1999 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կոլեգիայի հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված էին պետական թատրոններում գեղարվեստական ղեկավար-տնօրեն անվանացանկային պաշտոնի տարանջատման, Երեւանի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանի կողմից նախարարի հրամանը չկատարելու եւ թատրոնում տիրող իրավիճակին, նախարարության «ՄԱԳ» ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրման եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում բռնկված հրդեհի, առկա թերությունների եւ խախտումների մասին հարցերը։
Առաջին հարցը ներկայացվեց բեմարվեստի գործերի վարչության կողմից։ Քննարկումից հետո կոլեգիան որոշեց առանձնացնել գեղարվեստական ղեկավար-տնօրեն պաշտոնը՝ տարանջատելով դրանց իրավասությունները։ Զեկուցվեց Երիտասարդական թատրոնում ստեղծված իրավիճակի մասին, որի առնչությամբ ծավալվեց քննարկում, փոխանակվեցին կարծիքներ։ Լսվեց նիստին ներկա թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանի տեսակետը։
Նախարարի 1998 թ. նոյեմբերի 11-ի թիվ 223/Կ հրամանով Սամսոն Ստեփանյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից՝ մնալով գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն Ս. Ստեփանյանը հրաժարվել էր կատարել նախարարի հրամանը եւ նոր նշանակված տնօրենին հանձնել կնիքն ու փաստաթղթերը։
Կարդացեք նաև
Նախարարի հրամանը չկատարելու եւ ստեղծագործական պետպատվերով նախատեսված գումարները նպատակային չօգտագործելու, ինչպես նաեւ թատրոնի ղեկավարին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու համար կոլեգիան որոշեց Սամսոն Ստեփանյանին ազատել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ նրան հնարավորություն ընձեռելով թատրոնում որպես ռեժիսոր աշխատելու։ Գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Ղազարյանի վրա։
Կոլեգիայի օրակարգի 3-րդ հարցը վերաբերում էր ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության «ՄԱԳ» ՓԲԸ-ի գործունեության ուսումնասիրման արդյունքներին։ Ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ ՓԲԸ-ի նախկին ղեկավարությունն իր գործունեության ընթացքում թույլ է տվել ֆինանսական եւ օրենսդրական կոպիտ խախտումներ, որոնց հիման վրա կոլեգիան որոշեց միջնորդել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը՝ կատարելու ֆինանսատնտեսական գործունեության ստուգում՝ նյութերը քննչական մարմիններին հանձնելու նկատառումով։
Օրակարգի 4-րդ հարցը վերաբերում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում բռնկված հրդեհին, առկա թերություններին ու խախտումներին։
Նշվեց, որ թատրոնի ղեկավարության կողմից բազմիցս անտեսվել են պետական հրդեհային հսկողության կարգադրագրերի պահանջները, որոնց հետեւանքով զոհվել է թատրոնի աշխատակիցը, իսկ թատրոնին հասցվել է զգալի նյութական վնաս։ Տիգրան Լեւոնյանի միանձնյա գործունեության պատճառով ամերիկյան հյուրախաղերը պատշաճորեն չեն նախապատրաստվել, եւ թատրոնի կոլեկտիվը հայտնվել է ծանր իրավիճակում, լուրջ վնաս է հասցվել հանրապետության մշակութային վարկին եւ արժանապատվությանը։
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կոլեգիան որոշեց լուծել Տիգրան Լեւոնյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը՝ նրան ազատելով թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրենի պաշտոնից։ Կոլեգիան միաժամանակ երաշխավորեց թողնել Տիգրան Լեւոնյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Հանձնարարվեց եռօրյա ժամկետում լուծել նոր տնօրենի նշանակման հարցը։
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի
եւ սպորտի նախարարության լրատվական ծառայություն