Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՎ …

Փետրվար 26,1999 00:00
kusakcutyunner

Արդյոք Հայաստանում կձեւավորվի՞ երկկուսակցական քաղաքական համակարգ

«Ժողովրդականներ»՝ վստահաբար ոչ հեռու ապագայում այսպես կկոչվեն Կարեն Դեմիրճյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդական կուսակցության հետեւորդները, որոնց առաջին համագումարը հրավիրվելու է օրերս։ Որքանո՞վ է հավանական, որ «Ժողովրդականը» դառնա Հայաստանում երկկուսակցական քաղաքական համակարգի ձեւավորման անկյունաքար։

Հայաստանի քաղաքական քարտեզը

ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են շուրջ 60 հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Դրանց ճնշող մեծամասնության անվանումները հայտնի են միայն իրենց հիմնադիրներին։ Այնուհետեւ կան մի քանի քաղաքական խմբակներ, որոնք հասարակությանը ծանոթ են, բայց ստանում են… զրո ամբողջական տոկոս վստահության քվե, ասենք, Վիգեն Խաչատրյանի կուսակցությունը, Աշոտ Բլեյանի, ԳիԱրՔՄի-ին, կամ ՍԻՄ-ը։ Եվ վերջապես, կան գործող ու կենսագրություն ունեցող մի քանի քաղաքական ուժեր, որ ձեւավորել են կայուն ընտրազանգված՝ 5-10%՝ ԻՄ-ը, Կոմկուսը, ԱԺՄ-ն, ՀՀՇ-ն, ՀՅԴ-ն (թե որքան է վերակազմավորված «Հանրապետականի» ընտրազանգվածը առանց մարզպետական աթոռների եւ բանակի աջակցության, նույնիսկ 99-ի խորհրդարանական ընտրություններից հետո դժվար կլինի որոշել)։

ԻՄ-ը եւ Կոմկուսը թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններում փաստել են, որ քաղաքակիրթ կուսակցություն են՝ կայուն եւ կանխատեսելի։ ԱԺՄ-ի դեպքում՝ 96-ի սեպտեմբերյան հաջողությունն էր որոշ գլխապտույտ առաջացրել, բայց 98-ի նախագահական առաջին ընտրափուլից հետո թերեւս պատրանքներն անէացած լինեն, եւ ԱԺՄ-ում հաշտվելու են, որ իրենց վստահում են ոչ ավելի, քան Կոմկուսին։

ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ն տեսիլքների մեջ են։ ՀՀՇ-ում կարծիքներ կան, թե ներկա իշխանությունների համեմատությամբ իրենք կարող են հրեշտակ թվալ՝ «մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը» օրինաչափությամբ։ Մոլորություն է, ՀՀՇ-ին նախորդած ուժն էլ է ասպարեզում, եւ ինչո՞ւ կարծել, որ հորիզոնը ՀՀՇ-ով պիտի ավարտվի։ Եվ, ընդհանրապես, ՀՀՇ-ն, եթե զրո ամբողջական տոկոս ստացողների շարքում չհայտնվի, ապա շնորհիվ Վանո Սիրադեղյանի։ Ուղղակի նա վառ անհատականություն է, անձնապես ընտրազանգված է ունեցել 1995-ին եւ բացառված չէ, որ այսօր էլ կարողանա ՀՀՇ-ի համար 5-%-ից ավելի վստահության քվե ապահովել։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ՀՅԴ-ն երբեւէ իրատեսությամբ աչքի չի ընկել։ 1991-ին գրում էին, թե 40% ձայներ ունեն, պարզվեց՝ 4%-ը հազիվ են գերազանցում։ 1998-ին էլ հավատացնում էին, թե Քոչարյանին ընտրել են, որովհետեւ ՀՅԴ-ին է վստահել… Մինչդեռ, ցանկացած հայաստանցի հիշում է հասարակական ռեզոնանսը ՀՅԴ-ն արգելելիս եւ այն վերաբացելիս։ Մարդկանց դա հուզել էր ոչ ավելի, քան ԱԺՄ-ի կամ Կոմկուսի գործունեության կասեցումը կհուզեր։ Մտահոգիչն այդտեղ իրավունքների ոտնահարումն էր, որովհետեւ, երբ այսօր խախտվում են մեկի իրավունքները, չկա երաշխիք, թե վաղն էլ չեն խախտվի մյուսինը, եւ ոչ ոք չի կարող ասել, թե հատկապես որերորդ խախտումից հետո գործ կունենանք համատարած երեւույթի հետ։ Այսպիսին է Հայաստանի քաղաքական քարտեզը. 10%+- 3% ընտրազանգվածը թվարկված որեւէ կուսակցություն անգամ կրկնապատկել չի կարողացել։ Իսկ երբ ասպարեզում ընդամենը 5-10% կամ նույնիսկ 20-25% ընտրազանգվածով ուժեր են, նրանցով անկարելի է չխեղվող իշխանություն ձեւավորել։

