Ամենապարտաճանաչ «մուծող» ծնողներից եմ։ Դպրոցն ու ուսուցիչն այնքան խեղճ վիճակում են, որ նրանց վճարած գումարը ոչ միայն տեղին եմ համարում, այլեւ ամեն մեկիս սուրբ պարտքը, պետական հարկի նման մի բան։
Զանազան միջոցառումների, տոների ու հանդեսների համար վճարած գումարներից բացի, երկու դպրոցահասակ զավակիս համար ամեն ամիս 400 դրամ եմ վճարում դպրոցին։ Չնչին գումար, որը, սակայն, ոչ բոլորն են պատրաստակամությամբ տալիս։ Կան ընտանիքներ, որոնց համար այդ 200 դրամն անգամ (մեկ երեխայի համար) դժվար է վճարել, մանավանդ, եթե երկու կամ երեք դպրոցահասակ ունեն տանը։ Սակայն վերջին ծնողական ժողովի ժամանակ սկսեցի կասկածել, իսկ արժե՞ վճարել այդ գումարը։
Դասարանը, որտեղ դաս է անում զավակս, սարսափելի տեսք ուներ՝ ավերված, ծեփաթափ պատեր, կոտրված սեղան-աթոռներ, դուրս թռած մանրահատակ։ Այս տեսարանից սարսափած՝ փորձեցի պարզել, թե 1000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում գանձված աշակերտական գումարներն ինչի՞ վրա են ծախսվում։ Պարզվեց ինչ-որ մաս՝ կարիքավոր աշակերտներին օգնելու, իսկ հիմնականը՝ հյուրեր ընդունելու, սեղաններ գցելու վրա։ Չգիտես ինչու, հայկական ճոխ հյուրասիրությունների ավանդույթը դեռ սրբորեն պահպանվում է դպրոցներում։ Իսկ դպրոց այցելած զանազան տեսուչներն եւ մեթոդիստները, կրթական չինովնիկները, օտարերկրյա հյուրերը չեն էլ հետաքրքրվում՝ ինչի՞ հաշվին են սեղան գցում դպրոցները։ Իրենց խղճուկ աշխատավարձի՞։ Իհարկե՝ ոչ։ Իսկ կրթության նախարարությունը ոչ միայն վճարովի պարապմունքների համար նորմատիվ դաշտ չի ձեւավորում, այլեւ ինքն է նպաստում այդ չնորմավորված գումարահավաքին։
Ամիսներ շարունակ աշխատավարձ չստացող ուսուցիչը ստիպված ինքն է ձեւավորում այդ դաշտը, ինքն է ելք գտնում, իր եկամտի աղբյուրները ստեղծում։ Չէ որ ռեպետիտորական հնարավորությունները սահմանափակ են եւ օրեցօր կրճատվում են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են զրկվում մասնավոր ուսուցիչ վարձելու հնարավորությունից։ Վերջապես դասախոսական մեծաքանակ խավի հետ պայքարում ուսուցիչը պարտվում է՝ մնալով պետական չնչին աշխատավարձի եւ «նվերների» հույսին։ Մեր դասարանի ծնողների մի մասն էլ համաձայնեց, որ շատ ավելի լավ կլիներ աշակերտական գումարների հաշվին ուսուցիչները լրավճար ստանային, քան դպրոց մտած վերադասի համար սեղաններ գցվեին։ Գուցե ավելի ազնիվ ու մարդկային կլիներ ծնողներին առաջարկել ուսուցիչների՝ վճարելու հոգսը մասնակիորեն իրենց վրա վերցնել, քան ձեւացնել, թե դրա կարիքն իրենք չունեն։ Անգամ եթե ծնողների միայն 20-30%-ը համաձայներ այդ առաջարկին՝ դա կլիներ թափանցիկ եւ օգտակար։ Անշուշտ, դա ձեռնտու չէ կեղծիքի վրա կանգնած պետությանը եւ կեղծ ազգայնական ուժերին, որոնք ձեւացնում են, թե մեզանում կրթությունն անվճար է եւ հնարավոր է 15 դոլար աշխատավարձով ապրել։
Կարդացեք նաև
Չգիտես ինչու՝ շատ բնական է համարվում, որ 80 դոլար ստացող նախարարը երկու օրը մեկ նոր կոստյում է հագնում կամ օրումեջ ընթրում է ամենաբարձրակարգ ռեստորանում։ Որքան բարձրանում է պաշտոնը, այնքան բնական են դիտվում ձախից աշխատած գումարները եւ ընդհակառակը՝ որքան ցածր սոցիալական դիրք է գրավում մարդը, այնքան մեծ է պատասխանատվության կանչվելու վտանգը։ Անգամ եթե արարքն ընդամենը վճարովի չգրանցված պարապմունքն է կամ իր աշխատանքի դիմաց գոնե մասնակիորեն վարձատրվելու փորձը։ Չէ որ այդ աշխատանքը թեեւ կոչվում է պետական, բայց պետության կողմից չվճարվելու պատճառով դարձել է հասարակական։ Ուրեմն՝ հասարակությունն էլ պետք է պահանջի ուսուցչից եւ վճարի ուսուցչին։
ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