Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱՀԱՃՈՒՅՔԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ

Փետրվար 27,1999 00:00
yntrakan

Ընտրական խնդիրներին նվիրված ՌԱ(ԼԴ)Կ սեմինարը իր ավարտով շատ ավելի հետաքրքիր էր, քան մնացած ընթացքները։ Խոսք առավ եւ այն այսպես սկսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ թե ամերիկյան բանակում ծառայող կանանց ծառայողական կանոնակարգում խորհուրդ է տրվում. եթե թշնամին փորձում է ձեզ բռնաբարել, ապա ոչ թե դիմադրեք, այլ թուլացեք եւ ստացեք առավելագույն հաճույք։

Քանի որ այս ելույթը նախավերջինն էր, իսկ դրան հետեւեց միայն Վիգեն Խաչատրյանի եզրափակիչ խոսքը, ապա թեման միայն այդ ելույթում շարունակություն ունեցավ։

Վիգեն Խաչատրյանն արձանագրեց, թե Հայաստանում կա 5-6 կուսակցություն, որոնք հայտարարում են, թե նվազագույնը 25 տոկոս ստանալիք քվե ունեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Դրանց գումարը քվեների ընդհանուր 250 տոկոս է տալիս։ «Մենք ունենք 6 հիմնական կուսակցություն, որոնք փորձելու են ընտրություններում Ահարոն Ադիբեկյանի ասած բռնաբարվելու այդ հաճույքը ստանալ։ Մենք նրանց չենք կարող փրկել այդ հաճույքից։ Բայց ժողովուրդն ի՞նչ կասի՝ չի՞ ասի, դուք բռնաբարված եք, իսկ այդպիսի աղջկան Հայաստանում տուն չեն տանում։ Ես միայն մի բան գիտեմ. երբ այդ կուսակցությունները ժողովրդի առաջ սկսեն արդարանալ, թե մեզ բռնաբարել են, պետք է ասվի՝ ձեզ ասում էինք, չէ՞, այդ անտառը մի մտեք՝ մութ է։ Այն ժամանակ պիտի ասենք՝ ձեզ ընդամենը պետք էր հաճույք ստանալ։ Ես գիտեմ՝ հունիսի 10-ին այդ հեղինակավոր կուսակցությունները ոռնալու են, հազար ներողություն այդ բառը կրկնելու համար, որ ընտրություն չկայացավ։

Ո՞րն է կարեւոր՝ պայքարել մանդատի համա՞ր, թե՞ որպեսզի ընտրություն կայանա։ Եթե ընտրություն չի լինելու, ժողովուրդն ինչո՞ւ գնա ընտրությունների, էլ բան ու գործ չունի՞։ Կոտայքում բրինձ են բաժանում, ավելի լավ է՝ գնա այդ բրինձը վերցնի։

Ես կարծում եմ, որ քաղաքական այն ուժերը, որոնք կմասնակցեն ընտրություններին ու կընդունեն խաղի այդ կանոնները, հետո պիտի փորձեն հավաստել, որ իրենք չեն բռնաբարվել։ Իսկ մենք ասելու ենք՝ արդեն ուշ է, պիտի փորձեիք հաճույք ստանալ»։

Սա ընդամենը մեկ դրվագ է սեմինարից, սակայն մինչ այդ խոսակցությունը միանգամայն այլ թեմաների շուրջ էր։ Էդուարդ Եգորյանը եւ Դավիթ Շահնազարյանը, մասնավորապես, փորձեցին փաստել, թե ինչպես է կատարելագործվել ընտրությունների կեղծման մեխանիզմը։

Էդուարդ Եգորյանը տեսակետ հայտնեց, թե գրանցվելու է առնվազն 1 միլիոն ավելի ընտրող, որովհետեւ նրանք պետք է լինեն ե՛ւ ընտրատեղամասերի, ե՛ւ արտասահմանում գտնվող ընտրատարածքների ցուցակներում։ Այս իշխանությունները, պարզապես, իսկ Եգորյանը դրանում համոզմունք արտահայտեց, ծիծաղում են նախկին իշխանության վրա՝ թե իրենք ավելի շատ կեղծիք են անում, սակայն դա իրենց հաջողվում է առանց աղմուկի։ Եգորյանը եզրափակեց այն մտայնությամբ, թե միայն Աստված կարող է փրկել ընտրությունները։ Նա միաժամանակ առաջարկեց մի քանի ելք՝ բոյկոտ, պրեզիդենտի հրաժարական, եւ ժողովրդի ակտիվացում։

Դավիթ Շահնազարյանն արձանագրեց, որ եթե անցյալում Հայաստանը ժողովրդավարական կղզյակի իմիջ ուներ, եւ կարող էր դրականորեն ազդել հարեւան պետությունների գործընթացների վրա, ապա հիմա հակառակն է տեղի ունենում։

Նա նշեց նաեւ, որ 1600 ընտրատեղամասերից 300-ի արդյունքների իր վերլուծությունը ցույց է տվել, որ առնվազն 8-9 տոկոսով կեղծիքներ են եղել 1998-ի ընտրություններում։ Եղել է նույնիսկ այնպիսի ընտրատեղամաս, որում գրանցված 1200 ընտրողի փոխարեն քվեարկել է 2000-ից ավելի մարդ։ Հրաշքն այլ կերպ չի կարող լինել։

Ընտրական օրենսգրքի ԱԺՄ-ական մասնագետ Վարդան Պողոսյանն էլ արձանագրեց, թե այս անգամ ընտրակեղծիքների գործընթացը սկսվել է ընտրական օրենսգրքից եւ անցյալի պես միայն քվեարկության փուլում չէ, որ առարկայանալու է։

Նա անդրադարձավ եւս մեկ դետալի՝ ընտրական օրենսգրքի վրիպակների հրապարակումից հետո նախագահը հրամանագիր է ստորագրել վրիպակներով տեքստի վերաբերյալ ու արձանագրել, որ հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Մինչդեռ ՀՀ օրենքը օրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու կարգի մասին փաստում է՝ նախագահի հրամանագրերը վավերական են հրապարակվելուց 10 օր հետո միայն։

Վարդան Պողոսյանն ասաց նաեւ, որ նույնիսկ ընտրական օրենսգրքի հրապարակված տարբերակի եւ վրիպակների համադրումը էլի հնարավորություն չի տալիս ասելու, թե դա 3-րդ ընթերցմամբ ընդունված փաստաթուղթն է։

Արա Սահակյանն առաջարկեց ընտրություններն անցկացնել «ԱԺ ընտրությունների մասին» նախկին օրենքով։ Նա համոզմունք հայտնեց, որ նախագահի աշխատակազմի իրավաբանները լավ էլ նկատել են օրենքի թերությունները, եւ դրանց մասին զեկուցել Ռոբերտ Քոչարյանին, սակայն տպագրվել է այն, ինչ տպագրվել է։ Արա Սահակյանի կարծիքով՝ ընտրությունների տակ ական է դրված, իսկ թե ինչպիսի ական՝ ցույց կտա մոտ ապագան։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728