Հայ ռոմանտիկ բանաստեղծները երազում էին, որ կգա երանելի ժամանակ եւ «ամեն աղախին կսովորի պետություն դարձնել», այսինքն՝ կառավարել։
Չեկավ։ Չէր գալու։ Որովհետեւ «պետություն դարձնելը», այսինքն՝ կառավարելը բարդ տաղանդ է, որ ներառում է աշխարհում ամեն ինչ՝ հակադրամիասնության բոլոր կատեգորիաներով նախատեսված ու չնախատեսված։
Իսկ «պետություն դարձնելը» անհրաժեշտություն է։ Ահա եւ սովորում ենք պետություն դառնալ, լինել, ստեղծել… Եվ ինչքան դանդաղ, այնքան՝ դժվար։ Բայց եւ ինչքան արագ, այնքան… ավելի դժվար։ Որովհետեւ մեզնից յուրաքանչյուրն իրեն համարում է պատրաստի նախագահ ու մարշալ, միայն բանակներ չկան՝ հրամանատարելու, երկրներ չկան՝ նախագահելու… Մեր ունեցածը 29000 քկմ քար ու հող է, նույնքան երկինք, իսկ չունեցածը՝ ծովեր ու նավահանգիստներ։ Մենք ենք, որ այսքան ենք, այսպիսին ու հիմա։ Անկախության հանրաքվեից հետո, երբ համաժողովրդական արբեցումն անցավ, համաժողովրդականորեն էլ հասկացանք, որ հիմա արդեն ցուցումներ ու հրամանագրեր չենք ստանալու, ինքներս ենք մեր սահմանապահն ու ճանապարհ պահողը, մեզ կերակրողն ու հրամայողը, մենք ենք նաեւ մեր հրամանները կատարողը։ Սկզբում անսահման ուրախացանք, հետո երբ «Անկախության կիրակին անցավ ու եկավ երկուշաբթին», ինչպես Վարդգես Պետրոսյանն էր ասում, աշխատանքային օրը… չսկսեցինք։ Չգիտեինք՝ ինչպե՞ս։
Հասկացանք, որ մեզ պետք են մեր նոր գոյաձեւին հարիր օրենքներ ու կարգեր։ Սկսեցինք սահմանել։ Շտապում էինք։ Երբեմն մենք մեզ չէինք վստահում, հարեւաններին ու փորձագետներին էինք հրավիրում, որ մեզ խելք սովորեցնեն։ Ճիշտ էինք անում, համաշխարհային փորձը հո ջուրը չէինք գցի, 21-րդ դար կար, բան կար, ինչո՞ւ հեծանիվ հնարելու դոնկիխոտություն անեինք, երբ նույնիսկ ավտոմեքենան վաղուց դադարել էր շքեղություն լինել ու փոխադրամիջոց էր դարձել։
Կարդացեք նաև
Այս ամենը մեր անցյալն է։ Իսկ ո՞րն է ներկան։
Մի քիչ վիճակագրություն
1995 թ. դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովն ընդունեց «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցումային դրույթների» ՀՀ օրենքը։ 1996 թ. հունիսի 30-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին»։
1997 թ. հունիսի 24-ին Ազգային ժողովն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը։ 1997 թ. մայիսի 6-ին ՀՀ նախագահը ստորագրեց «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրերը։
1997 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը ստորագրեց ՀՀ կառավարության որոշումը «Մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»։
Այսինքն՝ օրենսդիրներին մեղադրելու հիմքեր չունենք, աշխատել են։ Ինչպես ու ինչքան կարողացել են։
Իսկ կյանքը ամեն քայլափոխին գալիս է հավաստելու, որ ՀՀ կառավարումը մարզային բաժանմամբ եւ մարզպետարանների ինստիտուտի միջոցով իրեն չի արդարացնում։ Տարածքային-աշխարհագրական խնդիրները թողնենք մի կողմ։ Ընդունենք, որ գաղափարը լավն էր, կառավարման մոդելը, թեեւ հայտնագործություն չէր, բայց եւ կարող էր ու պիտի գործեր։ Բայց… Եվ այստեղ ահա սկսվում է իրականությունը։
ՀՀ եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի բոլոր օրենքները ունեն մի հիմնական թերություն՝ մնում են թղթի վրա։ Կատարյալ, անխոցելի ու տրամաբանական ու անհրաժեշտ են թղթի վրա, որովհետեւ իրական կյանքում չեն ստեղծվում այն պայմանները, որոնց դեպքում այդ օրենքները կգործեն։ Այսինքն՝ վերցվում է իդեալական պետության մոդելն իր բնականոն օրինաչափություններով ու սկզբունքներով, եւ այդ բնականոնությունը մեխանիկորեն տեղափոխվում է իրականություն, ուր մարդիկ են իրենց ճակատագրերով, ուր ամեն ինչ ավելի շատ ի վնաս է, քան ի շահ։ Օրենքները կատարողները մարդիկ են։ Ահա եւ բախվում ենք կադրերի հավիտենական ու մեր երկրի համար ցավոտ խնդրին։ Որովհետեւ ոչ մի ասպարեզում չենք կարողանում գտնել իրենց գործը կատարելապես պատկերացնող գոնե մեկ տասնյակ մարդ։
Եվ… շարունակում ենք անկատար օրենքների թերությունները խորացնել մեր ապաշնորհությամբ ու անգիտությամբ։ Ցավո՛ք։ Հիշյալ հրամանագրերից ու որոշումներից անցել է 2-3 տարի, այսինքն՝ կայացման համար բավականին ժամանակ։ Կամ՝ բավականին ժամանակ, որպեսզի պարզենք, թե պետական կառավարման մեր սահմանած մարմինները ինչպե՞ս են աշխատում, նաեւ՝ ինչո՞ւ չեն աշխատում։