Բազմակուսակցությունից ոչ լեգիտիմություն կես քայլ է

Որպեսզի իշխանությունը չվերածվի անարխիայի կամ բռնատիրության, այն պետք է իրավունքի կտրվածքով լինի լեգալ, քաղաքական կտրվածքով՝ լեգիտիմ։ Լեգալ է ցանկացած իշխանություն, որ ձեւավորվել է երկրի պոզիտիվ իշխանության նախատեսած կարգով։ Գույները խտացնելիս պատկերներն ավելի տեսանելի են լինում, օրինակ՝ եթե Ընտրական օրենսգիրքը քվորում չի նախատեսում, միայն մեկ ընտրողը տեսականորեն կարող է միլիոնների համար լեգալ իշխանություն ձեւավորել։

Մինչդեռ լեգիտիմությունը քաղաքական հասկացություն է եւ նշանակում է մեծամասնության կամքի կրող։ Լեգիտիմությունն առանցքային գործոն է իշխանության երեւույթում։ Որքան էլ քաղաքագետները ճառեն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, կանանց էմանսիպացիայի եւ մնացյալի մասին, աշխարհիկ հասարակությունում կարելի է հեղափոխությամբ թեոկրոտական ռեժիմ հաստատել եւ տասնյակ տարիներ լինել միանգամայն ցանկալի իշխանություն, ինչպես Իրանում։ Հասարակության մեջ լեգիտիմ դարձած, այսինքն մեծամասնության համար ընդունելի ուժը միշտ էլ գալիս է իշխանության՝ լեգալ ճանապարհով կամ հեղափոխությամբ։ Բայց նախ պետք է հասարակությունում նման ուժ գոյություն ունենա։ Եվ հենց այստեղ էլ, ինչպես ասում են՝ «թաղված է շան գլուխը»։

Հայաստանյան կուսակցությունները, որոնց սոցիալական հենարանը լավագույն դեպքում 5-10-13% է, կարո՞ղ են մեծամասնության կամքի կրող լինել։ Իհարկե՝ ոչ։ Հետեւաբար, իշխանությունը ձեւավորելու երկու ճանապարհ է մնում։ Այդ կուսակցություններից որեւէ մեկը վերցնում է ամբողջ իշխանությունը։ Դա ոչ այլ ինչ է, քան ուզուրպացիա եւ երկրին առաջնորդում է դեպի բռնատիրություն։ Այդպես էին վարվել ՀՀՇ-ն եւ Տեր-Պետրոսյանը։ Կամ ընդհակառակը՝ իշխանությունը մասնատվում է մի քանի կուսակցությունների միջեւ։ Նրանք սկսում են մրցակցել գերիշխանության համար եւ երկիրը վերածում կլանային ազդեցության գոտիների։ 1998-ի գարնանը ոչ ՀՅԴ-ն, ոչ երկրապահները հասարակությունից անմիջական մանդատ չունեին, բայց մրցակցում էին։ Եթե Ալբերտ Հերոյանը կարող էր մարզպետ լինել, Հրայր Կարապետյանը ինչո՞ւ չէր կարող։ Կարող էր, խնդիր չկա, մանավանդ՝ երրորդ ուղի էլ չկա։

