Փետրվարի 25-ին Երեւանում լույս տեսավ Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթ «Դրօշակ»-ը։ Այսուհետ երկշաբաթյա պարբերականությամբ Աթենքում հրատարակվող «Դրօշակ»-ը այս տարվա երրորդ համարից (12-25 փետրվար, 1999 թ.) սկսյալ լույս կտեսնի Երեւանում («Այբ գրաֆիկ» տպարան, Տերյան 72)։ Այսպիսով, իր հրատարակության 109-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ «Դրօշակ»-ը լույս է տեսել հայրենիքում։
ՀՅԴ պաշտոնաթերթը կհրատարակվի Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված պարբերականի կարգավիճակով՝ շարունակելով առաքվել արտերկրյա հայկական համայնքները։ «Առավոտը» բարի երթ է ցանկանում գործընկերներին։
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀՀ կառավարությունից ՀՀ դատախազություն է ուղարկվել Հայաստանի պետական պատկերասրահում Մշակույթի նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքների ակտը։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ՀՀ դատախազություն է ուղարկվել նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության ակտը՝ մշակութային արժեքների պահպանման վարչությունում կատարված ուսումնասիրությունների մասին։ Վարչության պետը Դայան Նորան է։