Եվ բախվում ենք սկզբունքային մի սխալի, որից ածանցվում են մարզական կառույցների չկայացման պատճառները։ Մեր ստեղծած կառույցն ունի զարմանալի ենթակայություն՝ ոլորտի ռազմավարությունը մշակում են համապատասխան նախարարությունները, որ նշանակում է քաղաքականության առաջնահերթություններ, տարբեր ծրագրեր ու ծրագրերի իրականացման մեխանիզմներ։ Այդ քաղաքականության ներդրման համար պիտի հենվեն կառավարման այն օղակների վրա, որոնք… իրենց չեն պատկանում. քաղաքներում՝ քաղաքապետարանին, մարզերում՝ մարզպետարանին։ Այսինքն՝ լայն ասպարեզ է բացվում եթե ոչ կամայականության համար, ապա առնվազն՝ անտեղյակության ու անգործունակության։ Այսինքն՝ պետական կառավարման մի օղակը մյուսներն աշխատեցնելու համար չունի համապատասխան լծակներ, ավելի ճիշտ՝ այդ լծակները տրված են կառավարման մեկ այլ օրգանի, որին գրեթե պետք չեն, կամ պետք են այլ լիազորություններ։
Փորձենք ճշտել որոշակի օրինակով։ ՀՀ կառավարության որոշմամբ 1999 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է ընտանեկան նպաստի համակարգը, որի ներդրումը մոտ տարի ու կես մշակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում, ճշգրտվել են նպաստառուների կատեգորիաները, նպաստի չափը, նշանակման եւ վճարման կարգերը, միով բանիվ՝ իրականացվում է սոցիալական ապահովության հասցեական քաղաքականության մի տարբերակ, որի միայն տեսության համար կարող է նախարարությունը պատասխանատու լինել, իսկ իրականացման համար պատասխանատու են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնք նախարարությանը չեն ենթարկվում, ունեն իրենց պետերն ու իրենց աշխատանքային հարաբերությունները։ Որոնց միջնորդավորված կառավարումը պատճառ է դառնում նախ գործը ամբողջ խորությամբ ու ծավալով չհասկանալ-չպատկերացնելուն, ապա ուղղակի պատասխանատվության չգոյությամբ՝ անշահագրգիռ վերաբերմունքին։
Հենց այդպես առաջացան «Փարոսի» ցուցակների մաքրման ու չմաքրման բոլոր տարաձայնությունները։ Ցուցակները տեղերում կարգավորելու աշխատանքը, որ պիտի կատարեին սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ու համայնքները, շատ դեպքերում սկզբունքային սխալներով ու կամայականություններով ընթացավ, որի կանխման համար ընտանեկան նպաստի համակարգի ներդրման պատասխանատվություն կրող նախարարությունը իրականում չունի ոչ մի լծակ՝ ո՛չ վերահսկելու, ո՛չ պատժելու ու օրինականությունը վերահաստատելու։ Մարզային կառույցների «խղճին ու խղճմտանքին» ապավինելը ավելի շատ բարոյական, քան աշխատանքային կատեգորիա է։ Իսկ բարոյականության բավականաչափ տարտղնված մեր պատկերացումներով չենք կարող օրենք ու օրինականություն հաստատել։ Վերջապես փորձարկումների ժամանակը պետք է սպառված համարենք ու անցնենք իրավ իրավական պետության կառուցմանը։
Փակագիծ դնենք ու նշենք, որ անցումային շրջանում գտնվող պետության համար ամենասովորական խնդիրների լուծումը բարդանում է, որովհետեւ խզված են կառավարման օղակները՝ վերաիմաստավորվում ու վերաբաշխվում են պարտականություններն ու իրավունքները։ Եվ նույն այդ անցումային խառնաշփոթը նվազեցնելու ու կարճելու համար հարկավոր է հնարավորինս խուսափել սխալներից։ Իսկ առկա սխալները ուղղել հնարավորինս արագ։ Բնականաբար, կյանքի նոր կենսապայմանները պիտի պահանջեին համապատասխան փոփոխություններ, բայց միշտ չի իրեն արդարացնում այլ երկրների փորձի մեխանիկական տեղայնացումը։ Ամեն երկիր ունի իր ազգային առանձնահատկությունները, իր աշխարհագրությունը, բնական հարստություններն ու պաշարները, կենսամակարդակն ու կենսապայմանները, ներքին ու արտաքին քաղաքականությունը, դիրքն աշխարհում ու տարածաշրջանում, որոնց պիտի համապատասխանեն այդ երկիրը կառավարող օրենքները։ Այլապես մենք ընդամենը արձագանքում ենք օրենքներ ունենալու անհրաժեշտությանը։ Ընդամենը։
Իսկ պետական կառավարման մարմինների բնականոն գործառության համար ճիշտ կլիներ գործի շահերից բխեցնել նրանց ենթակայությունը, հնարավորինս հեռու պահելով «տեղական» քաղաքականության (խնամի-ծանոթ-բարեկամ կապերի անսասանությունը մեզ համար ամրագրված է ազգային նկարագրով) «նվաճումներից»։ Այսինքն՝ մարզետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությունից պետք է հանել եւ նախարարությունների ենթակայությանը հանձնել սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական խնդիրների լուծմանը կոչված կառույցները։ Այդպիսով նախ խնայվում է ժամանակը, որ հավիտենական չէ, որքան էլ ձգենք «անցման շրջանի դժվարությունները», ապա՝ սայլն ենք շարժում տեղից՝ որոշարկելով ուղղությունն ու անցնելիք ճանապարհը։
Չէ որ այնքան սիրում ենք կրկնել, թե մարդիկ չեն օրենքների համար, այլ օրենքները՝ մարդկանց։
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