Բազմակուսակցությունը ժողովրդավարության պատվար է, եթե երկկուսակցական համակարգ է գործում, մինչդեռ արջի ծառայություն է կուսակցությունների բազմակիության պարագային։ Իհարկե, երկկուսակցական համակարգում էլ գործում են 3-5-7-10% ընտրազանգվածով կուսակցություններ, բայց երկու դոմինանտ ուժերի կողքին նրանք եղանակ չեն ստեղծում։ Մինչդեռ, եթե երկրում մոտավորապես հավասար ընտրազանգվածով երկուսից ավելի կուսակցություններ են, նույնիսկ եթե դրանք ընդամենը երեքն են, ոչ մեկը չի կարող մեծամասնության կամարտահայտիչ լինել։ Ընտրության արդյունքներով համեմատական մեծամասնություն կազմող, այդքանով էլ լեգալ իշխանության հիմքը ձեւավորող ուժը չի դադարում հասարակության կտրվածքում փոքրամասնություն մնալ։ Իսկ դա դամոկլյան սուր է, որովհետեւ ցանկացած պահի ընդդիմախոս երկու ուժերը կարող են համաձայնության գալ եւ հասարակության կտրվածքում մեծամասնության վերածված՝ երկիրը սահեցնել դեպի քաղաքակիրթ հեղափոխություն՝ կառավարության լուծարում, խորհրդարանի արձակում կամ նախագահի պաշտոնանկություն։

Ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանը ձախողվում

Levon Ter-Petrosyan

 

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1994-ից ի վեր մի կուսակցություն չարգելեր, մյուսը կոտորակեր, երրորդներին ճնշեր, գուցե ՀՅԴ-ն կամ ԱԺՄ-ն իրենց հետեւորդների թիվն ավելացնեին, նրանց մերժողներն էլ ստվարացնեին ընդդիմախոս կուսակցությունների շարքերը։ Բայց թե էվոլյուցիոն այդ ճանապարհով հրապարակում եղող ուժերից որեւէ մեկը ե՞րբ կձեւավորեր 40-50%-ին մոտ սոցիալական հենարան, Աստված գիտե։ Էքս-նախագահը երեւի չէր էլ հավատում, թե երբեւէ նման ցուցանիշներ կլինեն, եւ ոչ թե կյանքին կամ ժամանակին, այլ սեփական անձին էր վերապահել երկրի քաղաքական դաշտում դոմինանտ ուժերից մեկը ձեւավորելու առաքելությունը։ Արտաքուստ անգամ զվարճալի էր, թե ինչպես էր դա արվում. արդյունաբերողներին, հողագործներին, մանր սեփականատերերին համախմբել ՀՀՇ-ի շուրջ, հետո ընդհակառակը՝ ՀՀՇ-ականներին հավաքագրել նրանց շուրջ, հետո դարձյալ վերադարձ ի շրջանս յուր։ Բայց գոյություն ունի նաեւ օբյեկտիվ բացատրություն, թե ինչու էր Տեր-Պետրոսյանը ձախողվում լիբերալ արժեքներ դավանող դոմինանտ ուժը ստեղծելիս։

Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ստեղծել է ընդամենը երեք գաղափարախոսություն՝ կոնսերվատիզմ, լիբերալիզմ, սոցիալիզմ։ Գաղափարախոսությունները անհատի եւ հասարակության փոխհարաբերությունների պրիզմայով կարգավորում են կյանքի ընթացքը։ Իսկ կյանքը պարզ լինի թե բարդ, համենայնդեպս մարքսիզմի աստիճան պրիմիտիվ չէ, որ տնտեսությունը լինի բազիս, հասարակական կյանքի մնացյալ ոլորտներն էլ վերնաշենք, մի երկու արտադրամիջոցի սեփականատեր փոխելիս էլ մարդկությունը երջանկանա։ Մինչդեռ, Հայաստանում գործող եւ իրենց լիբերալ համարող ուժերը, անգամ դրանց լիդերները ինչպե՞ս են մտածում։ «Խորհրդային ռեժիմը սոցիալիզմի մարմնավորումն էր եւ հենվում էր հանրային սեփականության վրա։ Եթե ես մերժում եմ հանրային սեփականատիրությունը եւ ընդունում մասնավորը, ինքնաբերաբար, ես մերժում եմ սոցիալիզմը եւ դառնում եմ լիբերալ»։ Դեռ մի կողմ թողնելով, որ երկրում հաստատված ռեժիմը չի կարող պայմանավորվել գաղափարախոսությամբ, ուղղակի հարց տանք, որեւէ մեկը քրիստոնեություն մերժելով դառնո՞ւմ է հուդայական կամ մահմեդական։ Իհարկե՝ ոչ։ Քրիստոնեություն մերժելով՝ դառնում ես ընդամենը anti-crist, նույն կերպ էլ խորհրդային ռեժիմը մերժողները դառնում են ընդամենը anti-Soviet։ Այնպես որ, Հայաստանում չկան լիբերալիզմի գաղափարախոսներ կամ գաղափարակիրներ, կան ինքնաբերաբար լիբերալ դարձողներ կամ լիբերալիզմի երկրպագուներ։

