Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

Փետրվար 27,1999 00:00

ՄԻ-Ա-ՑՈՒՄ ՓԱՐԻԶԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ Սփյուռքի ՌԱԿ-ի երկփեղկմանը վերջ տալու նպատակով Փարիզում երեկ հանդիպեցին կուսակցության երկու թեւերից՝ չորսական ներկայացուցիչ։ ՀՌԱԿ վարչության անդամ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւս մասնակցում էր հանդիպմանը, սակայն ոչ թե որպես Հայաստանի ներկայացուցիչ, այլ՝ Լիբանանյան թեւի։ Վերոհիշյալ հանդիպումը որոշվեց անցկացնել Հայկաշեն Ուզունյանի եւ Հակոբ Գազարջյանի պայմանավորվածության արդյունքում։ Պարոն Ավետիքյանի հետ զրուցեցինք Փարիզ թռչող ինքնաթիռում։ -Կազդի՞, արդյոք, փարիզյան հանդիպումը հայաստանյան երկփեղկվածության վրա։ – Անշուշտ, եթե մեզ հաջողվի այդ բանն անել, իհարկե, դրական կազդի եւ այլեւս լուսանցքներ ու միջանցքներ չեն մնա խաղ խաղալու համար։ ՀՌԱԿ-ի այս ներկայիս տագնապը, կարծում եմ, շատ փոքրիկ մասով միայն ամբիցիայի հետեւանք է, մեծավ մասամբ հետեւանք է կուսակցության կողքին կամ կուսակցությունից ժամանակին վճարված մարդկանց խարդավանքների։ Բնականաբար, այդ մարդկանց օժանդակողներ կան Սփյուռքում, ՌԱԿ-ի որոշ շրջանակներում։ Եթե մեզ հաջողվի փարիզյան բանակցություններից դուրս գալ միասնական, այդ մարդիկ խաղադաշտից կզրկվեն։ – Պարոն Ավետիքյան, դուք ասացիք, թե փարիզյան հանդիպմանը մասնակցում եք որպես Ուզունյանական թեւի ներկայացուցիչ, այդ դեպքում ինչո՞ւ Հարություն Կարապետյանը խիստ դեմ էր, որ հենց դուք մասնակցեք այդ հանդիպմանը։ – Հարութ Կարապետյանը լուրջ մարդ է, գոնե ինձ այդպես է թվում, եւ եթե ասում էր՝ պետք չէր թույլ տալ, ուրեմն պետք չէր թույլ տալ։ Հիմա ես ձեզ հետ միասին մեկնում եմ Փարիզ։ – ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի՝ ՀՌԱԿ-ի ընտրացուցակով առաջադրվելու մասին լուրերի ձեր մեկնաբանությունը։ – Ես «Առավոտ» թերթում եմ երեկ կարդացել այդ մասին, այնտեղից եմ տեղեկություն քաղել, բայց հիմա միջոցներ չունեմ Հարություն Կարապետյանից ստուգելու, թե որքանով են դրանք ճիշտ կամ սխալ։ – Իսկ նախընտրական գումարային կռիվնե՞րը կուսակցության մեջ. ե՛ւ նախընտրական 40 հազարի մասին եմ հարցնում, ե՛ւ Սփյուռքից եկող գումարների։ – Գումարային կռիվնե՞ր… Այնքան վստահ եք խոսում, բայց ես չգիտեմ այդ մասին։ Ես ձեր խմբագրին եմ ասել, ինքն էլ շատ զարմացավ, բայց ասաց, որ շատ հավաստի էր աղբյուրը։ Համենայնդեպս, կարող եմ հետեւյալն ասել, որ ՀՌԱԿ նախկին վարչության կազմի անդամներից առնվազն 11-ը, որոնց մեջ նաեւ ես, բացարձակապես այդպիսի գումարային հարցերից տեղեկություն չունենք։ Շեշտելով շեշտում եմ եւ լրիվ անկեղծ։ – Խորհրդարանական առաջիկա ընտրություններին հիմա ինչպե՞ս եք գնալու՝ աջ ու ձախ ձեւերո՞վ, թե՝ կենտրոնական։ – Ես նախ ձեզ տեղեկացնեմ, որ արդեն մեկ շաբաթ է բանակցություններ են գնում Ռուբեն Միրզախանյանի՝ ՀՌԱԿ նոր ատենապետի, եւ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանի միջեւ։ Այս հարցը, մեր համոզմամբ, տագնապի պետք չէր վերածել, այդ տեղը չկա, եւ ինչո՞ւ համար Հարություն Կարապետյանը մեծացրեց եւ այսպիսի աղմուկ բարձրացրեց, դրանով իսկ նպաստելով կուսակցությունից դուրս Հայաստանում գտնվող ուժերի ինչ-ինչ խարդավանքներին, ինձ համար հստակ չէ, իմ զարմանքն եմ արտահայտում, որովհետեւ, կրկնում եմ, նա լուրջ մարդ է։ Այս մի քանի օրերի ընթացքում, երբ որ կուսակցությունը հաղթահարի այս վիճակը, կձեռնարկի որոշ շփումներ իշխանության տարբեր շերտերի եւ նաեւ այլ կուսակցական կազմակերպությունների հետ։ – Ի՞նչ դաշնակիցներ եք ենթադրում առաջիկա ընտրություններում։ – Իմ տպավորությամբ այս անգամ առավել ազդեցիկ կուսակցությունները գնալու են առանձին։ – ՀՌԱԿ-ի պառակտման պատճառներից մեկն էլ արդյո՞ք խորհրդարանական ընտրություններին հնարավոր դաշնակիցների ընտրության հետ չի կապվում։ – Ես կասեի՝ ոչ թե դրա հետ է կապված, այլ ինչ-որ մի խմբավորման խարդավանքն է, որի նպատակն է, որ այս ընտրություններում ՀՌԱԿ-ը տեղ չգրավի ԱԺ-ում։ – Արդյոք նկատի չունե՞ք Վիգեն Խաչատրյանին։ – Այո, դուք ճիշտ նկատեցիք, այդ անձն է, որովհետեւ ինքը բացարձակ շանս չունի վերընտրվելու։ Անցյալ անգամ նա իշխանության բացահայտ օժանդակությամբ եւ ապօրինություններով ընտրվեց, եւ նրա համար կդառնա անձնական մեծագույն ողբերգություն, երբ որ ՀՌԱԿ-ը, ասենք թեկուզ Հարություն Կարապետյանը, առավել եւս Ռուբեն Միրզախանյանը պատգամավոր ընտրվեն։ Իսկ վերադառնալով հարցին, ինձ թվում է, որ այս ընտրություններում մեծ կուսակցությունները չեն գնալու բլոկներով, առանձին են գնալու, որովհետեւ ոչ ոք նպատակ չունի ինչ-որ բան զիջելու։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել