Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱՆ ՀԱՇՎԻՉ ՈՒՆԵՍ՝ ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ

Փետրվար 26,1999 00:00
hashvich

Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Զինյաթ Օրդուխանյանը եւ նրա եղբայրը իրենց մոր մահվանից հետո զբաղեցրել են նրա տունը, որտեղ որպես առաջնահերթ ժառանգորդներ արդեն իսկ գրանցված են եղել։ Գյուղապետարանի կողմից Զ. Օրդուխանյանը շուտով գրանցվել է իբրեւ առանձին ծուխ, զբաղեցրել է առանձին մուտք եւ վարել առանձին տնտեսություն։

69-ամյա երկրորդ կարգի հաշմանդամը, չկարողանալով հոգալ ձմեռվա սնունդը եւ վատառողջության պատճառով կարոտ լինելով խնամքի, 1998 թ. դեկտեմբերից հյուրընկալվում է Նոր Խարբերդում ապրող քրոջ տանը։ Դեռեւս 1994-ից Զ. Օրդուխանյանը «Փարոս» համակարգում հաշվառված է եղել իբրեւ եղբոր խնամքի տակ գտնվող եւ նրա հետ միասին գրանցված է եղել մեկ ընդհանուր գրքույկում։ Սրա համար հիմք ծառայել է գուցե այն, որ երկու առանձին ծխերը ունեցել են մեկ ընդհանուր էլեկտրական հաշվիչ։

Վերջերս Զ. Օրդուխանյանը դիմել է Այնթապի գյուղապետարան՝ իբրեւ առանձին տնտեսություն իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։ Գյուղապետարանից համապատասխան փաստաթուղթ տալու փոխարեն, քաղաքացուհուն պատասխանել են, որ միեւնույն հասցեում բնակվող ընտանիքներին սոցիալական առանձին անձնագրերը տրվում են այն դեպքում, եթե նրանք իրենց՝ առանձին տնտեսություններ վարելու հանգամանքը հիմնավորում են առանձին էլեկտրահաշվիչներ ունենալով։ Քանի որ, ինչպես հիշում եք, Զ. Օրդուխանյանի ծախսած էլեկտրաէներգիան իր թվային արտահայտությունը ստանում էր եղբոր հետ նույն հաշվիչի վրա, նրա՝ երբեւէ ստացած 2600 դրամ նպաստը «ավտոմատ» կերպով դառնում է 1300 դրամ (իբրեւ կարիքավոր ընտանիքի մեկ անդամին տրվող նպաստի չափ)։

Ասենք, որ սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի այս որոշումը բնավ չի հակասում ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբի նիստի որոշման այն կետին, որը վերաբերում է ընտանեկան նպաստի համակարգում ընտանիքներին հաշվառման վերցնելու համար՝ ընտանիք հասկացության ձեւակերպմանը։ Ճիշտ է, նույն որոշման երկրորդ կետը «բացառիկ դեպքերում (առանձին մուտքեր, առանձին տներ նույն հասցեում եւ այլն) այդ ընտանիքներին առանձին հաշվառվելու» հնարավորություն է տալիս, «սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից տնային այցելությունների արդյունքում կազմվող ուսումնասիրությունների ակտի հիման վրա»։

Սակայն գյուղապետարանից եւ տարածքային սոցծառայությունից տնային այցելություն կատարելու փոխարեն, Այնթապի գյուղապետարանը Զ. Օրդուխանյանին տեղեկացրել է առանձին էլեկտրահաշվիչ ունենալու անհրաժեշտության մասին։ Այս ամենը շատ օրինական ու տեղին կթվար, եթե գոյություն չունենար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը եւ էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների 9-րդ գլուխը։ Դրանք սահմանում են, որ բաժանորդը կամ էլեկտրամատակարարող ձեռնարկությունը ինքն է որոշում 2-րդ հաշվիչի տեղադրման նպատակահարմարությունը։ Իսկ ՀՀ էներգետիկայի նախարարության իրավաբանական բաժնից այդ կապակցությամբ հայտնում են, որ «գյուղապետարանի իրավասություններից դուրս է բաժանորդին պարտադրել նույն հարկի տակ 2-րդ հաշվիչ տեղադրելը»։ Այստեղ կարեւորվում է մի մանրամասն եւս. որքան թույլ է տալիս դատելու մարդկային տրամաբանությունը, բաժանորդ կամ էլեկտրամատակարարող ձեռնարկություն, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, այս դեպքում չի կարող համարվել ընտանեկան նպաստի համակարգի ներդրման հանրապետական շտաբը։ Այնպես որ, ընտանիք հասկացության ձեւակերպման մասին 26.01.1999 թ. թիվ 12 որոշման 2-րդ կետը բոլորովին էլ չի մեղմում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետ ունեցած հակասությունը։

Այս դեպքում կասկածի տակ է առնվում շտաբի կողմից առանձին էլեկտրահաշվիչ ունենալու՝ որպես ընտանիքի չափանիշ ընդունելու հանգամանքը։ Հուսալով հանդերձ, որ շտաբը այս հարցին ուշադրություն կդարձնի (հաշվի առնելը կամ չառնելն այլ խնդիր է), փաստենք նաեւ, որ միեւնույն է, կան ու տեղերում դեռ էլի կգտնվեն հազար ու մի սողանցքներ՝ այս կամ այն քաղաքացուն ապօրինաբար (կամ օրենքի սահմաններում, բայց անարդարացիորեն) զրկելու ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելուց։ Այնթապի գյուղապետարանն, օրինակ, Զ. Օրդուխանյանին առաջարկում է կամ 6 ամսից ավելի Նոր Խարբերդում ապրելու դեպքում փաստագրվել քրոջ ընտանիքի հետ (հիշենք, որ այդ դեպքում Զ. Օրդուխանյանի եկամուտը եւ համապատասխանաբար նրա լուման ընտանեկան բյուջեում լինելու է նրա չնչին թոշակը եւ նպաստի իր 1300 դրամ բաժինը), կամ մի ուրիշ տարբերակ էլ կա։ Հաշմանդամ կինը կարող է նաեւ սառչել ու անխնամ ապրել Այնթապում եւ ամբողջությամբ ստանալ մեկ ընտանիքին տրվող նպաստը՝ 3500 դրամ։

Ընտրության նախանձելիորեն լայն հնարավորություն։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728