Օպերայի եւ բալետի ազգային թատրոնին անդրադառնալիս հայկական մամուլը լուր հաղորդեց այն մասին, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ թատրոնի գործադիր տնօրենը եւ «Օպերա» ստուդիայի ղեկավարը, շուտով պետք է նշանակվի թատրոնի տնօրեն՝ Լեւոնյանի փոխարեն։
Հեռախոսազրույցի ժամանակ Հ. Խաչատրյանը երեկ հերքեց այդ լուրերը՝ որակելով որպես «ծիծաղելի բամբասանք» եւ ավելացրեց, որ այդ թատրոնի լավագույն տնօրենը հենց Տիգրան Լեւոնյանն է, որին Հ. Խաչատրյանը համարում է աշխարհի մեծագույն օպերային բեմադրիչ, որի մոտ օպերային ռեժիսուրան շատ բարձր է։ Հարցրի՝ «համոզվա՞ծ եք Տ. Լեւոնյանի մասին արտահայտած ձեր կարծիքի մեջ», քանի որ շատ հաճախ այդպիսի «ճռճռան» խոսքերը վերանայելիս հենց նույն ասողներն ափսոսում են ու բացատրում, թե ստիպված են եղել ասելու։ Թեեւ մեզ հայտնի է Լեւոնյանի հետ Հ. Խաչատրյանի տաք հարաբերությունները։ «Ծիծաղելի բամբասանքի» առիթով Հ. Խաչատրյանի վերջնական խոսքն այսպիսին էր. «Իմ ասպարեզում ես շատ մեծ հաջողություններ եմ ունեցել ու չեմ պատրաստվում իմ բնագավառը փոխել։ Հիմա զբաղված եմ իմ մի ֆիլմով։ Եթե անգամ 1 մլն էլ տան (բնականաբար՝ դոլար -Ս. Ս.) այդ պաշտոնի համար՝ կհրաժարվեմ»։ Ըստ մեր թարմ լուրերի, վարչապետը անձնական թերթիկ է տվել երաժշտական դպրոցներից մեկի տնօրենին (Կամո անունով)՝ լրացնելու համար։ Ինչը ուղղակիորեն թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտ է կամ հրաման։ Հարություն Խաչատրյանը մինչ այսօր համարվում էր միակ հավանական թեկնածուն, որը նախարարությունում այսօր կայանալիք նիստում պետք է հաստատվեր, որին իր համաձայնությունն էր տվել մշակույթի նախարար Ռ. Շառոյանը։
Ս. Ս.
Հ. Գ. Ռ. Շառոյանին Լեւոնյանի դեմ ոչինչ «լուրջ» չկիրառելու դեպքում առաջարկում ենք ՀՀ նախագահին միջնորդություն ներկայացնել՝ Լեւոնյանին ամենաբարձր մեդալով պարգեւատրելու եւ թատրոնի կողքին վերջինիս արձանը (բոյից-բոյ) տեղադրելու համար։