Չորեքշաբթի օրվա մեր թերթում «Վատ լուր» խորագրով տպագրեցինք ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երեք աշխատակիցների՝ Ստեփան Դավթյանի (աշխատակազմի ղեկավար), Վարուժան Խաստուրի (նախարարի օգնական) եւ Սպարտակ Ղարաբաղցյանի (նախարարության Արտաքին կապերի եւ Սփյուռքի հետ մշակութային հարցերի վարչության պետի տեղակալ), Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հետ ԱՄՆ հյուրախաղերի մեկնելու մասին։ Այդ լուրը տպագրելով՝ մենք բացատրեցինք, թե ինչու Մշակույթի նախարար Շառոյանը չի կարող Տիգրան Լեւոնյանին հեռացնել թատրոնում զբաղեցրած բոլոր պաշտոններից։
Երեկվա մեր թերթում տպագրեցինք նաեւ Մշակույթի նախարարությունից ստացված մի գրություն, որով նախարարությունը փորձում է հերքել նախորդ լուրը, ասելով, թե վերոհիշյալ երեք անձինք հյուրախաղերի օրերին (իբր պարզապես օրերն են համընկել) Ռ. Շառոյանի 14.01.99 թ. գործուղման մասին հրամանով ԱՄՆ-ում նախապատրաստել են Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակի եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին առնչվող մի շարք միջոցառումներ։
Նախարարության հերքումը ծիծաղելի է հնչում, մանավանդ որ, բացի այն, որ լուրը հավաստի աղբյուրներից է տրվել, մենք դա նաեւ ճշտել ենք Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի որոշ արտիստներից։ Վերջիններիս հավաստմամբ, այդ մարդիկ, որոնց արտիստներն անուններով էին ճանաչում, նույն օրերին իրենց հետ են եղել ԱՄՆ-ում։ Մեզ հայտնի է նաեւ, որ այդ երեք անձինք մեկնել են հունվարի 15-ին եւ վերադարձել՝ փետրվարի 6-ին։ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի «կոլեկտիվը» մեկնել է առանձին-առանձին խմբերով. առաջին խումբը՝ Լեւոնյանը եւ այլք, հունվարի 11-ին, մյուս խումբը՝ հունվարի 15-ին։ Երրորդ խումբը պետք է մեկներ հունվարի 16-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ օրը թռիչքը խափանվել է եւ միացել են հունվարի 18-ին մեկնողների խմբին։ Մի քանի հոգի էլ «թռել» է հունվարի 21-ին։ Մեզ հասած, բայց չստուգված լուրերի համաձայն, նախարարության երեք աշխատակիցները ԱՄՆ վաճառելու են տարել հայկական եզակի գորգեր ու գեղանկարներ։ Ըստ այդ չճշտված լուրերի, մշակութային նշված արժեքները տեղափոխվել են թատրոնի ռեկվիզիտի հետ։
Ի դեպ, թատրոնի արտիստներից մի քանիսը պատմում էին, որ երբ ԱՄՆ-ում եւ Հայաստանում թատրոնի «խայտառակման» աղմուկը բարձրացավ, ԱՄՆ-ի հայկական հեռուստաալիքներից մեկը՝ 17-րդը, ուղիղ կապով կապվել է ՀՀ Մշակույթի նախարար Ռ. Շառոյանի հետ։ Թղթակցի այն հարցին, թե՝ ինչպես եք թույլ տվել, որ թատրոնն այսպիսի վիճակի մեջ հայտնվի, Ռ. Շառոյանը պատասխանել է, որ տեղյակ չէ այդ հյուրախաղերից։ Եվ ԱՄՆ-ում՝ բարեկամների ու տեղաբնակ հայերի տներում ապրող արտիստները շատ են զարմացել Շառոյանի այդ խոսքից՝ քաջ իմանալով, որ իրենց հետ ԱՄՆ են մեկնել նախարարության այդ երեք աշխատակիցները։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է նախարարության բացատրությանը, որ «հիշյալ աշխատակիցները ելույթներ են ունեցել հայկական հեռուստաժամերում եւ, մասնավորապես, անդրադարձել Հայրենիքում անցկացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի խնդիրներին, նպատակներին», ապա մեր կասկածն ենք հայտնում, թե այդ առաքելությունը հնարավոր չէր իրականացնել մեկ աշխատակցի միջոցով։ Երեկ «Առավոտը» հավելյալ գրություն ստացավ Մշակույթի նախարարությունից, որում ասվում էր, թե աշխատակիցների գործուղման ծախսերը հոգացել է հրավիրող կողմը եւ ոչ թե ծախսել են մեր աղքատ երկրի կոպեկ-կոպեկ հավաքվող բյուջեի հազարավոր դոլարներ։ Պատասխան, որը նույնպես առանձնապես հավատ չի ներշնչում, չնայած որ որոշ ճշմարտություն է պարունակում. թատրոնն էլ էր մեկնել հրավիրող կողմի ծախսերով։
Այս պատմությանն ավելացնենք, որ «գործուղման» օրերին նախարարի հրաման չի եղել։ Եթե դա լիներ, ապա կլինեին նաեւ այդ մարդկանց բացակայության օրերին փոխարինողների հրամանները։ Այնպես որ, դժվար չէ հետին թվով հրաման ձեւակերպելը։
Ռ. Շառոյանն իր դժգոհությունն արդեն հայտնել է Տ. Լեւոնյանի «սարքած» հյուրախաղի մասին, սակայն դա դեռ հույս չի հայտնում, որ նախարարը կարող է կտրուկ որոշում կայացնել։ Ի վերջո, այս «խայտառակ» հյուրախաղը առիթ է՝ անդրադառնալու Լեւոնյանի թեթեւ ձեռքով ավերված թատրոնի ստեղծագործական, վարչական, ֆինանսատնտեսական խնդիրներին։ Այնպես որ, գերխնդիրը բուն թատրոնն է եւ ոչ թե տապալված ու խայտառակված հյուրախաղը, ու չպետք է վախենալ կտրուկ որոշումներից, որքան էլ որ Լեւոնյանը, իր բնավորության համաձայն, բողոքի բարձրաստիճան այրերին։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Հ. Գ. Այսօր Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի ղեկավարության «գլուխը» խառնված է։ Լեւոնյանը չի ուզում լքել տնօրենի պաշտոնը, ոչ էլ ուզում է թատրոնում մնալ միայն որպես երգիչ։ Ոչ էլ համաձայն է միայն գեղարվեստական ղեկավար կամ միայն գլխավոր ռեժիսոր մնալ։ Նա սիրում է, որ բոլոր ֆինանսական ու վարչական գործերն իր ձեռքի տակով անցնեն։ Բայց դրա հետ միաժամանակ, նա ունեցած բոլոր ուժերը կենտրոնացնում է իր ստեղծած «Օպերա-ակումբ» ռեստորանում Օպերայի եւ բալետի որոշ արտիստների մասնակցությամբ երեկոյան հաճախորդների համար շոու սարքելու։