանք գտնում։ Այդ արձագանքի համար տնտեսագետների մեր նշած հատվածն արդեն հիմք է նախապատրաստում։ Նրանք լուրջ են ընդունել քաղաքական դաշտում տարվող խոսակցությունները՝ Հայաստանում դիկտատուրայի ռեժիմի հաստատման հնարավորությունը։

Բուն առաջարկություններ

Տնտեսագետների մի մասը շատ փափուկ (կամ նուրբ) է նահանջում իր հայացքներից նոր տեսական հիմնավորումներ բերելով։ «Օրագիր» օրաթերթին տրված իր հարցազրույցում հետաքրքիր մտքեր է արտահայտում հայկական սեփականաշնորհման տեսական ու «պրակտիկ» հայրերից մեկը՝ Աշոտ Մարկոսյանը։ Նա հիմա սեփականաշնորհման փոխնախարար է եւ գտնում է, որ «այսօր ձեռնարկության սեփականությունն այնքան կարեւոր չէ, որքան կառավարումը»։ Հայաստանում իշխանություններն իրենց հայտարարել են «չափավոր լիբերալիզմի» կողմնակիցներ։ Եվ ահա, Մարկոսյանը սկսել է գնահատել պետության դերը տնտեսության կառավարման հարցում։ Նա ասում է. «Ամերիկյան մեծ ճգնաժամի շրջանում պետությունը զարկ տվեց ճանապարհներին, շինարարությանը եւ նավատորմին»։ Հիշենք սա։

Իր հրապարակային վերջին ելույթներում նախկին լիբերալ Արմեն Եղիազարյանն անընդհատ պնդում է. «Հարավային ժողովուրդները դիկտատուրայի ռեժիմով են անցել շուկա» (կամ ժամանակակից տնտեսական հարաբերություններ)։ Այդ դիկտատուրայի տարիներին այդ ժողովուրդների երկրներում հիմնականում լուծվել են տնտեսական ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ 1992-95 թթ. մեր լիբերալ տնտեսագետները հիմնավորում էին միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելու անհրաժեշտությունը։ Հիմնավորում էին՝ նշելով, որ մեզ տնտեսական ենթակառուցվածքներ ձեւավորել է պետք։ Վարկերը ծախսվեցին (սույն գործի արդյունավետությունը քննարկման ուրիշ խնդիր է)։

Այդ տարիներին հաշվի չէր առնվում, որ մեր երկիրն արդեն անցել է դիկտատուրայի «անհրաժեշտ» էտապը։ Կոմունիստական դիկտատուրան հասցրել էր ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ճանապարհներ, երկաթգիծ, էներգետիկ հզորություններ եւ այլն։ Ավելին, այդ տարիներին կառուցվածքային հզորություններ էլ էին ստեղծված։ Բայց դրանք նկատելը երեկվա ու այսօրվա իշխանությունների համար գաղափարախոսական հիմնավորումներ փնտրող մասնագետներին կարծես պետք չէ։ Այսօր նրանք լուրջ-լուրջ հիմնավորում են տնտեսական կյանքում պետության դերի մեծացման անհրաժեշտությունը։ Ու էլի երեւի զարկ է տրվելու «ճանապարհներին, շինարարությանը եւ նավատորմին»։

Դժվար չէ տեսնելը, թե ինչու են տնտեսագետներն այս երեք ոլորտն ընտրել։ Ավտոմայրուղիների համար վարկն արդեն վերցված է։ Կապիտալ շինարարության ակտիվացման անհրաժեշտության մասին խոսել է ինքը՝ ՀՀ նախագահը։ Իսկ նավատո՞րմը, եթե դա ծովից-ծով Հայաստանի «նամյոկ» չէ, ապա պետք է հիշել, որ տարիներ առաջ այն կար։ Նավատորմը ձեռք էր բերել մեկ ուրիշ մեծ տնտեսագետ մասնագետ՝ Եսայի Ստեփանյանը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728