Եվ երկրորդ պատճառը, ինչն օբյեկտիվորեն թույլ չէր տալու, որ լիբերալ արժեքներ դավանող կուսակցությունը ունենա լայն սոցիալական հենարան, անհաղթահարելի խոչընդոտներ: Գաղափարախոսությունների հաստատումը հասարակական գիտակցության մեջ տասնամյակների խնդիր է։ Մինչդեռ հայաստանցիները լիբերալիզմի հետ ծանոթացել են ընդամենը մի քանի տարի, այն էլ՝ խեղումներով եւ վուլգար դրսեւորումներով։ Դժվար թե Տեր-Պետրոսյանն այսքանը չէր գիտակցում, պարզապես նա իշխանության էր եկել լիբերալիզմի դրոշի ներքո եւ չէր կարող այլ արժեքների հարել։

Կարեն Սերոբիչի ֆուրորը

karen demirchyan

Հայաստանցիներին առավել ծանոթ գաղափարախոսությունն իհարկե սոցիալիզմն է։ Այդ գաղափարախոսության նշանաբանը «Հասարակության շահը վեր է առանձին անհատների շահերից եւ կամքից» ձեւակերպումն է եւ բացատրելի (մի օրինաչափությամբ) մի օրինաչափությամբ ճգնաժամերում հայտնված հասարակություններում սոցիալիզմի հետեւորդների թիվն աճում է, որովհետեւ որեւէ անհատ անկարող է դառնում միայնակ դիմագրավել կյանքի դժվարությունները։ Այնպես որ, դժվար չէ պատկերացնել, թե սոցիալիզմի գաղափարախոսությամբ որեւէ կուսակցություն Հայաստանում ինչ լայն հենարանի կարող էր հավակնել։ Անշուշտ, մեզանում սոցիալիստական ուժեր, ասենք նույն դաշնակցականները, Արամ Սարգսյանը եւ ավելի անհայտները։ Բայց նրանցից որեւէ մեկը չուներ առաջնորդ, ով հասարակական գիտակցության մեջ այդ գաղափարախոսության կրող ընկալվեր։ Կարեն Սերոբիչի քաղաքական ասպարեզ իջնելով սոցիալիզմի հասարակական պատվերին գումարվեց ակնկալություններն իրականացնելու ընդունակ առաջնորդի կերպարը։ Եվ, իհարկե, եղավ աղմկալից հաջողություն։

Որքան էլ Կարեն Սերոբիչին իրենց քվեները տված հայաստանցիները դժգոհեին, որ նա չընտրվեց երկրի նախագահ, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ երկրի քաղաքական զարգացման համար դա բարենպաստ հետեւանք ունեցավ։ Կարեն Սերոբիչը ստեղծեց կուսակցություն, որը 1990-ից ի վեր երեւի թե առաջին անգամ ռեալ թեկնածու է դոմինանտ քաղաքական ուժ դառնալու։

Իսկ անկյունաքարային կուսակցության գոյությունը արդեն գրավական է քաղաքական դաշտի կարգավորման եւ առաջընթացի՝ դեպի երկկուսակցական քաղաքական համակարգ։ Երբ կա պոզիցիա, վաղ կամ ուշ ձեւավորվում է օպոզիցիա։ Եվ ինչպես էլ վերաբերվենք սոցիալիզմի գաղափարախոսությանը, Կարեն Սերոբիչի անձին կամ նրա ստեղծած կուսակցությանը նրանց գոյությունը երկրի քաղաքական դաշտում միայն պետք է ողջունել, որովհետեւ դա հույս եւ հեռանկար է տալիս, որ լիբերալ ուժերը առաջիկա մի քանի տարում նույնպես զորեղ եւ կայուն մի կուսակցություն կձեւավորեն՝ իբրեւ օպոզիցիա առայժմ հաղթարշավ տոնող սոցիալիզմի երկրպագուներին։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728