Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽ ՄԻ ՂԱԶԱՆՈՒՄ ՉԻ ԵՓՎԻ»

Փետրվար 27,1999 00:00
ajm

Ցիտատ ԱԺՄ երեկվա հանրահավաքից

ԱԺՄ-ի երեկվա հանրահավաքի հիմնական նետերն ուղղված էին Վազգեն եւ Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանի եւ, էպիզոդիկ էլ, վարչապետ Արմեն Դարբինյանի դեմ։ Սակայն հանրահավաքի լեյտմոտիվը ժողովրդի սոցիալական անհուսալի վիճակի արտացոլումն էր՝ ելույթների միջոցով։

Շավարշ Քոչարյանը բացեց միտինգը հիշեցումով, թե «ի՜նչ խղճուկ, ի՜նչ կեղծ վիճակում ենք» բոլորս։ Վանո Սիրադեղյանին դատախազության ձեռքը հանձնելը, ըստ պրն Քոչարյանի, ոչինչ է։ «Վանո Սիրադեղյանը հիմա հանրապետությունից դուրս է։ Տեսնենք՝ ո՜նց են նրան բերելու»։ Նշվեց վերջին շրջանում սպանվածների պատկանելիությունը ուժային կառույցներին. «Սա օրինաչափություն է դարձել»,- եզրակացրեց հռետորը։ Նրան վրդովեցրել էր նաեւ այն, որ Շարժման 10-ամյակը այդպես էլ պատշաճ չնշվեց։ Վազգեն Սարգսյանի հայտնի ելույթում հնչած միտքը, թե ինքը Պավլիկ Մորոզովը չէ, զայրացրել էր թե՛ հավաքված ժողովրդին, թե՛ ԱԺՄ-ականներին։ «Մեր նպատակն է ազատվե՛լ Պավլիկ մորոզովներից»,- որոտաց պրն Քոչարյանի ձայնը։ Կոչն, ինչ խոսք, տեղին էր, սակայն ոչ այնքան պատճառաբանված. ոչ ոք իր վրա չէր վերցրել Պավլիկ որոզովի դերը, եւ չեղած մորոզովներից ազատագրվելու համար չարժեր այդքան էներգիա ներդնել։

Այն, որ մեր անկախությունը դեգեներատ է, իր խոսքում հնչեցրեց մտավորական Հենրիկ Հովհաննիսյանը։ «Տեսեք՝ ինչ է կատարվում. Ամերիկայի դեսպանատան մուտքը ՍՈրրՈ է դարձել»։ «Թաղապետ, մարզպետ, քաղաքապետ, համայնքապետ» անվանումներից «խմբապետական ֆեոդալիզմի հոտ է գալիս»։ Պրն Հովհաննիսյանը զարմացած էր, թե ինչո՞ւ է Վազգեն Սարգսյանը կարծում, որ ինքն է միայն հայրենիքի պաշտպանը, իսկ ժողովուրդը՝ ոչ։ Պրն Սարգսյանի մորուքը «խմբապետական» համարելով՝ Հենրիկ Հովհաննիսյանը կոչ արեց նրան սափրվել եւ լվացվել։ Հռետորների ելույթների ընդմիջումներին Շավարշ Քոչարյանը մինի-ելույթներ էր ունենում։ Մասնավորապես այդ ընթացքում սպիդի թեման շոշափվեց՝ մի տեսակ «ունկնդիրների խնդրանքով»։ «Տա Աստված, որ դեղն, իրոք, հայտնաբերվել է։ (…) Դե բերեք էդ մարդկանց ճակատները պաչենք»։ Քանի որ ոչ ոք նրանց ճակատները պաչելու չբերեց, պրն Քոչարյանն իր տարակուսանքը հայտնեց դեղի հրաշագործ զորության վերաբերյալ։

ԱԺՄ-ն իր պատրաստակամությունը հայտնեց դաշինք ստեղծել բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք չեն սատարում Վազգեն Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ էության, նման կուսակցությունների թիվը խիստ սահմանափակ է, իսկ հնարավոր դաշինքի ստեղծումն էլ՝ կասկածելի։ Պահանջելով ներկա իշխանությունների հրաժարականը՝ պրն Քոչարյանը դրան զուգահեռ նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո էլ որեւէ բան չփոխվեց։ Եվս մեկ անգամ ծանրանալով պավլիկմորոզովյան թեմային, խոսափողը տրամադրվեց Սեւան-Երեւան մայրուղու եւ Արարատի մարզի մայրուղիների «փակմանն» ականատես (նաեւ՝ կազմակերպիչ) ԱԺՄ-ականներին։

«Իսկ հիմա… ելույթ կունենա… Ար-շա՜կ Սադո-յա՜նը»,- խանդավառված արտաբերեց Շավարշ Քոչարյանը։ Բուռն ծափահարությունների ներքո խոսափողին մոտեցավ պրն Սադոյանը՝ ձեռքի հանդարտ շարժումներով հանգստացնելով ոգեւորված ժողովրդին։ Թեեւ պրն Սադոյանը նոր եւ նախկիններից համարձակ մտքերով հանդես չեկավ, բայց այն, ինչ ասվում էր նրա շուրթերով, հավաքվածները որպես անառարկելի ճշմարտություն էին ընկալում։

Պայքարի կոչեր արեց Արշակ Սադոյանը. «Եկե՜ք, հավաքվե՜նք, ցուցումներ էլ կլինեն»։ Համախմբվելուն եւ պայքարելուն դեմ բացականչություններ չեղան։

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն իր ելույթը փորձեց սկսել լավ լուրերով, բայց քանի որ մտածել ու չէր գտել այդպիսի լուրեր, անցավ բուն թեմաներին. հայերը լքում են իրենց հայրենիքը, որ փրկվեն, Հայաստան-Սփյուռք կապի տատանում, անվստահություն, ԱԺ նոր ընտրությունների հնարավոր կեղծումներ… Նա ոչ մի պայմանով համաձայն չէ, որ ասում են՝ բոլորը նույնն են։ «Ես կամ Արշակ Սադոյանն ուրիշների հետ նույնն ե՞նք։ Այդ լուրերը դիտմամբ են տարածում, որ ժողովուրդը դադարի հավատալ»։ Բերվեց Սինգապուրի օրինակը՝ այնտեղ էլ 3 մլն ժողովուրդ էր ապրում, 65 թվականին այն էլ անկախություն ստացավ։ Գզվռտոց ու իշխանությանը տիրանալու ցանկություն այնտեղ էլ եղավ։ «Բայց եկավ մի իշխանություն, որը Սինգապուրը հանեց այդ վիճակից»։ Ժողովուրդը սրտատրոփ սպասում էր, որ այդ կուսակցությունը մեկ էլ տեսար ԱԺՄ-ն կլիներ։ Բայց խոսքը ա՛յլ, սինգապուրյան կուսակցության մասին էր…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728