Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը հետաքրքրվեց «Արմենիկումով»

Փետրվար 27,1999 00:00
armenikum

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշուն՝ ի տարբերություն այլ դեսպանների, որոնք դեռեւս լռում են, շատ խանդավառված է սպիդի բուժման նոր դեղամիջոցով։ Չինական կողմը, ավելին, գտնում է, որ դեղամիջոցի հեղինակներին պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի։

– Պրն Չժաոշու, Չինաստանն աշխարհի ամենամարդաշատ երկիրն է։ Եթե դժվար չէ, ներկայացրեք, խնդրում եմ, մարդահամարի վերջին տվյալները։

– Ես շատ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մոտավորապես մեկ միլիարդ 260 միլիոն մարդ։

– Սպիդով հիվանդների մոտավոր թիվը գիտե՞ք։

– Ձեռքիս տակ ճշգրիտ փաստեր չկան, բայց վերջին 10 տարիների ընթացքում սպիդով հիվանդների թիվն արագորեն աճում է։ Սա մեր դարի սարսափելի հիվանդությունն է։

– Հետաքրքիր է, թե ո՞րն էր ձեր առաջին վերաբերմունքը, երբ լսեցիք Սերժ Սարգսյանի հայտարարությունն «Արմենիկումի» առիթով։

– Ես լիովին հավատում եմ։ Բազմիցս եմ ասել, որ հայ ժողովուրդը շատ ինտելեկտուալ է։ Այստեղ՝ Հայաստանում եղել են եւ կան շատ հայտնի գիտնականներ, քաղաքական եւ ռազմական գործիչներ։ Ես հավատում եմ, որ հենց հայ բժիշկներն են հայտնագործել այս դեղամիջոցը։

– Դուք պաշտոնական դիմում ուղարկե՞լ եք Պեկին։

– Ես արդեն ե՛ւ Չինաստանի արտգործնախարարություն, ե՛ւ առողջապահության նախարարություն եմ ուղարկել լուրը։

– Պատասխան ստացե՞լ եք։

– Դեռ՝ ոչ։ Բայց ես հավատում եմ այդ լուրի հավաստիությանը, որովհետեւ Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, ես նրան հարգում եմ, եւ նա երբեք սուտ չի խոսում։ Վերջերս ես հանդիպել եւ ծանոթացել եմ Հայաստանի առողջապահության նախարարի հետ։ Կարծում եմ, որ սա առողջապահության բնագավառում մեծագույն նվաճում է, որը մարդկության պատմության մեջ անգնահատելի ներդրում է։

Չինական կողմի համար հետաքրքիր է, թե ինչ կարգով պետք է կիրառվի դեղամիջոցը՝ հիվանդները պետք է գան Հայաստա՞ն, թե՞ դեղամիջոցը պետք է վաճառվի։ Երկու դեպքում էլ Հայաստանում կենսամակարդակը կտրուկ կբարձրանա։ Չինացիները բարեկամ Հայաստանի համար իրո՛ք ուրախ են։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728